03.03.2017 14:55

Հարութ Ուլոյան. Բանակցությունները Տեր-Պետրոսյանի օրոք եւ հետո

Հարութ Ուլոյան. Բանակցությունները Տեր-Պետրոսյանի օրոք եւ հետո

Երկուսուկես ամիս է անցել Կոնգրեսի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթից և այդ ելույթի մասին նրա կողմից տրված պարզաբանումներից, սակայն մինչ օրս որոշ վերլուծագանգեր, տարբեր պաշտոնյաներ, լրատվականներ Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականները ներկայացնում են որպես «տեսակետ» և, մի կողմից՝ փորձում  են ներկայացնել այնպես, թե, իբր, Տեր-Պետրոսյանի և ներկայիս իշխանությունների «տեսակետները» համընկնում են, իսկ մյուս կողմից՝ եզրակացություններ են անում, թե, իբր, 1998-ից հետո Արցախի հարցում մենք դիվանագիտորեն ոչ թե թուլացել, այլ, ընդհակառակը, ձեռքբերումներ ենք ունեցել:

Մի՞թե դժվար է, վերջիվերջո, հասկանալ, որ Տեր-Պետրոսյանը ոչ թե տեսակետ է ներկայացնում, այլ տալիս է իր հրաժարականից հետո Արցախի հարցով ընթացող բանակցությունների և ներկայիս իրավիճակի ՌԵԱԼ գնահատականը: Տեր-Պետրոսյանը ոչ թե սեփական կարծիքն է «փաթաթում ժողովրդի վզին», ինչպես ոմանք են պնդում, այլ իր հրաժարականից հետո ժողովրդի վզին փաթաթած ԿԵՂԾ հեռանկարն է փորձում քանդել: Մի՞թե դժվար է ընդունել, որ Տեր-Պետրոսյանի գնահատականները պայմանավորած են տարիներ շարունակ շրջանառվող փաստաթղթում տեղ գտած դրույթներով: Ավելին, այդ դրույթների` տարածքների վերադարձման, կարգավիճակի սահմանման, խաղաղապահների տեղակայման մասին բազմիցս խոսել և շարունակում են խոսել Արցախի հարցի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր շարունակաբար պնդում են փոխզիջման անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» տարածքները:

Այնպես որ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր անընդունելի են համարում Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված գնահատականները, ապա թող իրենց մեջ այդքան համարձակություն գտնեն ու, նախ և առաջ, իրենց քննադատությունները ուղղեն 1998-ից ի վեր Հայաստանում հաստատված իշխանություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբին ու ողջ աշխարհին, որ նրանք համատեղ «պարտվողական» ծրագրեր են պարբերաբար մշակում և փորձում են դրանք հրամցնել մեր ժողովրդին: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի օրոք և իր հրաժարականից հետո շրջանառվող փաստաթղթերի «նույնությանը», ապա եթե նույնիսկ նրանց բովանդակության մեջ որևէ տարբերություն չգտնվի էլ, ապա միայն այն, որ Տեր-Պետրոսյանի օրոք Արցախը հանդիսանում էր հակամարտության լիիրավ կողմ, ապա դա ինքնին մի այնպիսի լուրջ դետալ էր, որի ներկայիս բացակայությունն արդեն իսկ ընգծում է Տեր-Պետրոսյանի օրոք և 1998-ից ի վեր տարվող դիվանագիտական աշխատանքի «բացասական» տարբերությունը:

Մի՞թե ակնհայտ չէ Արցախի մասնակցությամբ «ինչ-որ» փաստաթղթի վերաբերյալ բանակցային գործընթացի և Արցախի բացակայության պայմաններում «նույն» փաստաթղթի բանակցային գործընթացների միջև եղած տարբերությունը: Որքան էլ ոմանք փորձում են Արցախին բանակցություններից դուրս թողնելը վերագրել Տեր-Պետրոսյանին, այնուամենայնիվ, փաստն այն է, որ երբ 1998-ի նոյեմբերին, արդեն Քոչարյանի նախագահության օրոք, ԵԱՀԿ Մինսկի խումբը շրջանառության մեջ էր դրել «Ընդհանուր պետություն» կոչվող ծրագիրը, այդ ժամանակ Արցախը ոչ միայն դեռ հակամարտության կողմ էր, այլև այդ ծրագիրը պաշտոնապես ընդունել էր որպես բանակցությունների հիմք: Ու թե ինչպե՞ս կարող էր պատահել, որ Քոչարյանի նախագահության առաջին տարում փաստացի խոսքի իրավունք ունեցող Արցախն այդ իրավունքից զրկված է եղել Տեր-Պետրոսյանի օրոք, դա կրկին միայն մեր «հանճարներին» է հայտնի:

Շարունակելի