02.03.2017 17:15

Լիզա Ճաղարյան. Չեղած բանից՝ Շարմազանով էդիկներ

Լիզա Ճաղարյան. Չեղած բանից՝ Շարմազանով էդիկներ

Քվորում չապահովվեց, եւ այսօր Ազգային ժողովի նիստը չկայացավ։

Առանց թվաբանության օգնությանը դիմելու էլ պարզ է, որ պատճառը հանրապետականներն են։ Եթե նույնիսկ մնացած խմբակցությունները միահամուռ բացակայեին, ապա միայն հանրապետականներով կարող էին հեշտուհանգիստ քվորում ապահովել։ Հենց այդ քվորումն ապահովող ձայների քանակը «ինչքան պետք է՝ այնքան խփելու» համար են տարիներ շարունակ հանրապետականները խորհրդարանական ընտրարշավի եւ բուն ընտրության օրը դիմել եւ դիմում հնարավոր ու անհնար անթիվ ապօրինությունների ու աղաղակող հանցագործությունների օգնությանը։ Որպեսզի հետագայում Շարմազանով Էդիկն իր ինքնագոհությունից պլպլացող դեմքը սրտնեղությունից կապտած հասարակության աչքը մտցնի պատեհ-անպատեհ։ Այսինքն թե՝ ինչքան ուզում եք պատեպատ զարկվեք, մենք մեր անձնական օգտագործման քվորումն ապահովել ենք, ու երբ հույժ անհրաժեշտ է մեզ՝ բերման ենք ենթարկում մեր անձնական օգտագործման ագրեսիվ ու կիսագրագետ մեծամասնությանը, մատիկով ցույց ենք տալիս հանուն երկրի փրկության քրտնամխած կոճակիկն ու ասում՝ հենց է՜ն վերեւում նստած երեքիցս մեկն ասի՝ քվեարկությու՛ն, ա՜յ է՛ս բանի վրա կդնես ա՜յ է՛ս մատիկդ ու կսեղմես, հասկացա՞ր։

Հասկանում են։ Մեկը հասկանում է մեկ անգամ ասելուց հետո, մյուսը՝ երեք անգամ ասելուց հետո, երրորդը՝ տասն անգամ ասելուց հետո... Եվ տարեցտարի, ամսեամիս, օրեցօր՝ այս «հասկացողների» մատիկների շնորհիվ Շարմազանով Էդիկի նմանների դեմքերն ավելի ու ավելի ինքնագոհ, պլպլան ու յուղոտ են դառնում։ Հեռուն տեսնող ջահել է Էդիկը. «շեֆի» հանդեպ սիրուց պեծին-պեծին տվող իր հայացքի առջեւ է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մտքի տիտանին վայել ասույթներ երկնում՝ մեկը մեկից ապշահար անող, եւ Գալուստի մտքի թռիչքների մառախլապատ, բայց խոստումնալից համայնապատկերին Էդիկը տեսնում է լուսապայծառ իր ապագան։

Այնպես որ, «մնացեք բարյավ»՝ ինչպես այսօր ասաց Շարմազանով Էդիկը, պարոնայք պատգամավորներ, այսօր ԱԺ նիստ չի լինելու, քանի որ իր հարազատ կուսակիցները գերզբաղված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանրապետականների վերարտադրման համար օդուջրի պես անհրաժեշտ քվորումի ապահովմամբ։ Մեկն իր հաղթական երթը խոչընդոտողի մռութն է ջարդում կամ եթե խոչընդոտողը դժվար է հասկանում՝ դանակն է մեջտեղ հանում «անձնական հողի վրա», մյուսը հետաքրքրվում է, թե կողքի շտաբում ինչքան փող են բաժանում, եւ ինքը շատ շտապ «ստավկեն» բարձրացնում է, երրորդը կացինն է սրում ու ատրճանակը յուղում՝ ի՞նչ իմանաս, խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար՝ բանը «անմեղ» ծեծուջարդով չավարտվեց, չորրորդը փող է տալիս քուչի տղերքին ու աղջկերքին, որ բաժանեն կիսաքաղց ու վստահելի խնամի-ծանոթներին, սրանք էլ դռնեդուռ ընկած՝ բնակիչներից «ու՞մ եք ընտրելու» հարցի տենչալի պատասխանն են մուրում ու դողացող ձեռքերով գրպաններում շոշափում փողի կապուկը. «Կվերցնի՞ ընտրակաշառքը, թե շան լափ կթափի գլխիս... Թեկուզ «պոլի փետով» գլուխս ջարդի, միայն թե՝ վերցնի, որ ցուցակը տանեմ՝ ստրկատերս խոստացած վարձատրությունը տա...»։

Չեղած բանից բան սարքեցի. քվորում է, էլի՛, էսօր չկա, էգուց չէ էլօր կլինի։

Կարեւորը հայ ազգն է, որ եղել է դեռ այն ժամանակ, երբ մնացած ազգերը ծառերի վրա ճյուղից ճյուղ էին թռչում, հիմա էլ եղում է ու վաղն էլ կՅեղի։

Եղեցեք բարյավ։