23.02.2017 18:53

Զուրաբյան. Մարտի 1-ի հանրահավաքը ընտրությունների հետ որեւէ առնչություն չունի

Զուրաբյան. Մարտի 1-ի հանրահավաքը ընտրությունների հետ որեւէ առնչություն չունի

iLur.am-ը մարտի 1-ին սպասվող հանրահավաքի, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջիկա քարոզարշավի եւ հիմնական քաղաքական ուղերձների մասին զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի հետ:

 

Մարտի 1-ին հանրահավաք-երթ է հրավիրված, եւ նախորդ տարիների համեմատությամբ, կարծես թե ձեւակերպումների փոփոխություն կա՝ եթե նախկինում այդ օրը նշվում էր որպես 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի օր, ապա այժմ այն դարձել է նաեւ պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների զոհերի հիշատակի միջոցառում: Իմաստային որեւէ փոփոխություն կա՞:

Իրականում՝ ոչ մի բան փոփոխված չէ: Եթե հիշում եք, նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ մենք հանդես եկանք այդ գաղափարով, որը հետո դարձավ օրենսդրական նախաձեռնություն, որ այդ օրը հռչակվի պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների բոլոր զոհերի հիշատակի օր: Այսինքն՝ մենք ավելի խորը սիմվոլիզմ ենք դնում այս օրվա մեջ: Մենք ասում ենք, որ պետությունը ժողովրդավարական երկրում իրավունք չունի ձեռք բարձրացնել սեփական քաղաքացիների վրա, որոնք ընդամենն իրագործում են իրենց սահմանադրական իրավունքները: Մենք այդ նախաձեռնությամբ հանդես եկանք Ազգային ժողովում, եւ իշխանությունները, ինչպես միշտ, «բարեհաջող» կերպով տապալեցին այն: Բայց ես վստահ եմ, որ այն օրը, երբ Հայաստանում հաստատվի ժողովրդավարություն, Մարտի 1-ը պետականորեն հռչակվելու է այդպիսի օր: Մեզ համար եւ հայ ժողովրդի՝ դա արդեն այդպես է: Սա արդեն, եթե ուզում եք իմանալ, օրենքի ուժ ունի՝ ավելի լեգիտիմ, քան այս Ազգայի ժողովի կողմից ընդունված օրենքները:   

Մարտի 1-ի հանրահավաքին առաջիկա ընտրութունների հետ առնչվող ելույթներ, ուղերձներ լինելու՞ են:

Բացառվում է: Ուզում եմ միանգամից ասել, որ սա ընտրական գործընթացների հետ որեւէ առնչություն չունի եւ երբեք չի էլ ունեցել: 2009-ից սկսած՝ Հայ ազգային կոնգրեսը նշում է այդ օրը, 2013-ից սկսած՝ դա արդեն դարձել է ՀԱԿ-ՀԺԿ կուսակցությունների ավանդական հավաքը, եւ մենք ոչ միայն երբեք դրա մեջ նախընտրական իմաստ չենք դրել, այլեւ որեւէ մեկին թույլ չենք տա, որ Մարտի 1-ի արդար դատի խնդիրն օգտագործի նախընտրական նպատակներով: Սա հիշատակի օր է, ժողովրդի գնդակահարման հիշատակի տխուր օր է, եւ մենք հավաքվում ենք ամեն Մարտի 1-ին մեկ նպատակով՝ հարգել զոհերի հիշատակը եւ ցուցադրել Հայաստանի իշխանություններին եւ ամբողջ աշխարհին, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա երբեք մարսել Մարտի 1-ը եւ կամք ունի վերականգնելու ժողովրդավարությունը Հայաստանում:

Նախորդ տարվա մարտի 1-ի հավաքին, քաղաքացիական անձանցից, բուն հավաքի մասնակիցներից բացի՝ ծաղիկներ կային նաեւ երթը հսկող ոստիկանների ձեռքերին, եւ նրանք երթի մասնակիցների հետ միասին ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի առաջ՝ ի հիշատակ զոհերի: Ըստ ձեզ՝ ինչ է նշանակում այդ քայլը: Արդյո՞ք դա իշխանությունների կողմից համերաշխության եւ զղջման անկեղծ դրսեւորում էր, թե՞ արդարադատությունն ինչ-որ սիմվոլիկ քայլով փոխարինելու մղում:

Ճիշտ եք նկատում, դա արդարադատությունը փոխարինելու ժեստ էր, որը, իհարկե, մեր կողմից չի կարող ընդունվել: Արդարադատությունը ոչնչով փոխարինել հնարավոր չէ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատժվեն, բոլորը՝ կազմակերպիչները, իրագործողները, եւ ծաղիկ դնելով՝ ոչ ոք պատասխանատվությունից չի փախչի: Բայց, մյուս կողմից՝ մերժել դա պետք չէ: Այնուամենայնիվ, դա մի ժեստ էր, որը ցույց է տալիս, որ ոստիկանությունն ընդունում է իր մեղավորությունն ու մասնակցությունը: Ինչ-որ իմաստով ինքն էլ է ընդունում, որ Մարտի 1-ը իսկապես հիշատակի այն լեգիտիմ օրն է ողջ երկրի համար, ինչի մասին ես խոսեցի վերեւում:

Արդեն հաջորդ շաբաթվա վերջին կմեկնարկի քարոզարշավը: Դուք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբի պետն եք: Ի՞նչ մարտավարություն է ընտրել դաշինքը, ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվելու քարոզարշավի ընթացքում՝ դաշինքի հիմնական ուղերձները հասարակությանը լավագույնս հասցնելու համար:

Մենք ապրում ենք մի դինամիկ աշխարհում, որտեղ ինֆորմացիոն տեխնոլոգիաները փոխվում են ամեն օր, նոր հնարավարություններ են առաջ գալիս, եւ աշխարհի ժամանակակից զարգացումն ինչ-որ իմաստով բերել է մի իրավիճակի, երբ թվում է, թե կոմունիկացիայի տեխնոլոգիան դարձել է առաջնային: Ինչ-որ հաշվարկված սկանդալներ, հետաքրքիր հնարքներ ինտերնետում եւ սոցցանցերում, սադրիչ վերնագրեր եւ այլն, շատերին թվում է, թե քաղաքական քարոզարշավը կարելի է կառուցել միայն նման սկանդալների, աղմուկ առաջացնող վերնագրերի տեղատարափի միջոցով: Անկեղծ ասած, դրա համար հիմքեր կան: Թեկուզ նույն՝ «Բրեքզիթ»-ի կամ Թրամփի ընտրարշավի օրինակները ցույց տվեցին, որ այդ տեխնոլոգիաների կիառումը կարող է արդյունք բերել, հատկապես՝ որ քաղաքական ուղերձը ձեւավորվում է ըստ խմբերի, ճաշակների եւ կարիքների: Մենք եւս, անշուշտ, ուսումնասիրել ենք այդ տեխնոլոգիաները եւ կիրառելու ենք: Բայց  պետք է բոլորին մի կարեւոր մոլորությունից փորձեմ հետ պահել. ինչքան էլ որ տեխնոլոգիաները կարեւոր լինեն, դառնան առանցքային, ինչքան էլ որ ամեն օր առաջացող նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են տալիս, ոչինչ չի կարող փոխարինել ուղերձի բովանդակությանը: Ցավոք, մեր քաղաքական դաշտի ամենամեծ սխալն այն է, որ փորձում են զբաղվել հասարակության կարծիքի վրա ազդելու տեխնոլոգիաների վրա, բայց ոչ ոք չի մտածում ուղերձի բովանդակության մասին: Այ այստեղ, իմ կարծիքով, մենք շատ լրջորեն տարբերվում ենք բոլոր քաղաքական ուժերից:

Բայց բավական տարածված կարծիք կա, որ ձեր ուղերձն էլ չափազանց ոչ պոպուլյար է պատերազմող երկրի համար, երկիր, որտեղ տասնամյակներով պատերազմական դիսկուրսն է առաջ մղվել, եւ գուցե շատ ավելի ընկալելի ու ձեռնտու կլիներ շեշտը դնել սոցիալական խնդիրների վրա ՝ աշխատատեղեր, կենսաթոշակներ եւ այլն:

Դուք ասացիք՝ պատերազմի դիսկուրս է մղվել, իրականում, դիսկուրս չի մղվել, այլ՝ միակողմանի պրոպագանդա: Դիսկուրսը նշանակում է մի հարցի շուրջ տարբեր տեսակետների բախում, ինչը, կարելի է ասել, Հայաստանում երբեք չի եղել, որովհետեւ, նախ, իշխանությունները ստեղծել են մի ավտորիտար համակարգ, որն ամբողջությամբ ենթարկվում է Բաղրամյան 26-ի դիրեկտիվներին: Այս ընտրությունները հնարավորություն են հենց նման դիսկուրս ստեղծել, ինչպիսին կա, օրինակ, Իսրայելում, որտեղ ընտրություններից առաջ պատերազմի եւ խաղաղության կուսակցությունները բանավիճում են: Ես ուզում եմ հստակ ասել մեր քննադատներին, որ մեր ասածը պացիֆիզմի, պարտվողականության հետ ոչ մի աղերս չունի: Մենք չենք հռչակում սեփական հայրենիքի պարտության կարգախոսը, ինչպես արեցին բոլշեւիկները: Հակառակը, երբ անմիջական ռազմական վտանգը կախվում է մեր երկրի վրա, մենք կոչ ենք անում մի կողմ թողնել բոլոր հակասությունները եւ համախմբվել հայրենիքի պաշտպանության գործի շուրջ: Եթե հիշում եք, 2008-ի մայիսի 2-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված Համաժողովրդական շարժման ու իշխանությունների կոնֆրոնտացիայի պիկի շրջանում, երբ մթնոլորտն ամբողջովին թունավորված էր, երբ հարյուրավոր մարդիկ բանտերում էին, եւ Մարտի 1-ի ողբերգության հետեւանքները՝ թարմ, Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե ռազմական վտանգ լինի, առաջինը կոչ կանի իր համախոհներին՝ պաշտպանելու երկիրը: 2016-ի ապրիլի 2-ին նույնը եղավ, նույնը լինելու է նաեւ ապագայում: Բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք չունենք քննարկելու ռազմավարությունը: Ավելին՝ դատապարտված է այն հասարակությունը, որը կուրացած, առանց ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վերլուծության, զուտ պրոպագանդայի ազդեցության տակ, ճիշտ ռազմավարություն չի փնտրում: Մենք առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի պահպանության եւ 1994-ի մեր հաղթանակի ամրապնդման ճանապարհը: Մենք վստահ ենք, որ մինչեւ մեր ռազմական հաղթանակը չամրապնդվի խաղաղությամբ, այն վտանգված կլինի: 1998-ին Հայաստանի ռազմական հզորությունները մի քանի անգամ գերազանցում էին Ադրբեջանին: Այսօր պատկերը փոխվել է, եւ դա է թույլ տալիս Ադրբեջանին կատարել այնպիսի լկտի ագրեսիա, ինչպիսին տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Ցավոք սրտի, ժամանակն ապացուցեց Տեր-Պետրոսյանի ասածի ճշմարտացիությունը, որ ստատուս-քվոն պահելու ռազմավարությունը դատապարտված է: Այս ընթացքում մենք մսխել ենք հաղթանակը, այս ընթացքում Հայաստանի ռազմական ծախսերը Ադրբեջանի հետ համեմատության մեջ դարձել են չնչին թիվ: Այսօր Ադրբեջանը մոտ 10 անգամ ավելի շատ ռազմական ծախս է անում: Ինչքան էլ նրանք ապաշնորհ ու կոռումպացված լինեն ու ինչքան էլ մենք կազմակերպված լինենք (որը չենք), սա մնում է փաստ: Ես համամիտ եմ Սամվել Բաբայանի այն հարցադրան հետ, թե՝ ինչպե՞ս պետք է մեր տղաները դատարկ ձեռքերով կռվեն հակառակորդի զենքերի դեմ: Մենք այստեղ շատ լուրջ խնդրի հետ ենք բախվում, որի լուծումն այսօր, ըստ էության, գոյություն չունի ստատուս-քվոյի պահպանման մեջ: Տեսեք՝ տնտեսական այս փոսից դուրս գալու համար Հայաստանը պետք է տարեկան առնվազն 6-7 տոկոսի աճ ապահովի:  Բայց անգամ եթե տեսականորեն այդ աճն ապահովվի, միայն 10 տարի հետո մենք կկարողանանք կրկնապատկել մեր ռազմական ծախսերը, որոնք արդեն մեր ՀՆԱ 4%-ն են կազմում: Համեմատութան համար՝ բարգավաճող եվրոպական երկրները հրաժարվում են ՀՆԱ 2%-ի չափով ռազմական ծախսեր կատարելու իրենց միջազգային պարտավորությունից, ինչն  առաջացրել էր Թրամփի վարչակազմի լուրջ քննադատությունը: Նրանք իրենց համար ծանր են համարում այդ 2 տոկոսի ծախսը, իսկ մենք տարիներ շարունակ ծախսում ենք մեր խիստ համեստ միջոցների 4%-ը: Այսինքն, տարիներ շարունակ բարձր տնտեսական աճ ունենալու դեպքում անգամ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ եղած՝ ռազմական ծախսերի ահռելի տարբերությունը շարունակելու է մեծանալ: Սա նշանակում է, որ ստատուս-քվոյի պահպանման ռազմավարությունը գոյություն չունի: 1998-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականը կապված է նաեւ նրա հետ, որ իր ընդդիմախոսները պնդում էին, թե կարող են զարգացնել երկրի տնտեսությունը ստատուս-քվոյի պայմաններում: Նա հնարավորություն տվեց այդ ուժերին՝ փորձելու այդ տարբերակը: 18 տարի է անցել, իսկ իրավիճակն ավելի է վատացել: Անգամ զարգացման լավագույն եւ բավական ֆանտաստիկ հեռանկարների իրականացման դեպքում իրավիճակը դրական հանգուցալուծման հասցնել հնարավոր չէ: Հիմա՝ պե՞տք է զարգացնել այս դիսկուրսը, թե՞ պետք չէ: Մենք պե՞տք է հասկանանք, որ ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը մեզ տանում է դեպի աղետ, թե՞ չէ:

Օրերս բարձրաստիճան սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, որի զգալի մասը նվիրված էր հենց պատերազմի ու խաղաղության խնդիրներին: Ըստ էության, նա ասաց, որ պետք է շարունակել ավելացնել սպառազինությունների ծավալը՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, եւ որ խաղաղության անվերապահ ձգտումը կարող է դիտվել Ադրբեջանի կողմից որպես թուլության նշան:

Մենք էլ չենք ցանկանում, որ խաղաղության ձգտումն ընկալվի որպես թուլության նշան: Բայց ես շատ լավ հիշում եմ, որ 90-ականների սկզբին եւս մեր խնդիրը եղել է խաղաղության հասնելը: Մենք ամեն օր խոսում էինք խաղաղության հասնելու մասին: Դա մեզ ապահովում էր միջազգային աջակցություն, դա ցույց էր տալիս, որ խաղաղությունը հնարավոր է, որ մենք ագրեսոր չենք եւ իսկապես ձգտում ենք խաղաղության: Ադրբեջանը չէր հաշտվում դրա հետ, եւ բոլոր այդ շրջանները, որոնք գրավվեցին ԼՂ-ից դուրս, գրավվել են հենց Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու նպատակով: Մենք պետք է գնանք խաղաղության, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Երբ մենք անհաշտ կեցվածք ենք ընդունում՝ պետական քաղաքականություն դարձնելով «ոչ մի թիզ» կոնցեպցիան, դա ավելի ագրեսիվ է դարձնում Ադրբեջանին, եւ այլ տարբերակ, քան ռազմական լուծումն է, չի թողում: Ադրբեջանը շատ լավ գիտի, որ անգամ իրենց համար հաջող պատերազմը ահավոր ավերածություններ ու կորուստներ է բերելու, որի տակից շատ դժվար է լինելու դուրս գալ: Մենք ուժեղ ենք, մենք միջոցներ ունենք՝ Ադրբեջանին ծանր կորուստներ պատճառելու, բայց պետք է բացել խաղաղության դուռը, սա բացարձակապես թուլության հետ կապ չունի: Շատ վատ է, որ խաղաղության մասին խոսակցությունը մեր իշխանությունների կողմից ընկալվում է որպես թուլության նշան ցույց տալու խնդիր: Բայց լավ է, որ գնալով՝ այս ընտրությունների խոսակցության հիմնական թեման դառնում է ղարաբաղյան կարգավորման հարցը, որովհետեւ եթե նախորդ մի քանի ընտրությունների շրջանում հնարավոր էր խուսափել այս թեմայից, քանի որ թվում էր, թե հրդեհը շատ մոտ չէ, հիմա արդեն կարելի է ասել՝ հրդեհը սկսել է, եւ դրա մասին այլեւս չխոսել հնարավոր չէ: Ցավոք սրտի, այս իշխանությունները սկսեցին տեսնել դա միայն վերջերս: Թող իրենք իրենց քարոզչությունը տանեն: Կարծում եմ՝ իրենց 18 տարվա գործունեությունն իրենց քարոզչության լավագույն հերքումն է: Կարծում եմ, որ մեր հասարակության համար իսկապես լրջանալու պահն է, պահն է՝ լսելու ե՛ւ մեր, ե՛ւ իշխանությունների փաստարկները, եւ ճիշտ ընտրություն կատարելու:

Վերադառնանք քարոզարշավին առնչվող հարցերին: Կխնդրեմ որոշ մանրամասներ ներկայացնել քարոզարշավին վերաբերող ծրագրերից:

Քարոզարշավին վերաբերող ծրագրերի վրա աշխատանքը դեռ շարունակվում է, հիմա չեմ ուզենա մտնել դետալների մեջ, բայց մեր ուժը միշտ եղել է անմիջական շփումների մեջ, մենք ասելիք ունենք, 5 տարվա ընթացքում խորհրդարանում աշխատանք ենք կատարել, եղել ենք այս իշխանությունների ամենաանխնա քննադատողը: Ժողովուրդը տեսել է մեր գործը եւ վստահում է մեր խոսքին, ժողովուրդը տեսել է, որ ՀԱԿ խմբակցության առանցքը կազմող Կոնգրես եւ ՀԺԿ կուսակցություններն են, որ միշտ չարաշահումների դեմ պայքարը առաջ են մղել: Մենք սրա՛ մասին պետք է խոսենք մեր անմիջական զրույցների ժամանակ: Մենք միակն ենք եղել, որ դուրս ենք եկել իշխանությունների վերարտադրմանն ուղղված սահմանադրության նախագծի դեմ, միայն մենք ենք ընդդիմացել «1000 դրամների» ամոթալի նախագծին: Միայն մենք ենք եղել, որ ճշմարտությունը վեր ենք դրել մեր քաղաքական նպատակներից: Վերջին ապացույցն այն է, ինչ մենք հիմա անում ենք՝ գերադասելով խոսել ԼՂ հակամարտության հարցում առկա վտանգների մասին, քան մտածել, թե դա կարող է մեզ վնաս բերել: Մեր զենքը լինելու է ճշմարտությունը: