06.03.2017 11:27

Գագիկ Քամալյան. Ընտրության առջեւ

Գագիկ Քամալյան. Ընտրության առջեւ

Մեկնարկվում է 2017թվականի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը, ու հերթական անգամ հայաստանյան հասարակությունը կանգնած է լինելու ընտրության առջև: Գրանցվել են ինը թեկնածու քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրը ձգտելու է պայքարել սեփական թիմի հաջողության համար: Սա է քաղաքական ընտրությունների պահանջն ու նպատակը:

Հիմա այս ինը թեկնածուներից միայն  մեկն է, որ ընտրություններին գնում է հստակ օրակարգով, որը շատերի համար անցանկալի է, բայց իրականում, հենց այդ ուժի բերած օրակարգն է, որ անկախության ձեռքբերման առաջին օրից սկսած՝ առաջացրել է բոլոր տեսակի խնդիրները: Շատերը այդպես էլ չհասկացան, որ ղարաբաղյան հիմնահարցի չկարգավորված լինելը ծնել է ու ծնելու է շատ արատավոր երևույթներ մեր քաղաքական ու հասարակական իրականությունում;

Մենք հաղթեցինք պարտադրված պատերազմում, բայց այդպես էլ երբեք համարձակություն չունեցանք  գնալու այդ հաղթանակի դիվանագիտական ամրագրման հետևից, որովհետև չենք կարողացել հաղթահարել այն ներքին բարդույթավորվածությունը, որ դրսևորել ենք մշտապես մեր ներկայի ու ապագայի հանդեպ; Ինչու՞ ենք խուսափում խաղաղության մասին խոսելուց, ի՞նչն է մեզ խանգարում հստակ պատկերացում ունենալու, որ խաղաղություն ցանկանալը բաժակաճառ չէ, այլ հստակ քաղաքական գործունեության արդյունքում ձեռքբերվող իրավիճակ է, որի առկայությամբ է միայն հնարավոր զարգանալ: Խուսափում ենք, որովհետև քաղաքական ու մշակութային էլիտաները այդպես էլ պետականության ընկալումը չեն կարողանում տարանջատել ոչ անկախ լինելու հեգեվիճակից: Այո՛ ,մեր քաղաքական էլիտաները, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, խուսափելով իրականությունը տեսնելուց ու չհաշվարկելով քաղաքական ներկայի հնարավորությունները, մի ողջ ժողովրդի տարել են դեպի զոհասեղան, իսկ վերջում ողբացող ծնողի նման փորձել են հասկանալ՝ որտե՞ղ էր բացթողումը, բայց այդպես էլ երբեք չեն կարողացել ընդունել իրենց սխալները:

Այսօր, ցավոք սրտի, բոլոր քաղաքական ուժերը շարունակում են այդ ողբացող ծնողի գիտակցության դրսևորումը մեր քաղաքական իրականությունում, որի հետևանքները շատ ծանր են լինելու: Նորից անցնելու է ժամանակ, ու նորից սգալու ենք, որ ժամանակին, չգնահատելով մեր հնարավորությունները, տեղիք ենք տվել մեր զգացմունքներին ու քաղաքականանության փոխարեն զբաղվել ենք ավելի հայրենասեր երևալու ճամարատակախոսությամբ: Եթե այսօր այդ քաղաքական ուժերը մի  կողմ դնեն  իրենց ամբոխահաճությամբ զբաղվելու էժանագին տրյուկները, ապա մենք շատ ավելին կկարողանանք ձեռք բերել, քան պատկերացնում ենք; Բայց, ինչպես նշեցի, հայտ ներկայացրած ուժերից միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որ խիզախաբար համարձակվել է  ո՛չ թե միայն խոսել խաղաղության մասին, այլ հստակ քաղաքական դիրքորոշմամբ գնում է դեպի ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ նրանց այսօրվա պայքարը վաղը կարող է նյութականանալ, թեկուզ՝ հասարակական ընկալումներում: Հայաստանցի մարդը չպետք է այլևս վախենա Ալիևի հոխորտալից ճառերից; Ոչ թե խաղաղության մասին խոսողն է  պարտվողական տրամադրություններ տարածում, այլ ոչմիթիզհողականներն  են այդ պարտվողական տրամադրությունները տարածում, քանզի երբ դու մշտապես խոսում ես ապակառուցողական դիրքերից, դա նշանակում է, որ դու գտնվում ես  թույլի կարգավիճակում, ինչպես որ ալիևյան Ադրբեջանը, որը պատերազմական գործողություններում պարտվելուց հետո, միլիտարիստական հռետորիկան դարձրել է սեփական իշխանության հիմնական քարոզչությունը… Հիմա մեր ոչմիթիզհողականները ինչո՞վ են տարբերվում ալիևյան կլանի հետևորդներից, երբ նրանք էլ  հռետորաբանությունը չեն տարբերում քաղաքական իրականությունից:

Ալիևը այսօր  շատ լավ գիտակցում է , որ այլևս ժամանակը աշխատում է իր օգտին, դրա համար էլ բարձրաձայն մերժում է ցանկացած տիպի առաջարկություն՝ հստակ հասկանալով, որ հայկական կողմում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝բարդույթավորված են այս հարցում: Բարդույթավորված լինելով՝ չեն համարձակվի գնալ փոխզիջման, ինչը հնարավորություն կտա Ալիևին հետագայում լայնածավալ պատերազմ հրահրելու համար։ Այսինքն՝ այսօրվա ոչմիթիզհողականը ոչ դիտավորյալ ձևով նպաստում է լայնածավալ պատերազմի վերսկսմանը։ Դրա համար էլ այսօր խիստ անհրաժեշտ է քաղաքական ու մշակութային էլիտաներին համոզել, որ հաղթանակների հետ չի կարելի արկածախնդրությամբ  վարվել, որովհետև մենք հաղթող կողմ ենք, ու մենք պետք է թելադրենք խաղաղության քաղաքականություն:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ