01.03.2017 14:22

Առաքել Թավրիզյան. Հայաստանի գարունը

Առաքել Թավրիզյան. Հայաստանի գարունը

Ի՞նչ է ասել Ադիբեկյանը... Ո՞վ է իշխանությանը գործնական, ով՝ պայմանավորված մրցակից. գարնան հետ մամուլի ուշադրության կենտրոնում այս եւ հարակից հարցերն են...

Սահմանին լարվածություն է, հակառակորդը զոհեր է տվել, բայց ոչ ոք չի փորձում գոնե հասկանալ՝ վաղն ի՞նչ է լինելու... Հասարակական-քաղաքական դիսկուրսի կենտրոնում մի հարց է՝ ո՞վ է լինելու իշխանություն, ո՞վ՝ ոչ: Ամեն ինչ հասկանալի է, անգետ է ժողովուրդը... Քաղաքական ուժերը հիմնականում բերում են իշխանության հետ համաձայնության խնդիր՝ ով, երբ, ինչպես կկարողանա: Ամեն ինչ ֆարս է, ընտրողին մնում է մի բան՝ կողմնորոշվել ավելի շատ տվողների միջեւ: Գերադասելի է, որ տալիքը փող լինի, թեկուզ՝ կոմունալ վճարների հատուցման տեսքով: Մնացածը՝ ինչպես կստացվի: Հայաստանի գարունն ուշանում է: Օդերեւութաբանական անոմալիա է՝ որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը չի բարձրանում: Ընդ որում՝ վերջին հարյուր տարվա ընթացքում նման արձանագրում չկա:

Հարյուր տարի առաջ Հայաստանը չգոյությունից պետություն դարձավ: Այդ տարի Արարատյան դաշտում սառնամանի՞ք է եղել, թե՞ ծառերը ժամանակին ծաղկել-բերքավորվել, եւ հայ գյուղացին փառավորվել է՝ պատմությունը ոչինչ չի ասում: Բայց դա օդերեւութաբանների թերացումը չէ... Մենք «տիեզերական ազգ» ենք, եւ ծիրանի, դեղձի, խաղողի բերքը մեզ այնքան էլ չի հուզում... Միայն թե ապրենք «համազգային գաղափարով»... Միայն թե հրճվենք, որ Հենրիկ Մխիթարյանը գոլային փոխանցում է արել, կամ Արթուր Աբրահամը ռինգում ինչ-որ մեկի, գերադասելի է՝ թուրքի մռութը ջարդել է... Մենք խենթանալու չափ հրճվում ենք «համաշխարհային հաղթանակներով» եւ չտեսնելու ենք տալիս օրվա առարկայական կորուստները՝ երբ մեզնից մեկը հեռանում է, լքում է երկիրը...

-Ամեն գնացողի փոխարեն ես երեք հոգի կբերեմ,- հոխորտում ենք: Եւ չենք հասկանում, որ եթե անգամ այդպես ստացվի՝ եկող երեքը մինչեւ դառնան ՄԵՐ իրական ՄԵԿԸ՝ գոնե քառորդդարյա ժամանակ է պետք:

Որ մի ծաղկած ծիրանին՝ Արարատյան դաշտում, շատ ավելին է, քան ենթադրյալ ներդրումների հաշվին վաղն ստեղծվելիք «ագրոֆերման»... Որ Հայաստանի գարունը գալիս է՝ երբ «հոգնած թեւերը քսելով ամպին՝ կրծքին դեռ խոնավ ծվենը նրա, արագիլն իջնում է Արաքսի հովտում եւ հանգստանում մի ոտքի վրա»... Արագիլները գարնանը գալիս, ամառնավերջին վերադառնում են: Նրանք գալիս են գարնան շնչի վրա: Գարունը մերն է, երկիրը մերն է, ծաղկած ծիրանենիները մերն են: Հայաստանի քաղաքական գարունը ծաղկած ծիրանու տակ՝ կանաչի վրա լավաշ հաց բացելու, պանիր եւ դաղձ ուտելու, մի բաժակ մաքուր գինի խմելու արժանապատվությունն է բերելու: Ուրիշ՝ ոչինչ... Ուրիշ՝ ոչինչ: