07.03.2017 10:06

Տիգրան Պասկեւիչյան. Հաղթել հաղթելին

Տիգրան Պասկեւիչյան. Հաղթել հաղթելին

Ընկերս՝ լուսահոգի Գրիգոր Բաբայանը, դաշնակցական էր։ Մինչ այդ ու դրան զուգահեռ՝ լավ արձակագիր, կինոսցենարիստ, թատրոնի բեմադրիչ, նաեւ՝ ազատամարտիկ։

Կարծեմ՝ 1992-ին էր, ՀՅԴ «Երկիր» օրաթերթում մի բան տպեց, որի ժանրը դժվար է որոշել։ Կարելի է ասել՝ պատմափիլիսոփայական ակնարկ։ Վերնագիրն էր՝ ՀՊԱՐՏ ՑԵՂԻ ԶԱՎԱԿԸ՝ ԹՈՒՐՔ։  

Կարդալուց հետո հանդիպեցի, հիացմունքս հայտնեցի, միաժամանակ՝ զարմանքս, թե դաշնակցական թերթն ինչպե՞ս է վերցրել այդ նյութը։ Հետո հասկացա, որ «Երկիր»-ն ի՛ր ձեւով կարող էր մեկնաբանել հեղինակի արծարծած գոյաբանական խնդիրը՝ այն դիտարկելով, ասենք, զինական գետնի վրա։

Գրիգոր Բաբայանի տեքստը վայելելու ընթերցողի հաճույքը չխաթարելու համար մեջբերումներ չեմ անի՝ հղումը տրված է։ Կբավարարվեմ միայն վերջին պարբերությամբ. «Կարծրատիպը թելադրում է՝ ոչնչացրու թշնամուդ: Իմացությունը պարտադրում է՝ գտիր նրան հաղթելու ճանապարհը: Կարծում եմ՝ կարիք չկա օրինակներ բերելու, թե այսօր ով է աշխարհի եւ թշնամու իմացությամբ իր հակառակորդի հանդեպ հաղթանակներ տոնում: Մենք մեր հակառակորդին ոչնչացնել չենք կարող: Ուրեմն՝ պարտավոր ենք հաղթել»:

Ավելի քան 25 տարի մտածել ու փորձել եմ կռահել, թե ինչու՞ էր Գրիգոր Բաբայանը հակադրել կամ՝ ավելի մեղմ, տարանջատել ոչնչացնելն ու հաղթելը։ Եթե նա այս բանը գրած լիներ պատերազմից վերադառնալուց հետո, կարելի կլիներ բացատրել ռազմի փորձառությամբ։ Գրել էր դրանից առաջ, գրել ու գնացել կռվելու։

Գնացել էր կարծրատիպի հետեւի՞ց, թե՝ իմացության։ Գնացել էր ոչնչացնելո՞ւ, թե՝ հաղթելու։ Դիմացը հպարտ ցեղի զավակ թո՞ւրքն էր, «որի խորհրդանիշ գայլը երբեք ոչ ոքի չի ծառայել ու չի ծառայում», թե՞ ադրբեջանցին, որ երեկվա մեր խաշնարածն էր ու մեր շուկաները մրգով-բանջարեղենով լիացնողը։

Դժվար է, իրոք, դժվար է կռահել՝ ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը։ Ցավոք, արդեն հնար չկա հենց իրեն հարցնելու եւ, անկեղծ ասած, այն ժամանակ էլ չկար, որովհետեւ ընկերական մեր շրջապատում նման հարց տալը հարգի չէր։

SIMPLEX DICTUM: Այսինքն՝ թե չապացուցված ու անբեկանելի ասվածք, խոսք։

Թշնամուն (հակառակորդին) ոչնչացնելը հասկացվում է ու չի հասկացվում։ Հատկապես որ կարծրատիպը նախադրյալ է. արյան ծովեր որոշ քաղաքներում, որոշ ազգի արցունքոտ մայրեր, հեւացող նահանջ, փլվող պարիսպներ ու ամրոցներ, անվերապահ կապիտուլյացիա… (Ո՞ւմ վկայությամբ ու հաստատմամբ…)

Իսկ եթե հաղթելը ոչնչացնելու այլընտանք է, ո՞րն է հաղթանակի սահմանը։

Աշխարհագրությո՞ւնը։ Ամեն երկրորդն ու մյուսը նշմարելի կամ աննշմար տեսադաշտում մի թուփ գիտի, որի տակ մի քար կա, որի վրա խաչ կա ու հայ գիր։

Պատմությո՞ւնը։ Պատմությամբ չես հաղթի, դա անսասան արժեք չէ։ Պատմությունն, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասում «Մեսրոպը» վիպակում՝  «Շունն ու կատուն» գրելու պես է։ «Լեոն հայերին էդպես է հնարել։ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»- ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը անգլխարկ»։

Իրավո՞ւնքը։ Իրավունքը ոչնչացման կամ զավզակության ժանրից է։ Իրավունքը իրավունք է մինչեւ թշնամու (հակառակորդի) վերջին շունչն ու լեղապատառ փախչողի վերջին կրունկը՝ մի կողմից, մյուս կողմից էլ բարձր վարձատրվող միջնորդների ճամարտակությունը՝ «տարածքային ամբողջականությունը մի քիչ գերակա է, բայց ինքնորոշումն էլ պակաս գերակա չէ» ձանձրալի կրկնաբանությամբ։

Դիվանագիտությո՞ւնը։ Դիվանագիտությունը հաղթանակ է խոստանում, բայց բոլոր կողմերին, եթե նրանք հրաժարվել են կարծրատիպի թելադրանքից, այսինքն՝ խոսքուզրույցը, առեւտուրը չեն տանում իրար ծնկի բերելով ինչ-որ բան ունենալու հունով, այլ փորձում են հաղթել հաղթելին։

Հակառակորդին հաղթելը հակառակորդից տարբեր լինելն է։ Եթե տարբեր ես, (բնության օրենքն է) չես կարող լինել նվաստ, վատը, տգեղ։ Բլրակի ու լեռան տարբերությունը ֆիզիկական չէ։ Ճահճի ու լճի տարբերությունը գեղագիտական է։ Մրջյունը երբեմն ավելի տպավորիչ է, քան հազար մարդ։

Հակառակ դեպքում՝ տարբերությունդ չի հասկացվում։

Հակամարտությունը միշտ խնդիր է առաջացնում. կողմերը նույնանալով են փորձում ոչնչացնել միմյանց՝ եթե դիմացինը սրիկա է, մենք ի՞նչ պակաս սրիկա ենք որ։

Ուրեմն՝ հակառակորդին հաղթելու համար պետք է քայլ անել, եւ այդ քայլը պետք է տարբեր լինի նրա հղացած-ծրագրած-դավադրածից։ Եւ միայն այդ քայլը կարող է ստույգ մատնանշել մեր տեղը, ուրույն տեղը՝ անգրավելի ու անհանձնելի։