07.03.2017 15:24

Արսեն Գրիգորյան. «Ռեինկարնացիա». Ծաղրածուները

Արսեն Գրիգորյան. «Ռեինկարնացիա». Ծաղրածուները

Հանրապետականը սարսափելի է նրանով, որ ոչ մեկին թույլ չի տա գոնե իր տանը լինել բարոյական։ Ոչ մեկին չի թողնի ժպտալ օրվա հացի արդարության համար։ Մարդու խաղաղ քունը Հանրապետականի թշնամին է։

Ցանկացած դատավոր սա գիտի։ Սա գիտեն նվաճումներ ունեցող մարզիկները։ Սա հայտնի է նույնիսկ դպրոցի գերազանցիկին, որովհետեւ որեւէ օլիգարխի սուպերմարկետում աշխատած մայրը նրան հանգամանորեն ամեն ինչ բացատրած կլինի։

«Ռեինկարնացիայի» ողբերգությունը այս թշնամության խրախճանքն է։ Մարդիկ վայելում էին որեւէ կեղտի մեջ չթաթախված այս խմբի երգերը։ Գնում էին նրանց համերգներին։ Խմբի յուրաքանչյուր անդամ գիտեր, որ ՀՀԿ-ն ավելի սարսափելի թշնամի է Հայաստանի եւ Արցախի համար, քան նույնիսկ ադրբեջանցի դիպուկահարը։ Գիտեին։ Ու միմյանց հաստատ էդ մասին ասած կլինեին։ Բայց երգեցին «թուրքից բեթար» թշնամու համար։ Երգեցին վաղվա կեղեքման, սպանությունների, արտագաղթի, վաղվա Միհրան Պողոսյանի կամ միայն խնամված մազերով ՀՀԿ-ացվող ուսուցչուհու համար։

Հանրապետականի ուղերձը «գեղեցիկ» էր՝ ես ցանկացած բարոյական ճեղք փակում եմ իմ անբարոյականությամբ։ Որեւէ այդպիսի ճեղք ցույց տվեք, եւ վաղը դուք դրա տերը չեք։ Այսինքն, մեզ ասում են՝ դողացեք, ասենք, «Որդան կարմիրի» վրա, որովհետեւ գուցե Երեւանի ավագանու ընտրություններում հերթը նրանն է։ Ինչու՞ է այսպես։ Որովհետեւ մեր բարոյական համակրանքները հենակետեր չունեն։ «Ռեինկարնացիան» մեզանով պաշտպանված չէր։ Նա չէր կարող ասել՝ եթե չծախվեմ, իմ ունկնդիրը ինձ կպաշտպանի։ Տեղում օդերը կփակեին, եւ թող ունկնդիրը ծպտուն հաներ։ Եվ իսկապես։ Եթե շոու բիզնեսը պաշտպանության կարիք ունի, ուրեմն ինքը դեռ ծախու դատավոր է։ Այսինքն, չունի այնքան անկախություն, որ եթե նույնիսկ իշխանության մտքով անցնի անբարոյականացնել նրան, չհաջողի։ «Ռեինկարնացիան» անկախ էր, մինչեւ առաջին պատահած հանրապետականը։ Դա վերաբերում է բոլորին՝ ովքեր երգում են, ովքեր նկարում են կամ գրում։

Ռեգգի ոճի երգող տղաներն իրենք են ասում, որ օժանդակ փողի կարիք չունեին։ Նշանակում է՝ հասկացնում են, թե ո՞րն էր մեր այլընտրանքը, եթե մերժեինք Հանրապետականին։ Ճիշտ է, իրենք դեռ փորձում են մի հատ էլ աքլորանալ իրենց արած հիմարության համար, բայց խորքում ակնարկում են Հանրապետականի հանդեպ անպաշտպանվածությունը։ Նրանց տեսահոլովակով Ֆեյսբուքում առաջինը կիսվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այսինքն, կնքեց նվաճված անբարոյականության հերթական էջը։ Աշոտյանը, Կառլ։ Մարդը մոտավորապես ասաց՝ ցույց տվեք հաջորդ բարոյականի տեղը, եւ մենք կգնանք նրա մոտ։ Մարդիկ դա անում են բաց տեքստով։ Կարող եք մտածել, որ եթե ծախվելու «հայու գենը» հնարավոր ծախվողի մեջ չլինի, ոչ մի փող դեր չի խաղա։ Այո։ Բայց... Էդ արդեն նրանց խնդիրն է, որոնք չեն էլ ենթադրել, որ «Ռեինկարնացիայի» տղաներն ընդունակ են երգել հանուն ՀՀԿ-ի։

Հրապարակային շոուն միշտ կես քայլ արդեն ՀՀԿ-ականացված է։ Որովհետեւ հրապարակային շոուն ողորմածության արդյունք է, եթե այն «անմեղ» է։ «Ռեինկարնացիան» «անմեղ» էր, մինչեւ ՀՀԿ-ն չմատնեց նրա անմեղության գինը։ Այսինքն, եթե տղաներն ընտրություն չունեին, այլ միայն վճարեցին հրապարակային լինելու ողորմածության տուրքը, ուրեմն պիտի ընդունեն, որ մինչեւ հիմա ծաղրածուություն են արել։ Որովհետեւ դրա հակառակն իրենց անակնկալի բերելն էր եւ առանց նրանց կարծիքը հարցնելու կլիպի մեջ խցկելը։ Եվ այս դեպքում ծագում է մինչեւ աշխարհի վերջը անպատասխան մնացող մի հարց՝ իսկ իրենք որտե՞ղ էին, երբ իրենց նկարահանում էին զուտ Սատանայի քարոզչական տեսահոլովակում։