03.03.2017 13:15

Առաքել Թավրիզյան. 3-1=2, իսկ 2+1-ը ոչ միշտ է հավասար 3-ի...

Առաքել Թավրիզյան. 3-1=2, իսկ 2+1-ը ոչ միշտ է հավասար 3-ի...

Վերնագիրը մաթեմատիկական գլուխկոտրուկ չէ, քաղաքական է. 1997-ին միջնորդները Հայաստանին, ԼՂ-ին եւ Ադրբեջանին ներկայացրին, այսպես կոչված, փուլային տարբերակը: Հայաստանը եւ Ադրբեջանը դա ընդունեցին բանակցային հիմք, Լեռնային Ղարաբաղը մերժեց: Անցել է քսան տարի, բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքներն են, որոնք բուն կարգավորման իմաստով ավելի ընդունելի չեն, իսկ քաղաքական առումով նահանջ են: 1997թ. փուլային տարբերակի իմաստը հետեւյալն էր. Հայաստանը, ԼՂ-ն եւ Ադրբեջանը պայմանավորվում էին վերջ դնել հակամարտությանը, ստորագրել 1994թ. հրադադարի ռեժիմը կայուն խաղաղությամբ փոխարինելու պայմանագիր, որի երաշխավոր էր հանդիսանալու ԵԱՀԿ -ն, իսկ վերջին՝ փուլում նաեւ ՄԱԿ-ը:

Սա առաջին փուլն է, որը ենթադրում էր ԼՂ շուրջ տարածքների վերադարձ՝ բացի Լաչինի ամբողջ շրջանից, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, բուֆերային-ապառազմականացված գոտու ստեղծում, կոմունիկացիաների վերագործարկում եւ այլն: Երկրորդ փուլում պայմանավորվող կողմերը՝ Հայաստանը, ԼՂ-ն եւ Ադրբեջանը, պարտավորվում էին շարունակել բանակցությունները, որպեսզի վերջնական համաձայնության գան ԼՂ կարգավիճակի հարցում:

Հիմա նույնիսկ զարմանալ կարելի է, թե ինչպես է Ադրբեջանը համաձայնել այդ տարբերակին: Չէ՞ որ ճանաչել կարգավիճակի հարցով բանակցություններում ԼՂ-ի հավասար (ցանկացած պահի վետո կիրառելու) իրավունքը՝ հենց նշանակում է ճանաչել ԼՂ իրավասուբյեկտությունը: Այսինքն, 1997թ. փուլային տարբերակով հարցին տրվում էր վերջնական լուծում, Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջազգային լեգիտիմություն, դառնում էր պայմանադիր սուբյեկտ:

Ընդ որում, ինչպես պայմանագրի առաջին մասն էր սահմանում՝ լիովին պահպանելով սեփական զինված եւ անվտանգության ուժերը, փաստացի քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ բանկային համակարգը... Մերժելով այդ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղն ինքն իրեն զրկել է սուբյեկտությունից, իրեն դրել «խաղից դուրս» վիճակում: Իսկ հիմա ասում են՝ Ադրբեջանն է խոչընդոտում, որ Ստեփանակերտը միանա բանակցություններին: Քսան տարի առաջ ռազմաքաղաքական սուբյեկտությունը զիջելով՝ ԼՂ-ն այսօր հայտարարում է, որ առանց իր մասնակցության՝ վերջնական պայմանավորվածություն չի լինելու: Բայց այստեղ էլ մի քաղաքական գլուխկոտրուկ է առաջանում. արդյոք մի՞շտ է, որ 2+1= 3-ի...