07.03.2017 15:48

Վահան Թումանյան. Երբ կհոգնես, կգազազես աշխարհից

 Վահան Թումանյան. Երբ կհոգնես, կգազազես աշխարհից

«Անի» կենտրոնը հրապարակել է Միքայել Վարանդյանի գիրքը եւ հատվածաբար ներկայացնում է ֆեյսբուքահայությանը:

Ինչու՞, ի՞նչ է ասում ՀՅԴ գործիչն այսօրվա հայ մարդուն: Չեմ ուզում դատավոր լինել: Ուղղակի աչք է ծակում մի փաստ. Շուշիի 1905-07թթ. արյունահեղությունից հետո, պարզվում է, Դաշնակցության կենտրոն է հղվել գրություն, որտեղ սեւով սպիտակին գրված է, որ ժողովրդին պետք է վարժեցնել իրեն պաշտպանելու գործին (փոխադրում եմ հնարավորինս մեղմ ձեւակերպումներով)... Ասվածն ի՞նչ է նշանակում՝ կարելի է ենթադրել Վարանդյանի մեջբերած գրության տողատակերից... Արձանագրվում է, որ Շուշիի հայ «բուրժուազիան» այնքան էլ հոժար չէր զինված պայքարի ֆինանսական հովանավորությանը, կար ստիպելու անհրաժեշտություն... Որ ի՞նչ... Որպեսզի հայ «բուրժուան» միջոցներ տրամադրի «հեղափոխական գործի կազմակերպմանը»...

Դար է անցել, իրադարձությունների մանրամասնությունների մեջ խորանալու հարկ չկա: Ուղղակի աչք է ծակում ՀՅԴ գաղափարախոսի կարծիքը, որ Արցախն այսօր մարտավարական հանգրվան է, որից հետո պետք է կերտվի ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը... Պարզապես ճչում է Դաշնակցության տեսակետը, թե Արցախի հարցը պետք է որոշի համայն հայությունը... Եւ վրադիր՝ ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթը, որ պետք է հոգալ... Սփյուռքի գաղթօջախների անվտանգության կարիքները... Ո՞վ պիտի հոգա, Հայաստա՞նը... Զավե՞շտ է, թե՞ սեւ զառանցանք՝ որ Հայաստանը պետք է հոգա, դիցուք, երկու միլիոն ռուսահայերի անվտանգությունը...

Իսկ Ռուսաստանը չի՞ հոգում ազգությամբ հայ իր քաղաքացիների անվտանգությունը... Իրանը չի՞ հոգում... Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն անպաշտպա՞ն են թողել հայազգի քաղաքացիներին... Վրաստանը չի՞ ապահովում ջավախահայության անվտանգությունը... ...Երբ կհոգնես, կգազազես աշխարհից/ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից,- բանաստեղծության մեջ գեղեցիկ է հնչում, քնարականորեն՝ հուզիչ: Բայց դա մարդու ճակատագիր է, անավարտ կամ չսկսված սիրո պատմություն...

Երբ գործ ունես երկրի, ժողովրդի հետ՝ հարկավոր է մի կողմ թողնել սենտիմենտը եւ ընտրել հնարավոր չարիքներից ամենաքիչ վտանգավորը... Երկիրը փորձադաշտ չէ, ժողովուրդը՝ «ճագար», որին մի մասով կարելի է զոհաբերել, որպեսզի փրկվածներին հետո անընդմեջ համոզես, թե կարելի էր հաղթել, բայց «հղփացած բուրժուաների մեղքով» ամեն ինչ ձեռքից բաց թողեցինք: Բավական է..