09.03.2017 16:37

Արսեն Գրիգորյան. Օկուպացված ընտրողը

Արսեն Գրիգորյան. Օկուպացված ընտրողը

Այս խորհրդարանի եւ նախորդ բոլոր ընտրությունների ամենամեծ ծուղակներից մեկն այն է, որ Արցախի հարցի կարգավորումը միշտ փորձել են տարանջատել ընտրություններից: Այսինքն, ասվում է, թե Արցախը համազգային հարց է: Իսկ ընտրությունների թեման ընդամենը մեր առօրյա դարդերն ու ցավերն են, որոնք մեկի համար Արցախից էլ բեթար համազգային են, մյուսի համար՝ լոկալ թիթիզություն, «արժե՞ Արցախի հարցը բերել կապել տուկի թելի ու տրակտորների հետ»:

Արցախի ճակատում գրանցված հաղթանակները ինքն իրեն հաղթահարած մարդու, ստրկության սարսափից ցնցված ժողովրդի հաղթանակներ են: Այսինքն, ովքեր մաս են ունեցել Արցախի ազատագրմանը, ազատության սրված զգացում են ունեցել: Իրենք համարել են, որ Ադրբեջանի լուծը նշանակում է կեղծել այդ հողի վրա ապրողի ազգությունը, այսինքն, հայ լինելը ոչինչ չի նշանակում, անձնագրային տվյալ է, որը մի օր դուրս կմղվի, կամ հենց հայը դուրս կմղվի:

Ընտրությունները նույնպես այդպիսի բան են: Այստեղ էլ դու պետք է ունենաս ազատության եւ օկուպացիայի հակադրության զգացումը: Ընտրությունից ընտրություն մեր մեջ խորանում է օկուպացումը: Արդեն ոչ միայն մեր կամքն է օկուպացված, այլեւ՝ զգացումները: Քաղքենին վերջնականապես հաստատեց իր դիրքերը Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ արդեն բանակցություններով հարցի կարգավորում չկա, դիտորդներով իրավիճակի լուծում չկա, մենք պարզապես հրաժարվում ենք ընտրություն անել: Գյուղացիներն օրը ցերեկով հեռուստաէկրանների առաջ թեկնածուներից փող են ուզում հենց նրանց օգտին քվեարկելու համար: Քաղաքացիները հանգիստ պատմում են, թե ինչպես են աջ ու ձախ շռայլում իրենց անձնագրերի համարները այս կամ այն քաղաքական ուժի կամ ռեյտինգայինով առաջադրված թեկնածուի շտաբին:

Ընտրությունն այլեւս քաղաքակրթական բնական նորմ չէ: Ոչ ոք չի խոստովանում իր օկուպացվածությունը, սակայն պատրաստ է կրծել նրա կոկորդը, ով կխոսի գրավյալ տարածքները Արցախի անկախության կամ միջազգայնորեն ընդունված այլ ճանապարհով զիջելու մասին: Ո՞վ կասի, թե ինչու է այսպես: Ոչ ոք: Ո՞վ կխոստովանի, որ զիջել է քաղաքացու իր դիրքերը 5 տարվա կտրվածքով 5 հազար դրամ աշխատելուն: Ու շատ տրամաբանական է, որ այսպիսի քաղաքացին ամբողջ հինգ տարի պետության մասին կխոսի ոչ թե իրավունքի տեսանկյունից՝ այլ բամբասելու: Բամբասանքը նրա ե՛ւ իրավունքն է, ե՛ւ ազատությունը, ընդ որում՝ դրանց կխառնի իշխանության վիզը կտրելու հրամայականը եւ «ընդդիմություն չկա» իր մեջ քննություն չբռնած համոզմունքը:

Մենք գիտենք, թե ինչ «մեսիջ» է թողնում արտագաղթողը, երբ ձեռքերը լվանում է Հայաստանի Հանրապետությունից: Բայց դժվար է ասել, թե որն է այստեղ մնացողի «մեսիջը», եթե նրա քաղաքացիությունը ամբողջ թոքերով սեփական բամբասանքի եւ դրա մեջ «արյան ծարավը» հռչակելու իրացումն է: Այսպիսի քաղաքացին ներաշխարհ չունի: Ինքը չի իմանա, թե ինչ փնտրի այնտեղ, որովհետեւ այլեւս չգիտի, թե ինչ է կորցրել:

Այսպիսի մարդուն այլեւս չես հասկացնի, որ դու օկուպացվածն ես, որ քո օկուպացման չարիքը քո մեջ է, ոչ թե՝ նրա, ով քո շնչին է: Դու ես նրան զիջել միայն քեզ վերապահված տարածքները, որ էդ տարածքները աչքով տեսանելի չեն, նույնիսկ ատոմային ռումբով հասանելի չեն նրան, ով ուզում է տիրանալ: Դրանց առանց զիջելու ոչ ոք չի տիրանա: Դրանց վրա գրոհելով չէ, պետք է հրավիրես, որ գրավեն էդ տարածքները: Ինքը գրավում է, բայց դա չի նշանակում, որ դու դիմադրում ես: Դու միակ օկուպացվածն ես պատմության մեջ, որը «տեղում» չէր, երբ իրեն գրավում էին: Ահա թե ով ես դու, միստր կամ միսիս 5 հազար դրամ: Շնորհակալություն ուշադրության համար: Եվ ներողություն, եթե մեղադրանքի նման հնչեց: