03.03.2017 11:00

Արսեն Գրիգորյան. Ընտրակաշառքի մեռածները

Արսեն Գրիգորյան. Ընտրակաշառքի մեռածները
Ծաղրանկարը՝ Medialab.am կայքից, (c) Վահե Ներսիսյան

Իշխանությունը գիտի, որ ամեն ինչ սկսվում է ընտրությունից: Մարդն ինքը իր իսկ ընտրությունն է: Միակ չընտրելին այս կյանքում հարազատներն են:

Նույնիսկ սիրած աղջկա (կամ տղայի) հարցն է բաց՝ դա ընտրությու՞ն է, թե՞ բնական «կանգառ»: Որովհետեւ մենք կարող ենք սիրահարվել, ասենք, Լուսինե Թովմասյանին (որպեսզի չհասնենք Անջելինա Ջոլիի բաղերը՝ որպես ստույգ անհնարին սիրո), բայց ընտրել մայթով դեպի քեզ եկող հանդիպած հաճելի ժպիտով մեկին: Նույնիսկ նույն մայթով հաճելի ժպիտ ունեցող երկու հոգի կարող են քեզ պատահել: Մեկն ի վերջո «դառնում» է քո ճակատագիրը: Գուցե ամենավատ իմաստով: Ում էլ մեղադրես, վերջում ասելու ես, չէ՞, իմ ընտրությունն էր: Կամ՝ իմ բնական «կանգառը»: Այսպիսով, մարդը նա է, որն ընտրում է:

Ո՞րն է ընտրություն կատարողի «ընտրակաշառքը»: Մարդը ընտրության մեջ «քվեն» միշտ տալիս է հեռանկարին: Որտեղ կամ որում շատ է հեռանկարը, նա էլ շահում է ընտրության մեջ: Թվում է, թե հենց հեռանկարն էլ «ընտրակաշառքն» է: Իրականում՝ ոչ: «Ընտրակաշառքը» այն ցեցն է, որը մտնում է ընտրության մեջ: Ընտրակաշառքը սարսափելի է նրանով, որ ընտրության մեջ չկա: Այսինքն, եթե ընտրությունը Միհրան  Պողոսյանի եւ, ասենք, Վլադիմիր Կարապետյանի միջեւ է, ընտրակաշառքը ընտրությունից դուրս է դնում Միհրանին: Որովհետեւ ինքը գիտի, որ ընտրության մեջ չկա: Ինքը ընտրելու ենթակա ոչինչ չի առաջարկում: Ոչ մի տեսլական չի դնում քո առաջ, որտեղ Վլադիմիր Կարապետյանի տեսիլքները կխեղճանան, քննություն չեն բռնի: Միհրան Պողոսյանը փող է առաջարկում, որովհետեւ փողը ընտրության մեջ չկա: Ինքը կտրում է հեռանկարը: Ինքը մատնում է հեռանկարի բացակայությունը: Ինքը փակում է հեռանկարի տեսադաշտը: Ինքը «նաղդն» է: Փողը կանխիկ խոստովանությունն է, որ «սրանից ավելին չեմ կարող առաջարկել»: Այսինքն, Միհրան Պողոսյանը խոստովանեց, որ ինքը ընտրելի չէ: Վլադիմիր Կարապետյանը վստահ է, որ ինքը ընտրելի է, ուստի խոսում է ծրագրերից, ներկայացնում է հաշվարկներ, փաստում է հնարավորություններ, մի խոսքով, պետության հետ է հաշվի նստում «մեծ-մեծ բրդելիս»: Ընտրակաշառքը, ինչպես տեսանք, կամաց-կամաց ազատվեց չակերտներից: Քիչ առաջ փոխաբերություն էր, հիմա՝ խայտառակություն:

Այսօր ընտրակաշառք առաջարկում է եւ ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ-ն, շուտով նախկին ՕԵԿ-ն էլ կառաջարկի, քանի որ չի պատկերացնում իրեն ՀՀԿ-ից հեռու: Իշխանությունը ընտրակաշառքով ոչ միայն իր հարցն է լուծում, այլեւ՝ ընտրություն չանելու: Ծաղրում է ընտրությունը: Քանի որ միայն Միհրան Պողոսյանին չէ, որ դեմ է տալիս հանձին մյուս թեկնածուների՝ պետության ծրագրերի մրցակցությանը: Եվրոպացիները սա պիտի որ գլխի ընկնեն: Եթե ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը, կամ ՄԱՊ-ի Ալեքսան Պետրոսյանը, կամ Ավշարի Արարատի մարզպետն արդեն գործի են անցել, ուրեմն եվրոպացիները շարունակում են գլխի ընկնել: Իշխանությունը երբեք չի հրաժարվելու ընտրակաշառքից: Ժողովուրդը պետք է «հասկանա», որ ինքն ընտրություն չունի: Այսինքն, ինչքան էլ ընտրություններ լինեն, առաջին պլան է գալու «ընտրակաշառքը», որպեսզի իր սպասումները փողից հեռու չգնան:

Հանրապետականին, գուցե, շատ բան կարելի է ներել: Բայց որ մարդու բնական իրավունքը՝ ընտրության իրավունքը վերածել է սոսկ ընտրակաշառքի «արժանանալու» պարտքի, պիտի որ չներվի: Այլ հարց է, որ ամբողջ ժողովուրդը չէ, որ դրան է սպասում: Բայց դա ամբողջ ընտրության հիմնական թեման է: Ինքը միշտ ստվերելու է ընտրությունները, նույնիսկ՝ պոպուլիզմը: Պոպուլիստներն անգամ դուրս են մղվում այս քաղաքակրթական «վեճից», ինչպիսին ընտրությունների ժամանակ «գաղափարների» եւ «հեռանկարների» շռայլ ջրվեժը բաց թողնելն է: Այս ընտրություններն արդեն այդ իմաստով հարամված են: Մեր շենքում հիմնականում կանայք խոսք ու զրույցի այլ թեմա չունեն, քան՝ ե՞րբ են բաժանելու ընտրակաշառքները, ո՞վ ինչքան է առաջարկելու: Այսինքն, որպես ընտրող մեռել են, այլեւս չեն ընտրելու: Այսինքն, դասվում են էն հանգուցյալների շարքը, որոնց փոխարեն քվեարկում են: Թեպետ այստեղից սկսվում է հայտնի ասացվածքը՝ մեռածի մասին կամ լավ, կամ ոչինչ: