08.03.2017 10:30

Լիզա Ճաղարյան. Ամոթ բաժանելիս՝ երեւի ջեմով կոնֆետի հերթի մեջ է եղել

Լիզա Ճաղարյան. Ամոթ բաժանելիս՝ երեւի ջեմով կոնֆետի հերթի մեջ է եղել

Ասում է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեեւ ոգեւորիչ որեւէ բան ասելու հիմք չէի տեսնում»:

Չգիտենք՝ ում է խոստացել. գուցե իր տնեցիների՞ն։ Դե, չխորանանք, պարոնը «խոստացել էր», ու քանի որ ինքն իր բոլոր խոստումները «կատարել է» միշտ, հիմա հե՜չ չի ուզում, բայց ստիպվա՜ծ է պարզաբանել (շատ ազնիվ ցեղից է ախր), թե ինչու այս անգամ՝ առաջի՛ն անգամ խոստումը չի կատարում եւ «չի արձագանքում մի քանի արդիական հարցերի»։ Ասում է. «Ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել»։ Էլի ինչ-որ բաներ է ասում, «քաջատեղյակ», «առկա իրողություններ» «ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասներ», որոնք «մեկնաբանելու, առավել եւս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն» չունի։

Ասում է՝ չունի, բայց մտնում է։ Երեւի ներքին դիմադրությունն իր պատկերացրածի չափ մեծ չէ, դրա համար է շարունակում։ Մի հարցնող լինի՝ ինչի՞ էիր սկսում, որ հիմա էլ ներքին դիմադրությունդ քեզ էսպես սեւերես է անում ու ստիպում, որ շարունակես։ Ցանկություն չունեի՞ր, ներքին դիմադրությունդ էլ էդպես շշմեցուցիչ մեծ էր, կանչեիր քո հավատարմագույն խոսնակին ու ասեիր, որ շա՜տ զգուշորեն (դե, որ հանկարծ այդ դաժան հարվածից կաթված չստանային) հայտներ նրանց այդ «բոթը», ում խոստացել էիր հարցազրույց տալ, որ այլեւս էդ խեղճերն աչքները ջուր կտրած չսպասեին։ Էլ ինչու՞ էիր նեղություն քաշում, միլիարդներ բերող բիզնեսիդ բարձունքներից իջնում ու իրար հետեւից շարում «մարգարիտներդ»։ «...Այդպիսով, - ասում է, - այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերեւս կմասնակցեն ձայների աճուրդին»:

Էս ի՞նչ է ասում։ ...Չէ, սխալ հարցադրում էր։ Էս ո՜վ է ասում։ Այո, ճիշտ եք՝ «գաղափարական պայքարում թրծված» Ռոբերտ Քոչարյանն է ասողը։

Էլ հանուն ինչի՞, եթե ոչ՝ հանուն գաղափարի՝ այս մարդու նախագահության օրոք Հայաստանում սկսեցին իրար հետեւից սպանվել եւ երկու կրակոցով «ինքնասպանվել» բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանուն գաղափարի չէ՞ր արդյոք այս մարդն առանձնացել հոկտեմբերի 27-ի «ռոմանտիկ նարկոմանների» պարագլխի հետ, եւ մինչ օրս ոչ մեկի հայտնի չէ, թե ինչ են խոսել երկրի առաջին դեմքը եւ ահաբեկիչը։ Հո կասկածող չկա՞, որ «Պապլավոկ»-ում Պողոս Պողոսյանը սպանվեց միմիայն հանուն գաղափարի, եւ այդ գաղափարախոսությունն իրենց ուսերին առած քոչարյանական մարդասպանները չպատժվեցին։ Միմիայն հանուն գաղափարի էին ընտրությունների շրջանում ընտրատեղամասերում Քոչարյանի կամակատարները փոքրիկ պատերազմիկներ սանձազերծում ու խայտառակ ընտրակեղծիքներով նախապատրաստում հենց այն իրավիճակը, որը հավատարմորեն շարունակում է հենց այն նույն թիմը, որին ջրել ու աճեցրել է հենց ինքը՝ գաղափարական Քոչարյանը։ Եվ որպեսզի հանկարծ «չար ուժերը» իր այս «մարդասիրական եւ ժողովրդավարական» գաղափարները ոտնատակ չտան, պարզ չէ՞, որ այս կարկառուն գաղափարակիրը պետք է իր հեռանալուց առաջ ամեն գնով ապահովեր հենց նրանց վերարտադրությունը, որոնց հենց ի՛նքն է վարժեցրել ու «կրթել»։ «Գինն» էլ արյունոտ Մարտի 1-ն էր, առնվազն տասը երիտասարդի սպանությունն էր, հարյուրավոր քաղաքացիների ազատազրկումն էր, հազարավորների հուսահատ արտագաղթն էր, ոստիկանների բեսպրեդելն էր, իր սեփական թալանի անվտանգության ապահովումն էր։

Այսինքն՝ հասանք «քսակին»։

Եթե աշխարհից անտեղյակ, այլ մոլորակից Հայաստան ժամանած մի շփոթված մարդ կարդար Քոչարյանի հայտարարությունը, երեւի կմտածեր՝ էս մարդը հաստատ իր տանը նստած՝ գլուխը կախ ապրում է պետությունից ըստ Սահմանադրության իրեն հասանելիք աշխատավարձով, մի հատ էլ քսակ ունի՝ կարկատած, մեջը մետաղադրամներ է հավաքում սեւ օրվա համար։ Հասարակության հիշողությունն էլ այնքան կարճ է, որ արդեն մոռացած կլինի, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու մեծաբերան խոստմամբ Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, հետո շատ արագ մոռացավ խոստումը, թե ինչպես մի քանի տարում միլիարդներ դիզեց, եւ թե ինչպես է հիմա չափչփում հողագունդը, ճանապարհին էլ մեկ-մեկ՝ հենց միտքը ծռվում է՝ թեքվում է աֆրիկաների կողմերը, որ սպանված առյուծ հեծնի երջանկությունից փայլող դեմքով։

Բայց միլիարդը՝ միլիարդ, միեւնույն է՝ իշխանությունը քաղցր բան է, ու Քոչարյանը չի հանգստանում։ Սողանցք է փնտրում, որ նորից մի հրաշքով թամբին հայտնվի։ Ի վերջո, հո միայն իշխանության հա՞րցը չէ։ Էս մարդը արյուն է թափել ներկա իշխանության վերարտադրման համար, եւ սրանք իրեն արդեն քանի տարի է հասկացնում են, թե՝ բավարարվիր քո դիզած միլիարդներով, մենք քեզ իշխանություն տվողը չենք։ Հո չի՞մարսելու, ուզում է ախր հատ-հատ պատժել։

Դե, այսքանից հետո էլ ի՞նչ կարող է անել, ստիպված դարձել է «գաղափարական» մարդ ու ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր մասին, որ տեսնի՝ Լինսի հիմնադրամի փողերով ճանապարհների ասֆալտապատման մասին կհիշի՞ «երախտամոռ» ժողովուրդը, թե՞ կքմծիծաղի նախկին երիտասարդ թոշակառուի գաղափարական ծամածռությունների վրա։       

Դժվար թե չհասկանա, որ քմծիծաղում են։ Դժվար թե չհասկանա, որ ի՛ր դեմ ի՛ր իսկ աշակերտները պայքարում են ի՛ր իսկ տված դասերով։ Հրաշալի է հասկանում, բայց դե մտածում է՝ փորձը փորձանք չի, մի անգամ էլ փորձեմ, մեկ էլ տեսար՝ կպավ։

Հավանականությունը մեծ է, որ Քոչարյանի հաջորդ «գաղափարական» խոսքը կենդանիների պաշտպանության մասին է լինելու։