08.03.2017 13:14

Հարութ Ուլոյան. Բանակցությունները Տեր-Պետրոսյանի օրոք եւ հետո (մաս 2)

Հարութ Ուլոյան. Բանակցությունները Տեր-Պետրոսյանի օրոք եւ հետո (մաս 2)

Մաս 1

Տարբեր «կողմերից» շրջանառվող խոսակցություններից է նաև հետևյալը.

Արցախի հարցում ինքնորոշման սկզբունքը, որի մասին խոսում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, որը և ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում, իբր, լրջագույն դիվանագիտական հաղթանակ է` ձեռք բերված 1998թ. իշխանափոխությունից հետո: Ավելին, ամեն գնով պնդում են, որ մինչև 1998 թվականը Արցախի ինքնորոշման հարց օրակարգում չի եղել: 

1. Նախ` փաստենք, որ առնվազն մինչև 1998թ. Արցախը միջազգային հանրության կողմից, այդ թվում` Ադրբեջանի կողմից, ճանաչված է եղել բանակցությունների, հակամարտության լիիրավ կողմ: Արցախը, օժտված լինելով նման մանդատով, արդեն իսկ «ինքնորոշված» էր: Միջազգային հանրության կողմից ընդունված էր սեփական բախտը տնօրինելու Արցախի իրավունքը. Արցախը, ըստ իր հայեցողության, ընդունում կամ մերժում էր առաջարկվող կարգավորման ցանկացած ծրագիր: Այսինքն` 1998 թվականից հետո մեր իշխանությունների կողմից Արցախին նման մանդատից զրկելն արդեն իսկ ինքնորոշման սկզբունքի ոտնահարում էր:

2. Երբ խոսվում է կոնկրետ կարգավորման ծրագրում ինքնորոշման սկզբունքի ամրագրման մասին, ապա պետք նկատի ունենալ, որ միջազգային հանրության կողմից այդ սկզբունքին համարժեք սկզբունք է համարվում նաև պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, այսինքն` ինքնորոշման սկզբունքի ամրագրման դեպքում` ամրագրվում է նաև տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ընդհանրապես, Արցախի հարցի լուծման բարդությունն այն է, որ հայկական կողմը հարցի լուծումը մշտապես տեսել է ինքնորոշման հարթությունում, իսկ Ադրբեջանը` տարածքային ամբողջականության: «Սայլը տեղից չշարժվելու» բուն պատճառը հենց դա է: Ուստիև կարգավորման ծրագրում այդ սկզբունքների ամրագրումը ոչնչով չի կարող նպաստել հարցի կարգավորմանը, այլ, ընդհակառակը, բանակցությունների ընթացքում պարբերաբար «ավելորդ» բարդություններ է առաջացնելու:

Տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը հանգեցրել է նրան, որ, ըստ էության, Արցախի ինքնորոշման հարցը կապվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Հենց սա էր հանդիսանում այն պատճառը, որ 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվում էր որպես Արցախի հարցի կարգավորման հիմք ընդունել ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին սկզբունքները (1), նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց և խափանեց այդ առաջարկի ընդունումը (2): Ավելին, նույն երկու սկզբունքներն ամրագրված են եղել նաև 1997թ. «Փաթեթային» տարբերակում, սակայն Հայաստանը առարկություն է ներկայացրել՝ պնդելով, որ «Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-ԼՂ հարաբերությունները, և չի հստակեցվել ԼՂ քաղաքական կարգավիճակը» (3):

Ինչևէ, որքան էլ ոմանք շարունակեն պնդել, թե ինքնորոշման սկզբունքը, իբր, միայն 1998 թվականից հետո է շրջանառվել, փաստերը լրիվ հակառակն են ապացուցում: Թե ինչո՞ւ են այդ սկզբունքի ամրագրումը հաղթական ձեռքբերում համարողները համեստաբար լռում նաև մյուս սկզբունքի, այն է` տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրման մասին, դժվար չէ կռահել: Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք: Արցախի հարցում ցուցաբերվող անտարբերությունն ու պոպուլիզմը՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից, դատապարտելի է բոլոր իրավիճակներում: Կա իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել:

 

(1)http://www.osce.org/ru/mc/39543?download=true

(2)https://www.youtube.com/watch?v=PjK1Duh2N9o

(3)http://www.aniarc.am/2016/04/21/nk-package-1997-july/