01.03.2017 10:30

Քրիստինե Խանումյան. Նա, ով պատերազմ է տեսել, միշտ ամենաշատն ու ամենաառաջինը խաղաղություն է ցանկանում

Քրիստինե Խանումյան. Նա, ով պատերազմ է տեսել, միշտ ամենաշատն ու ամենաառաջինը խաղաղություն է ցանկանում

Նա, ով պատերազմ է տեսել, երբեք նոր պատերազմ չի ուզում: Որովհետեւ գիտի պատերազմի արհավիրքներն ու տեսել է դրա սարսափները:

Նա ով մասնակցել է պատերազմին, միշտ պատրաստ է նորին, բայց ատում է պատերազմը, հետեւաբար խուսափում է նորից, որովհետեւ հասկանում է, որ պատերազմը վերջին միջոցն է, որ պատերազմի գնում են միայն այն ժամանակ, երբ սպառվել են մյուս բոլոր` խաղաղ միջոցները:

Նա, ով պատերազմ է տեսել, նա, ով մարտի դաշտում տեսել է ընկերոջ մահն ու միշտ պատրաստ է եղել զոհել իր կյանքը, պատերազմ չի ցանկանա, որովհետեւ գիտի արժեվորել ուրիշի, հատկապես ջահել զինվորների կյանքը:

Նա, ով պատերազմ է տեսել, միշտ ամենաշատն ու ամենաառաջինը խաղաղություն է ցանկանում:

Եւ ամենաշատը խաղաղություն է ցանկանում նա, ով հաղթել է, որովհետեւ ռեւանշի ձգտում են միայն պարտվածները, թույլերը, իսկ ուժերի դիրքերից խաղաղության ձեռք մեկնելը` անգամ եթե դիմացինն այդ ձեռքն օդում թողնի, միայն հզորության նշան է, որովհետեւ գիտի, որ եթե դիմացինը գնա ռեւանշի, ինքը համարժեք պատասխան է տալու, ու տալու է առաջին հերթին ինքը, հենց ինքը:

Խաղաղությունից խուսափում են միայն պարտվածները, որովհետեւ պարտվածի սինդրոմից ռեաբիլիտացվելու գերխնդիր ունեն եւ խաղաղության ձգտումը համարում են նոր պարտություն:

Եւ ամենավատն են նրանք, ովքեր երբեք պատերազմ չեն տեսել, երբեք ավտոմատին մոտիկ չեն եկել, ովքեր սահմանին չեն կանգնել, որովհետեւ ոչ միայն չեն կռվել, այլեւ չեն ծառայել, ու հիմա էլ սահմանին չեն, բայց ասում են` մեզ փոխզիջումային հաշտություն ու խաղաղություն պետք չէ, որովհետեւ դեռ նոր տարածքներ է պետք գրավել: Ու ամենասարսափելին այն է, որ «պետք է» ասողները այդ կոչը չեն անում սահմանից, եւ իրենց համար այդ տարածքները «պետք է» գրավեն 18-20 տարեկան զինվորները:

Դավաճաններ են բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր նոր տարածքներ գրավելու անհրաժեշտության մասին են խոսում, բայց իրենք առաջին քայլը չեն անում:

Ես պատերազմ տեսել եմ, ես տեսել եմ ռմբակոծություն, մահ, սարսափ, սով, Ստեփանակերտի բլոկադա, եւ ես խաղաղություն եմ ուզում: Բայց միայն մի դեպքում չեմ կարողանա հակադարձել նոր տարածքներ գրավելու մասին կոչ անողներին, եթե նրանք անցնեն ծառայության եւ որպես պայմանագրայիններ կանգնեն սահման պահելու:

Ու քանի դեռ իրենք հիմա, այսօր պատրաստ չեն զոհել իրենց կյանքը, ուրիշի կյանքի գնով տարածք գրավելու մասին իրենց կոչերն առվազն ստորություն են: Չէ, ոչ թե` եթե պետք լինի, հարկ լինի, երբ ժամանակը գա, այլ հիմա՛: Քանի դեռ իրենք հենց հիմա սահմանը ու մեր տարածքները հակառակորդից պահողը չեն, վաղվա համար ուրիշի կյանքը խաղադրույք անելու բարոյական իրավունք չունեն:

Հայրենասիրությունը մեծ-մեծ խոսելով չէ, հայրենիքը սիրում են ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ապագայում` գուցե, երեւի, հարկավ, այլ հիմա, այս պահից սկսած:

Երբ սահմանին կանգնած զինվորն ասում է` ինձ փոխզիջում պետք չէ, ես այստեղ եմ՝ սահմանին կանգնած, ու ես իմ կյանքի գնով կպահեմ այս հողը, ես գուցե համամիտ չեմ նրան, որովհետեւ չեմ ուզում, որ ինքը զոհվի, բայց հավատում եմ իրեն: Ու գիտեմ, որ ինքն իր խոսքի տերը կլինի: Գիտեմ, որ անկեղծ է:

Իսկ երբ դա ասում են արտերկրներում ապրած ու վերջերս Հայաստան ժամանած, երբեք բանակի երես չտեսած, բայց զինվորի կյանքի գնով քաղաքական դիվիդենտներ շահող քաղգործիչները, ես հասկանում եմ, որ բացահայտ դավաճաններն առավել նախընտրելի են, քան հայրենասիրական քողի տակ ծվարած արկածախնդիրները, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ պետությունը «որբի գլուխ չէ», որի վրա կարելի է վարսավիրություն սովորել:

Հ.Գ. Ու թող ասելիքս կոշտ հնչի, բայց պիտի շեշտեմ. «ոչ մի փոխզիջում» եւ «պետք է նոր տարածքներ գրավել» ասելու բարոյական իրավունք ունեն միայն նրանք, ովքեր այդ խոսքերն ասելուց առաջ կդառնան պայմանագրային զինծառայողներ եւ կգնան սահման պահելու: Իսկ զինվորի կյանքի հաշվին նման կոչ անողները` ընդամենը սովորական դավաճաններ են: