06.03.2017 10:31

Պետք է հպարտանանք, որ ունենք քաղաքական մի ուժ, որն առաջ է քաշում խաղաղության գաղափարը

 Պետք է հպարտանանք, որ ունենք քաղաքական մի ուժ, որն առաջ է քաշում խաղաղության գաղափարը

Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար նախընտրական պայքար է ծավալվելու, փաստորեն, քաղաքական երկու հիմնական ուժերի միջև, որոնց գաղափարական մոտեցումներն արտացոլված են իրենց կարգախոսներում: Դրանք են, մի կողմից` ՀՀԿ-ն՝ իր «Անվտանգություն և Առաջընթաց» կարգախոսով, իսկ մյուս կողմից` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն՝ իր «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» կարգախոսով: Քաղաքական դաշտի մնացած դերակատարների գերակշռող մասի համար, առաջին տպավորությամբ, կարծես թե, առավել ընդունելի է «Անվտանգություն և Առաջընթաց» կարգախոսի հիմքում ընկած գաղափարախոսությունը: Ուստի և նախընտրական այս պայքարում նրանք դեռևս դիտարկվելու են որպես ՀՀԿ-ի կողմնակիցներ, իսկ հետագայում՝ ընտրությունների արդյունքներին համապատասխան, ապագա խորհրդարանում կոալիցիոն մեծամասնություն կկազմեն նշված երկու հիմնական ուժերից որևէ մեկի հետ:

Մեր ժողովուրդն իր տված քվեով 2017թ. ապրիլի 2-ին կորոշի, թե որ քաղաքական ուժը, իր նշանաբանով, կտնօրինի իր ճակատագիրը մոտ ապագայում, եթե, իհարկե, ընտրություններն ընթանան գաղափարական հենքի վրա: Ի դեպ, վերը նշված երկու ուժերի գաղափարախոսությունները, որոնք իրենց բնույթով, անկասկած, հայրենասիրական են և, առաջին հայացքից, իրարից գրեթե չեն տարբերվում, այնուամենայնիվ, հիմնովին տարբեր են: Փորձենք հասկանալ նրանց տարբերությունները, ինչպես նաև՝ յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները: «Անվտանգություն» (կամ պետական անվտանգության ապահովում) հասկացությունը ունի ավելի նեղ, ավելի սահմանափակ իմաստ, քան, օրինակ, «Խաղաղություն» (կամ խաղաղության ապահովում) հասկացությունը: «Անվտանգությունը» կարող է գոյատևել միայն ստիպողաբար, արհեստականորեն և կրել ժամանակավոր բնույթ: Նա չի ենթադրում խաղաղություն և, մանավանդ, չի ենթադրում հաշտություն ու բարիդրացիական հարաբերություններ մեր հարևան երկրների հետ, այլ, հակառակը, ենթադրում է մշտական լարվածություն, սպառազինության մրցավազք:

Նա իր մեջ մշտապես պարունակելու է անկայունության բաղադրիչ, ժամանակավոր զինադադար կամ զինադադարի մշտական խախտում և, որպես դրանց հետևանք՝ մարդկային զոհեր, ազգամիջյան ատելության և անվստահության մթնոլորտ, բարոյական և նյութական անվերջ կորուստներ և այլն: Մի խոսքով, այն ամեն բացասականը, ինչ բնորոշ է պատերազմական իրավիճակին՝ իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Եվ մեր ժողովրդի գլխին մշտապես կախված է լինելու պատերազմի վերսկսման վտանգը, իսկ մշտապես ռազմական գործողություններ վարելու անհրաժեշտությունն ու դրա սարսափելի ծանր բեռն ամբողջությամբ ընկնելու է մեր ժողովրդի ուսերին: Ավելին, «Անվտանգություն» բառը նույնիսկ հակասության մեջ է մտնում նույն այդ կարգախոսում իրեն հաջորդող «Առաջընթաց» բառի հետ, եթե , իհարկե, դրա տակ հասկանում ենք «Զարգացում» բառը, այլ ոչ թե նրա ուղղակի իմաստը: Պատերազմական ծանր իրավիճակում կասկածի տակ է դրվելու նույնիսկ «Զարգացում» բառի բուն իմաստը: Հայաստանն, այսպիսով, արտաքին աշխարհի համար կվերածվի անկայուն, անկանխատեսելի, անվստահելի և անհեռանկարային մի երկրի: Այս ամենը հիշեցնում է սառը պատերազմի ժամանակշրջանը:

 «Խաղաղություն» հասկացությունն, ի տարբերություն «Անվտանգության», իր մեջ ավելի լայն իմաստ է պարունակում, և իրականությունը բնութագրելու նրա հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ «Խաղաղության» դիրքերն ավելի ամուր են: Դա հենց նույն այդ անվտանգությունն է, սակայն ավելի կայուն, ավելի վստահելի, ավելի երկարաժամկետ, առավել երաշխավորված, առավել ամուր իրավական հիմքերով: Իսկ կարգախոսում նրան հաջորդող «Հաշտություն» և «Բարիդրացիություն» բառերը հանդիսանում են, պարզապես, նրա անբաժանելի և տրամաբանական շարունակությունը: Կարգախոսն առավել դիպուկ է բնորոշում և կանխորոշում խաղաղության իրականացման դժվարին ճանապարհին մեծ ծավալի մեր անելիքներն ու աշխատանքները: Նա իր մեջ է ներառում արտաքին և ներքին քաղաքականության աշխուժացում, ծրագրերի մի ահռելի փաթեթի իրականացում (դիվանագիտկան լուրջ քայլեր, տնտեսական աճ, արդյունաբերության զարգացում, մշակութային վերելք և այլն): Դրանք հնարավոր կլինի իրականացնել հենց այդ խաղաղ, հանգիստ և ոչ լարված պայմաններում:

Եվ «Խաղաղություն» ամենևին էլ չի նշակում ինչ-որ անիմաստ և անտրամաբանական զիջումներ, խեղճություն, ուրացում, դավաճանություն: Ճիշտ հակառակը, հենց այս նշանաբանով հանդես գալն է հաղթողի կեցվածքը: Իսկ եթե Ադրբեջանը դեռ պատրաստ չի ընդունելու մեր առաջարկած խաղաղությունը, հաշտությունն ու բարիդրացիությունը, ապա հենց դա էլ կլինի դիվանագիտական մեր հաղթանակը, երբ պայմանները կթելադրենք մենք: Այս պարզ ճշմարտությունները բացատրելու կարիքը, թերևս, չլիներ, եթե չգտնվեին որոշ ընդդիմախոսներ, որոնք խաղաղության բնական ձգտումը կարող էին գնահատել որպես պարտվողական կամ դավաճանական քաղաքականություն: Դժվար էր անգամ պատկերացնել, որ կգտնվեին այդպիսիք: Ահա այստեղ է, որ բացահայտվում է երկու այս գաղափարները կրողների աշխարհայացքների ու մտահորիզոնների տարբերությունը: Պետք է հպարտանանք, որ ունենք քաղաքական մի ուժ, որն առաջ է քաշում խաղաղության գաղափարը և պատրաստ է քաղաքական ողջ պատասխանատվությունը ստանձնել՝ այն իրականացնելու համար: Բայց դա արդեն կախված կլինի ընտրողներից ստացած քվեից:

Վարդան Մարկոսյան