10.03.2017 10:30

Առաքել Թավրիզյան. Ալեքսանդրապոլի սինդրոմը

Առաքել Թավրիզյան. Ալեքսանդրապոլի սինդրոմը

Գեղարքունիքում ընտրողների հետ հանդիպմանը ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը ասել է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով եթե խաղաղություն հաստատվի, «պատերազմում ավելի շատ ենք կորցնելու, գալու են հասնեն Զանգեզուր, Սեւան»։ Բացառիկ երեւակայություն պիտի ունենալ՝ Ղարաբաղում խաղաղություն հաստատելու գաղափարը նենգափոխելու համար նոր եւ Հայաստանի համար ավելի կորստաբեր պատերազմի սպառնալիքով։

ՀՅԴ-ն երեւակայության հարցում երբեք վերջին տեղում չի եղել, բայց այս դեպքում երեւում է՝ գործ ունենք նրա ենթագիտակցության մեջ ամուր նստած սինդրոմի հետ, որը պայմանականորեն կարելի է անվանել «Ալեքսանդրապոլի»։ 1920 թ. ամռանը Ռուսաստանն ու նաեւ քեմալականները Հայաստանին առաջարկում էին հրաժարվել Սեւրի սպասումներից, գործնական բանակցություններ սկսել եւ վերջ տալ պատերազմին։ Հայաստանի Բյուրո կառավարությունը մերժեց։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը, որը դեկտեմբերի 2-ին ավարտվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով։ Հայաստանը պարտավորվեց ընդմիշտ հրաժարվել Սեւրի պայմանագրով տարածքներից, Թուրքիան տիրացավ Կարսի մարզին, Իգդիրի շրջանին, իսկ Նախիջեւանը ճանաչվեց ինքնորոշվող։ Հայաստանի տարածքը փաստացի կիսով չափ կրճատվեց։

Նույն օրը Բյուրո կառավարությունը «Հայաստանի ղեկը փոխանցեց» բոլշեւիկյան Հեղկոմին՝ ստանալով ապահովության երաշխիքներ։ Խոսելով Զանգեզուր եւ Սեւան ադրբեջանցիների «հասնելու» մասին, ՀՅԴ-ն, կարծես, ժողովրդին նախապատրաստում է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը կհարձակվի, կճեղքի Արցախի պաշտպանությունը, իրոք կծագի Սյունիքը եւ Սեւանը կորցնելու սպառնալիք, եւ այդ ժամանակ միայն իմաստ կունենա հակառակորդի հետ գնալ բանակցելու...

Աղվան Վարդանյանը մոռանում է, որ Ալեքսանդրապոլում եթե հնարավոր չէր բանակցել Կարսի պատկանելության մասին, ապա ադրբեջանցիների Զանգեզուր եւ Սեւան «հասնելուց հետո» էլ Ղարաբաղի հարցն է ընդմիշտ փակվելու, եւ Զաբուխի վրա դաշնակների կառուցած մինի հէկը մնալու է Ալիեւին։ Իսկ եթե այսօր բանակցություններ սկսվեն, Ղարաբաղը եւ Լաչինը մնալու են հայկական, Քելբաջարը՝ վիճելի։ Եւ պատերազմի հարցը փակվելու է։ Խաղաղության եւ բարիդրացիության գնացող ուժը դա է ասում։