23.02.2017 20:10

Կարինե Յարալյան. Անհասկանալի է խաղաղության պահանջի բացակայությունը

Կարինե Յարալյան. Անհասկանալի է խաղաղության պահանջի բացակայությունը

Կարինե Յարալյանը Ֆեյսբուքում գրում է.

«Արդեն սովորական է դարձել, որ ՖԲ բացում ու տեսնում ես «հայրենասիրական» ճառերի մի շարք, որոնց մի մասը ինչ-որ խրատական բովանդակության են, մյուսը՝ ամոթանքն է, ուղղված խաղաղություն ցանկացող «դավաճաններին», երրորդն էլ՝ մարդու երևակայական հնարավորությունների կուլմինացիան է: Ասում ես, դե լա՛վ, հավես չկա, չարձագանքեմ, դե հիմա կարծիք է: Ու մեկ էլ երբ News Feed-իդ հաջորդ նորությունը լինում է այն, որ այսօր կլրանար ապրիլյան պատերազմի այս հերոսի 21-ը, մյուսի 20-ը ու այդպես շարունակ, մի տեսակ այլևս դիմանալ չի լինում: Տեսնում ես, որ հայտնվել ես մի հասարակության մեջ, որտեղ ամբողջ արժեհամակարգը տակնուվրա է եղել, որտեղ մարդիկ, ում երեխաները վաղուց արդեն արտասահմանում են, տարբեր ձևերով ազատված են, զբաղեցրել են բոլոր հնարավոր ու անհնար անվճար տեղերը, ամենաշատն են գոռում հերոսաբար զոհվելու, կյանքը հանուն հայրենիքի տալու մասին: Մյուսներն էլ, որոնք խաղաղության ցանկության պատճառով արդեն դավաճանի կարգավիճակում են, սուսուփուս ծառայում, զուհվում ու վիրավորվում են: Ու սա ամենամեծ անբարոյականությունն է, որն այսօր մեր մեջ կա: Ու ամենահետաքրքիրն այն է, որ խաղաղություն պահանջող մասը այդ բանավեճերի ժամանակ ամաչում է շրջվի ու մի հատ հարցնի՝ բա դու՞ք. կպարզվի, որ այդ հարցի բարոյական իրավունքը դու չունեիր ու վիրավորեցիր մարդուն, որն արդեն խնդիր ունի, քանի որ իր երեխան հոգեբուժարանում հաշվառման մեջ է, կամ էլ կպարզվի, որ այդ հարցի իրավունքը չունեիր, որովհետև հենց իր որդու ուսերին է դրված մեր գիտության հետագա զարգացման առաքելությունը: 
Անբարոյականություն է մարդուն ասել, որ ԵՍ ծնվել եմ ապրելու, իսկ ԴՈՒ՝ զոհվելու համար: Անբարոյականություն է մարդկանց խաբել, որ պատերազմից բացի այլ ճանապարհ չկա: Անբարոյականություն է պատերազմական վիճակը դարձնել նորմա ու այն ժառանգել արդեն մեր թոռներին: Նորմալ երևույթ չէ տարիներ շարունակ վախի, տառապանքի անհայտության մթնոլորտում կյանքը: Վատ է, երբ «տղա չունենալու» անհասկանալի «դժբախտությունը» վեր է ածվում «միայն աղջկա ծնող լինելու» ներքին հանգստության: Սխալ է առաջնորդվել ու հպարտանալ միայն «պահեցինք» եզրույթով, որովհետև պահելուն անպայման պետք է հետևի կառուցելու ու զարգացնելու փուլը: Անհասկանալի է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ բացակայությունը, որովհետև արդեն 21-րդ դարում շարունակվող շուրջ 20-ամյա պատերազմը նորմալ, առողջ հասարակության կողմից արդեն պետք է որ գիտակցվեր ոչ թե որպես հաղթանակ, այլ որպես խայտառակության»: