28.02.2017 12:01

Հարութ Ուլոյան. Իշխանություններին ԱԺ-ում «հարկավոր» են ոչ թե Արցախի հարցը լուծողներ, այլ ստատուս քվոյի ջատագովներ

Հարութ Ուլոյան. Իշխանություններին ԱԺ-ում «հարկավոր» են ոչ թե Արցախի հարցը լուծողներ, այլ ստատուս քվոյի ջատագովներ

Ապրիլյան քառօյա պատերազմից հետո կայացած Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը տարբեր քարոզչամեքենաների կողմից մինչ այժմ ներկայացվում է որպես «գործարք», որի «գաղտնազերծված» նպատակը գալիք ԱԺ ընտրություններում Կոնգրեսի համար «տաքուկ» տեղերի ապահովումը պիտի լինի: Եթե մինչ նախընտրական «թեժ» ժամանակահատվածը նմանատիպ խոսակցությունները տարվում էին զուտ բամբասանքի մակարդակով, ապա այժմ այդ խոսակցությունները վերածվել են «վերլուծությունների»:

Եթե մինչ այս այդ խոսակցությունները հիմնավորվում էին «հավաստի աղբյուրներով», ապա այժմ «վերլուծություններն» արվում են «ռեալպոլիտիկի» սկզբունքների հիման վրա: Տեսնելով, որ «հավաստի աղբյուրներ», «նախագահականի դաբռո» պարունակող խոսակցությունները հասարակության կողմից արձագանք չեն գտնում, վերլուծագանգերն սկսել են Տեր-Պետրոսյան-Սարգսյան «գործարքը» «վերլուծել» «գիտական» տեսանկյունից, այսինքն` այդ «վերլուծություններն» արվում են` ելակետ ընդունելով ներկայիս իշխանությունների զուտ կենսական շահերը:

Համարելով, թե, իբր, ներկայիս իշխանությունների գլխավոր քաղաքական շահը  Արցախի հարցի լուծումն է, վերլուծագանգերը պնդում են, որ իշխանություններին միանգամայն ձեռնտու է Կոնգրեսի «պատկառելի» ներկայությունը ապագա գումարվելիք ԱԺ-ում, քանի որ Արցախի հարցի լուծման ժամանակ վերջինս «անփոխարինելի» հենարան կծառայի իշխանությունների համար: Ըստ այդմ՝ վերլուծագանգերը եզրակացնում են, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չպիտի «խանգարի» Կոնգրեսին, ինչպես անում էր այլ ընտրությունների ժամանակ, այլև ամեն կերպ պիտի «աջակցի» վերջինիս: Այսինքն, ըստ վերլուծագանգերի, իբր, Կոնգրեսն այժմ այդքան էլ ընդդիմադիր չէ, ինչպիսին որ փորձում է ներկայանալ, կամ գոնե ՀՀԿ-ի համար նա այդպիսին այժմ չի դիտվում:

Իհարկե, առաջին հայացքից՝ ներկայացվող ռեալպոլիտիկի տրամաբանությունը կարող է և ճշգրիտ է, սակայն ողջ խնդիրն այն է, որ հենց ներկայացվող ռեալպոլիտիկն է թվացյալ ու կեղծ: Իրականում ներկայիս ընթացող ռեալպոլիտիկը վերլուծագանգերի կողմից ներկայացվող ռեալպոլիտիկի հակապատկերն է: Ներկայիս ռեալպոլիտիկն ընթանում է ոչ թե Արցախի հարցը լուծելու, այլ, ընդհակառակը, ներկայիս ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ, որի լավագույն ապացույցը կառավարության կողմից ընդունված «ազգ-բանակ գաղափարախոսությունն» ու այդ «գաղափարախոսության» հիմնաքար հանդիսացող «1000 դրամների» օրինագիծն է:

Ինչպես հայտնի է, ընտրություններին մասնակցող միակ առանցքային ուժը, որը հրապարակայնորեն կտրականապես դեմ է արտահայտվել այդ «գաղափարախոսությանն» ու դեմ է քվեարկել թե՛ կառավարության ծրագրին, թե՛ «1000 դրամների» օրենքի նախագծին՝ Կոնգրեսն է: Եթե, այնուամենայնիվ, ճգրիտ է այն պնդումը, որ ապագա գումարվելիք ԱԺ-ում ներկայիս իշխանություններին Արցախի հարցում «հուսալի» հենարան է պետք լինելու, ապա այդպիսի հենարան դառնալու հավակնություն ունեն «ազգ-բանակ» գաղափարախոսությունն ու «1000 դրամների» օրինագիծը ընդունած, այսինքն` ստատուս քվոն պաշտպանող, ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը, բացի Կոնգրեսից:

Այսինքն` ներկայիս իշխանություններին ԱԺ-ում «հարկավոր» են ոչ թե Արցախի հարցը լուծողներ, այլ, ընդհակառակը՝ ստատուս քվոյի ջատագովներ: Այսինքն, վերջին հաշվով՝ մենք կրկին բախվում ենք պատերազմի և խաղաղության երկընտրանքին: Իսկ խաղաղություն, առայժմ, խոստանում է միայն Կոնգրեսը: