03.03.2017 20:29

Վահագն Խաչատրյան. Խաղաղությունը տարածաշրջանի բարգավաճման միակ ճանապարհն է

Վահագն Խաչատրյան. Խաղաղությունը տարածաշրջանի բարգավաճման միակ ճանապարհն է

iLur.am-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ:  

Պարոն Խաչատրյան, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց խաղաղության ուղերձը, (նաեւ՝ դրանից առաջ) նշվում էր, որ ԼՂ հիմնախնդրի չկարգավորվածությունը խոչընդոտում է հատկապես Հայաստանի տնտեսական զարգացմանը: Խնդրեմ, փոքր-ինչ մանրամասն մասնագիտական տեսանկյունից խոսեք դրա մասին:  

Սա այն հարցն է, որը միշտ, հիմա՝ ավելի շատ են չարաշահում, երբ փորձում են հակառակվել մեր հիմնական կարգախոսին՝ Խաղաղություն, բարիդրացիություն եւ հաշտություն: Իրականում, երբ սկսում են մեկնաբանություններ անել, դրանք միակողմանի են լինում, իբր, մենք պատրաստվում ենք «հող հանձնել» եւ այլն: Դրանք ոչ մի քննադատության չեն կարող դիմանալ, որովհետեւ ազատ երկխոսության կամ բանավեճի ընթացքում, որտեղ կողմերը լիարժեք կներկայացնեն Հայաստանի ներկա վիճակը, բոլորն էլ կգան այն եզրակացության, որ իրականում մեզ անհրաժեշտ է խաղաղություն: Ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին եւ ամբողջ տարածաշրջանին: Եվ առանց դրա ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը զարգացում չեն ունենա: Եթե հիշում եք, տարիներ առաջ կար տեսակետ, որը առաջ էր մղում իշխանությունը, որ 100 տարի կամ 1000 տարի էլ կարելի է ապրել ստատուս քվոյի պայմաններում: Այս գաղափարը, ցավոք սրտի, նաեւ կողմնակիցներ ունեցավ: Շատերը մտածում էին, որ այսպիսի ուռա-կոչերով առաջ կգնանք, բայց իրականությունն այն է, որ այնտեղ, որտեղ կա չլուծված կոնֆլիկտ, փակ սահմաններ, ուղղակի զարգացում չի լինում:

Իսկ Իսրայելի չարչրկված օրինա՞կը, որ տասնամյակներ շարունակ զարգանում է հակամարտության պայմաններում:

Նույնն էլ վերաբերում է Իսրայելին: Համոզված եմ, որ նույնքան խնդրահարույց է կոնֆլիկտի առկայությունը Իսրայելի համար: Ոչ Պաղեստինում, ոչ Իսրայելում չեն ծնվում երեխաներ, որոնց միակ երազանքը հետագայում պատերազմելն է: Բնավ ոչ: 90-ականներին մենք պայքարում էինք, պատերազմում էինք Ղարաբաղի քաղաքացիների, մեր հայրենակիցների ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի համար: Մենք չենք պայքարել, որ անընդհատ պատերազմի մեջ լինենք:

Եվ երբ տնտեսական ասպեկտին ենք անդրադառնում, պետք  է նշենք, որ գործ ունենք կոնֆլիկտի՝ տնտեսության վրա ունեցած ուղղակի եւ անուղղակի ազդեցության հետ: Ուղղակի ազդեցությունը շատ ակնհայտ է. մենք կորցրել ենք գրավչությունը տարածաշրջանում այն դեպքում, երբ կարող էինք դառնալ տարածաշրջանի երկրները միմյանց կապող օղակը՝ հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք ուղղություններով: Դրա ապացույցը ե՛ւ մեզ շրջանցող նավթամուղներն ու գազամուղներն են, երկաթուղին ու արդեն ավտոմոբիլային ճանապարհները: Մենք այսօր բոլորս, հատկապես՝ գործարարները, անհամբեր սպասում ենք, թե ինչ տեղի կունենա Լարսի ճանապարհի հետ՝ բացվել է, թե փակ է եւ այլն: Այն դեպքում, երբ նախկինում Լարսը երբեք մեզ համար կարեւոր նշանակություն չի ունեցել տնտեսական առումով. մենք օգտագործել ենք Ադրբեջանով, Աբխազիայով, Օսիայով անցնող ճանապարհները, բայց երբեք՝ ո՛չ Լարսի ճանապարհը, որովհետեւ անհարմար է եղել: Նույնը՝ հարավում. մենք երբեք չենք օգտագործել Մեղրիի ներկայիս ճանապարհը, որովհետեւ ճանապարհ կար Նախիջեւանի միջով: Սա ուղղակի ազդեցությունն է, որը, կարծում եմ, անհերքելի է: Դրա հետ կապված՝ նաեւ ներդրումների պակասը, որը Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է: Առանց ներդրորւմների՝ զարգացում չի լինում ոչ մի երկրում: Կարող ես լինել ներդրողների համար գրավիչ, եթե երկրումդ խաղաղ պայմաններ կան: Սա էլ է աքսիոմատիկ ճշմարտություն: Երրորդն, իհարկե, հնարավորությունների բացթողումն է, իսկ ավելի շատ՝ եղած հնարավորություններն արդյունավետ կառավարելու խնդիրը: Մեզ քննադատելիս ասում են՝ «ինչ է, երկիրն իր ամբողջ պոտենցիալն օգտագործե՞լ է, որ խաղաղության անհրաժեշտությունից եք խոսում»: Իհարկե՝ ոչ: Մենք միշտ էլ ասել ենք, որ կոռուպցիայի վրա հիմնված համակարգում զարգացում չի կարող լինել: Ինչ-որ մի ժամանակ գուցե կարող է հնարավորություններ տալ, բայց վերջնաժամկետում անհաջողության է բերելու, դա անխուսափելի է: Այստեղ է, որ ասում են՝ միգուցե հարկավոր է օտագործե՞լ եղած ռեսուրսը: Իհարկե՝ հարկավոր էր առավելագույնս արդյունավետ օգտագործել եղածը, ամրապնդել ու զարգացնել: Բայց մենք չենք արել: «Մենք» ասելով՝ ընդհանրապես հայաստանցիներին նկատի ունեմ, բայց հատկապես, իհարկե, իշխանություններին, բուն պատասխանատուներին: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ բոլոր բացթողումները, թերություններն արդարացվել են պատերազմական իրավիճակով, բանակով: Բայց Ապրիլը ցույց տվեց, որ թալանը, բիզնեսի մենաշնորհները եւ այլնը նույնիսկ բանակով արդարացնել հնարավոր չէ. այդ ռեսուրսներն ուղղակի մսխվել են, յուրացվել են:

Օրերս վարչապետն Ազգային Ժողովում բավական թափանցիկ ակնարկեց, որ բանակին դիզվառելիքի փոխարեն ոչ պիտանի կերոսին է մատակարարվել: 

Ես գրեթե համոզված եմ, որ էդպիսի տեղեկություններ էլի կստանանք: Մինչեւ 2016-ի ապրիլը հասարակության մեջ լռելյայն համաձայնություն կար, որ լավ, գուցե դա բանակի համար է: Բայց պարզվեց, որ չկա, այդ փուչիկը պայթեց: Կոռումպացված համակարգը չի կարող երբեւէ արդյունավետ լինել, այն ի վերջո դեգրադացման է բերում, տնտեսական եւ քաղաքական, ինչի ականատեսն ենք մենք: Այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա՝ արմատավորված հարաբերությունները փոխելն էլ է շատ դժվար ու ցավոտ լինելու, բայց պետք է գնալ դրան: Այն տնտեսական ծրագիրը, որն ի վերջո պետք է բերի խաղաղության, պետք է հանգեցնի նաեւ ներքին արմատական տնտեսական եւ քաղաքական փոփոխության, համակարգային փոփոխության: Այսինքն, դա երկու ուղղությամբ է լինելու՝ քայլեր, որոնք ուղղված են լինելու խաղաղությանը դիվանագիտական միջոցներով, եւ ներքին տրանսֆորմացիային ուղղված քայլեր: Սա ահռելի բարդ, դժվար խնդիր է, որ մենք անգամ 90-ականներին չենք ունեցել, երբ խորհրդային տնտեսությունը տրանսֆորմացվում էր դեպի շուկայական տնտեսական համակարգ: Մենք իրականացնում էինք հողի սեփականաշնորհում եւ միաժամանակ պատերազմում էինք: Եւ այդ տարիների իշխանությունների կամքն ու հետեւողականությունն իր արդյունքը տվեց: Սա հնարավոր չէ հերքել: Արդեն 95 թվականից հետո Հայաստանը մտավ տնտեսական աճի մի ժամանակաշրջան, որը շարունակական եղավ մինչեւ 2009 թվականը, որն այսօր, ցավոք սրտի, չունենք: Հիմա ունենք ընդամենը 0,2% տնտեսական աճ, որը կասկածելի է, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ այդ թվերը իրականությանը չեն համապատասխանում: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է ասում, որ մենք արդեն ռեցեսիայի մեջ ենք, որովհետեւ նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ տնտեսությունը չի աճել: Մենք 1995-ին, պատերազմից հետո անմիջապես հաջորդ տարին արդեն տնտեսական աճ արձանագրեցինք ու գրեթե բոլոր տվյալներով համեմատելի էինք Ադրբեջանի հետ, առավելեւս, որ մենք ավելի բարենպաստ դիրքերում էինք ռազմական բնագավառում, աղքատության ու գործազրկության ցուցանիշներով: Այսինքն, համեմատելի էինք, մի քիչ էլ՝ ավելի: Հիմա մենք ոչ համադրելի ենք, ոչ՝ հավասար: Մենք պարզապես հետ ենք աճել. ՀՆԱ մոտ 5 անգամ տարբերություն կա, ռազմական ծախսերի՝ մոտ 8 անգամ, մեկ շնչին ընկնող արդյունքի առումով՝ մոտ երկու անգամ եւ այլն: Այսինքն այն, որ Տեր-Պետրոսյանը 97-ին ասում էր, որ մենք պետք է ուժեղի դիրքերից բանակցենք, կորցրել ենք արդեն այդ հնարավորությունը: 

Ինչ վերաբերում է հակամարտության անուղղակի ազդեցությանը, դա, մի կողմից՝ հոգեբանական ազդեցությունն է, մյուս կողմից՝ բանակի մասնակցությունը հասարակական արդյունքի բաշխմանը: Այսինքն, այն, ինչ բանակը տանում է հասարակությունից, անարդյունավետ ծախս է: Որովհետեւ այդ ծախսը կարող էր գնալ առողջապահությանը, կրթությանը կամ ենթակառուցվածքներին, ինչի կարիքը խիստ զգացվում է: Տեսեք՝ այսօր Ռուսաստանը զարկ է տվել ռազմական ծախսերի ավելացմանը՝ վերջին 2-3 տարում կրկնակի ավելացնելով դրանք, եւ ավելին են ծախսում, քան առողջապահության ու կրթության վրա, բայց նրանք էլ խոստովանում են, որ դա լավ կյանքից չէ: Նրանք ավելի շահագրգիռ կլինեին, եթե դրանք գնային սոցիալական ոլորտ: Այսինքն, անուղղակի ազդեցությունը, որը շատ դեպքերում հաշվելի չի լինում, շատ ավելի էական է մարդկանց կենսամակարդակի եւ ընդհանրապես, երկրի համար, քան այն ուղղակի ազդեցությունները, որոնց մասին ես ասացի:

Դուք ասում եք, որ բանակը չափազանց մեծ բեռ է տնտեսության վրա, բայց վերջերս իշխանությունները հռչակել են ռազմարդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվ դարձնելու գաղափարը: Իրատեսական չե՞ք համարում բանակը տնտեսության բեռից տնտեսական զարգացման խթանի վերածելու հեռանկարը:  

Քանի որ երիտասարդ հասակում աշխատել եմ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական խոշոր համալիրներից մեկում եւ շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ռազմարդյունաբերությունը, ինչ է նշանակում զենք արտադրել, առավելեւս՝ նորագույն տեխնոլոգիայով, ցավոք սրտի, պետք է փաստեմ, որ Հայաստանն այդ պոտենցիալը չունի, սա պետք է ուղղակի ֆիքսել՝ առանց ամաչելու կամ վախենալու: Ոչ մենք ունենք, ոչ Ադրբեջանը: Ռազմարդյունաբերական երկիր լինելու համար պետք է նախ տնտեսության մյուս ճյուղերում հզոր առաջընթաց ապահովել: Պետք է կարողանաս երկրիդ ներսում մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ, նախ՝ գումար գա: Չի կարող շրջափակման մեջ գտնվող, թերզարգացած տնտեսությամբ երկիրը այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նույնիսկ իր ներքին պոտենցիալով այդպիսի տեխնիկա արտադրի: Ի վերջո, ռազմական տեխնիկան միայն մի երկրի հնարավորություններով չի ստեղծվում: Տեսեք՝ երբ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, Ռուսաստանն ամենամեծ խնդիրները ռազմարդյունաբերական ոլորտում ունեցավ: Այդ հարցադրումը ես չեմ կարող լիարժեք համարել, որովհետեւ այն իրականանալի չէ: Կարող եմ ուղղակի հռետորական հարցադրում համարել, որը գուցե այլ լսարանի է ուղղված, բայց մասնագիտական շրջանակներում քննարկման ենթակա չէ: Կարելի է ունենալ ռազմական տեխնիկան սպասարկող ինչ-որ տնտեսություն, բայց որ մենք ինքնուրույն ստեղծենք ռազմական արդյունաբերություն, որը կարող է էական ազդեցություն ունենալ մեր պաշտպանունակության վրա կամ, ավելին՝ նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, ցավոք սրտի, իրատեսական չէ: Եթե մենք նայում ենք, որ ունենք 1 մլն աղքատություն, հսկայական գործազրկություն, եւ տեսնենք, թե ինչ ենք արտահանում՝ հանքահումքային արտադրանք, մի քիչ թանկարժեք քար եւ մետաղ, կոնյակ եւ գյուղատնտեսական այլ արտադրանք, դրանով կարեւորագույն ռազմական հարցեր լուծելու հեռանկարը լուրջ չի կարող լինել: Դրա համար էլ կարեւոր եմ համարում իրավիճակի սթափ գնահատումը: Մեր հնարավորությունները, ցավոք, սպառվել են, մարդկային ռեսուրսները սպառվել են, ե՛ւ ֆիզիկապես մարդկանց քանակ չունենք, ե՛ւ որակապես: Այս համակարգը սպառել է իրեն եւ չի կարող նպաստել տնտեսության զարգացմանը: Երկրորդը՝ կոռուպցիան կերել է երկիրը եւ շարունակում է ուտել, երրրորդը՝ դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենք եւ պետք է կարողանանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ վերադառնան: Չորրորդը՝ այն միջավայրում, որտեղ ուժեղը, իշխանությանը մոտ կանգնածը խեղդում է իր մրցակցին, տնտեսական զարգացում լինել չի կարող: Ես կարող եմ էլի թվարկել, բայց այս բոլոր հարցերի լուծումը պայմանավորված է խաղաղությամբ: Կա մի ճանապարհ էլ՝ իշխանությունն իր մեջ ուժ է գտնում եւ գնում է կտրուկ փոփոխությունների: Սակայն սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, բավարար լինելու համար պետք է խաղաղություն հաստատել:  

Ավելին ասեմ՝ մենք եզակի տարածաշրջան ենք (Հայաստան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Իրան), որ միմյանց միջեւ առեւտրի քանակով ամենաքիչ տոկոսն ունենք: Մենք ավելի շատ առեւտուր ենք անում 1000-ավոր կիլոմետրերով հեռու գտնվող երկրների հետ, քան՝ անմիջական հարեւանների, եւ դա պայմանավորված չէ տնտեսական անհրաժեշտությամբ, այլ՝ քաղաքական իրողություններով: Հարավային Կովկասի երկրները ԽՍՀՄ տրամաբանության մեջ ընկալվում էին որպես մեկ տնտեսական միավոր: Եվ այդ մեկ ամբողջության մեջ շատ արդյունավետ տնտեսական կապեր ենք ունեցել՝ ամբողջական երկաթուղի, ավտոճանապարհներ եւ այլ ենթակառուցվածքներ՝ էլեկտրական բարձրավոլտ գծեր, գազատարներ եւ այլն: Եթե հնարավոր լիներ վերականգնել այդ կապերը, եւ մենք կարողանայինք օգտագործել մեր դիրքը՝ դառնալով առեւտրային հանգույցները կապող լավագույն օղակը, ոչ ոք ուրիշ ոչ մի բան չէր փնտրի, որովհետեւ աշխարհագրորեն ամենալավ հնարավորություններն ունենք:

Դուք խոսեցիք Հայաստանում առկա տնտեսական համակարգի մասին: Արդյո՞ք Հայաստանի խոշոր տնտեսվարողները կամ օլիգարխները, որոնք փոխադարձ կախվածության մեջ են քաղաքական իշխանությունից, շահագրգռված են խաղաղությամբ: Վերջին հաշվով, նրանք այսօրվա դիրքին հասել են հենց փակ ճանապարհների, վատ ենթակառուցվածքի պայմաններում, եւ ստատուս քվոյի փոփոխության դեպքում կարող են կորցնել այդ «առավելությունները»:

Հայտնի խոսք կա՝ չհարցնել, թե  ինչպես ես վաստակել առաջին միլիոնը: Այս սկզբունքը կիրառելի է: Համոզված եմ, որ նրանք ավելի շահագրգռված են, որ լինի խաղաղություն, խաղի կանոնները փոխվեն, որ նրանք աշխատեն օրինականության դաշտում: Ես համոզված եմ, որ նրանք խելացի մարդիկ են, որովհետեւ եթե կարողացել են հաջողության հասնել որեւէ բնագավառում, դա նաեւ խելքի արդյունք է, հենց էնպես ոչինչ չի լինում: Բայց մի կարեւոր բան էլ կա, որի մասին ժամանակին խոսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն է: Ինչու՞ բուրժուական հեղափոխություններ տեղի ունեցան Հոլանդիայում, Ֆրանսիայում կամ Անգլիայում: Որովհետեւ կապիտալիստները, որոնք հաջողության էին հասել իրենց աշխատանքի արդյունքում, ցանկանում էին նաեւ քաղաքական ազատություններ, իսկ նրանք այդ ազատությունը չունեին, որովհետեւ ցանկացած պահի թագավորը կարող էր սահմանափակել իրենց ազատությունը: Դու կարող էիր արթնանալ եւ տեսնել, որ չքավոր ես:  Եվ նրանք դրա դեմ գնացին: Սա է, որ մենք ուզում ենք հասցնել մեծահարուստ մարդկանց՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը երբեւէ կուլակաթափության կողմնակից չի եղել եւ չի լինի: Հակառակը, ես կարծում եմ, որ նրանք ամենաանպաշտպան խավն են: Կարելի է շատ օրինակներ բերել, թե ինչպես են այդ մարդիկ շատ կարճ ժամանակում ինչ-ինչ հանգամանքների բերումով դառնում անպաշտպան: Եվ մենք ուզում ենք այն մթնոլորտը ստեղծել, որտեղ բոլորը պաշտպանված կլինեն ու այդ թվում հենց ունեւորները, որոնք իրականում մեծ անելիք ունեն հասարակության համար: Իրենց ներկայությունը տնտեսական կյանքում շատ մեծ է եւ պետք է շարունակի մեծ լինել: Միեւնույն ժամանակ, իհարկե, պետք է զարգացած ու պաշտպանված լինի նաեւ փոքր ու միջին բիզնեսը, որը տնտեսական հարատեւ զարգացման գրավականն է:

Վերեւում  ասացիք, որ կոնֆլիկտի առկայությունը խոչընդոտում է նաեւ Ադրբեջանի տնտեսական զարգացմանը: Բայց Ադրբեջանը վերջին տարիներին կարծես թե վատ չի զարգանում: Ինչու՞ պետք է Բաքուն խաղաղություն ցանկանա այսօր, երբ առանց դրա էլ վաճառում է իր նավթը:

Եթե նկատել եք, վերջին առնվազն երկու տարիներին Ադրբեջանի զարգացման տեմպերը նկատելի նվազել են: Ադրբեջանի տնտեսական հաջողությունները պայմանավորված են եղել համաշխարհային շուկայում նավթի ու գազի գներով: Բայց այդ հնարավորությունը սպառվում է՝ պայմանավորված ոչ միայն գների անկմամբ, այլեւ Բաքվի նավթի ու գազի պաշարների նվազմամբ: Ոչ պաշտոնական կանխատեսումներով, նավթն սպառվելու է 2020-ին, գազը՝ 2025-ին: Իսկ Ադրբեջանի կախվածությունը հումքից այնքան մեծ է, որ նրանք էլ բավական խոցելի են: Նույն ՀՆԱ տարբերությունը Հայաստանի ՀՆԱ-ի հետ 2 տարի առաջ 8 անգամ էր, հիմա՝ 5,3-5,5 անգամ: Այսինքն, նրանք էլ չեն կարող ինքնաբավ տնտեսություն ստեղծել եւ բավարարել իրենց պահանջները: Իսկ այն հնարավորությունները, որ ունենալու են նրանք այդ համաձայնագիրը կնքելու դեպքում, ահռելի են լինելու: Ի վերջո, վերցրեք հակամարտության գոտի համարվող ամբողջ տարածաշրջանը, որտեղ չնչին չափով են օգտագործվում ռեսուրսները, խաղաղության հաստատումից հետո դրանք կսկսեն օգտագործվել ու նպաստել տարածաշրջանի զարգացմանը: Այսինքն, խաղաղությունը երկկողմանի օգուտ է բերելու, հաստատ: Թող չթվա, որ Ադրբեջանում բոլորը հիացած են իշխանություններով, ու ամեն ինչ լավ է: Կա ծայրահեղ բեւեռացվածություն, ազգային բարիքները վայելում են մի խումբ մարդիկ, մնացածն իրենց ոչ արժանապատիվ կյանքով են ապրում, քաղաքական բանտարկյալների պակաս չկա: Մի խոսքով, չկան զարգացման նախադրյալներ: Իսկ նախադրյալները հետեւյալն են՝ ազատություն, մարդու իրավունքներ, տնտեսական մրցակցություն եւ այլն: Այս ամենը Ադրբեջանը չունի: Եթե Ալիեւները կարող էին 10 տարի առաջ ավելի բիրտ մեթոդներով պահել իշխանությունը, ապա հիմա դա դժվարացել է, եւ համոզված եմ, որ մի քանի տարի հետո անհնար է լինելու: Դրա համար էլ պատերազմի հռետորաբանությունն օգտագործում են իշխանությունը պահելու նպատակով:  Պետք է իշխանությանը զրկել այդ գործիքից, այդ թվում նաեւ՝ Հայաստանի իշխանությանը:  Պետք է դուրս գալ մեր մեջ եղած այն տրամադրություններից, որ խաղաղությունը պարտություն է բերելու: Հակառակը, խաղաղություն կնքողը հաղթողն է: