02.03.2017 16:48

Նախկիններն ու ներկաները

Նախկիններն ու ներկաները

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը մտավորականությանը խորհուրդ է տալիս կամ պահանջում, որ այլեւս չքծնի իշխանությանը։ Հետաքրքիր դիսկուրս է, որովհետեւ այդ ե՞րբ է եղել, որ հայ մտավորականը (սակավ բացառություններով) չի քծնել։ Անգամ մեր պատմիչներն են մեղադրվում պատմությունը հօգուտ պատվիրատու իշխանական տան շարադրելու համար։  Այդպես միշտ է եղել։ Իսկ սարսափելին այն է, որ Թումանյանն իր զավակներին դնում էր ի սպաս Անդրանիկի․․․  Երկու փաստ կամ զրույց է հիշվում։

1916 կամ հաջորդ թվին, կարեւոր չէ, Թիֆլիսի ինչ-որ գինետանը Շիրվանզադեն Անդրանիկին հարցնում է․ «Հայաստանն ազատագրեցի՞ք»: Եւ հայդուկապետն ապտակում է հայ գրողին։ 100 տարի անց ֆեյսբուքի հայ օգտատերն այդ հիշողությունը վերապատմում եւ հրճվում է․ «Այո, զորավարն (Անդրանիկն) ապտակելու սովորություն ուներ»։ Կարեւորվում է ոչ թե գրողի հարցը, որ նվազ հայրենասեր չէր, որովհետեւ նախընթաց շրջանում ե՛ւ հնչակյան կուսակցության, ե՛ւ ՀՅԴ գաղափարակիրն էր ու գաղափախոսն էր եղել, այլ՝ հայդուկապետի ապտակը․․․ Թեեւ, իրականում, գրողն էր իրավացի, որովհետեւ, Քաջազնունին է վկայում, երբ 1914-ին դրվել էր կամավորական ջոկատների հանդերձավորման, պարենավորման հարց, Անդրանիկը հավաստիացրել էր, թե առավոտյան Թիֆլիսում թեյ է խմելու, նույն օրն ընթրելու է Վանում, իր ինչի՞ն են պետք «ձմեռվա փափուջները»․․․

Երկրորդը Սիմոն Վրացյանի հուշն է Վահան Տերյանի մասին, երեւի՝ դարձյալ 1916 թվականից, երբ բանաստեղծը Երեւան էր եկել, որպեսզի կարգավորի զորակոչից իր ազատման հարցը։ Գրեթե Շիրվանզադեի նման՝ Տերյանն էլ հարցում է․ «Հը, ի՞նչ եղավ հայրենիքի փրկությունը»: Եւ արժանանում հանդիմանության, թե ինչու՞ չի ուզում զինվոր կամավորագրվել։ «Իսկ ինչու՞ էշ նահատակ դառնալ»,- հակադարձում է Տերյանը․․․

Հայ մտավորականությունը մեծ մասով տրված էր «ազատ, անկախ, միացյալ Հայաստանի կերտման» էյֆորիային եւ հիմնականում քծնում էր հայդուկապետերին, Թիֆլիսի ազգային խորհրդի նախագահին, «ապագա Հայաստանի կառավարությանը»։ Հետո նրանք քծնում էին հայ բոլշեւիկներին եւ միմյանց մեղադրում, որ կամավորական ջոկատների կազմում կռվել են ընդդեմ «թյուրք հեղափոխական» ժողովրդի․․․ Հետո ինքներն իրենց մեղադրում էին, որ «նացիոնալիստ են»․․․ Հետո քծնում էին հետստալինյան Հայաստանի կոմունիստ առաջնորդներին, բայց հարկ եղած դեպքում՝ նաեւ նրանց մատնում Մոսկվային․․․

1998 թվականից ի վեր մտավորականությունը քծնում է բոլորին, որ քաղաքականության մեջ հակաթուրքական են եւ Ղարաբաղի հարցում՝ «ոչմիթիզհողական»։ Դա նրանց օրվա ապրուստն է, կոչումների եւ պարգեւատրումների անխախտ պայմանը։ Լեւոն Խեչոյանը մի պատմվածք ունի՝ ինչպես են պետական ընդունելության սեղանից մի կողմ տանում, սպանում եւ աղբանոց նետում չքծնող մտավորականին։ Շիրվանզադեին հասցված ապտակն է հիշեցնում։

 ․․․Մտավորականությունը դասակարգ չէ, խավ չէ։ Նույնիսկ՝ անհատ չէ: Որակ է․․․

Վահան Թումանյան