10.03.2017 11:33

Վահան Թումանյան. Ինչու՞ են հրճվում

Վահան  Թումանյան. Ինչու՞ են հրճվում

Միայն Հայաստանում է հնարավոր արձանագրել բանակցությունների դադարեցումը եւ դրանից կենդանական հրճվանք ապրել։ Ասես՝ դա հաջողություն է, խոշոր դիվանագիտական շահում, որ վաղը դառնալու է մեծ խաղադրույք։ Իրականում ավելի վատ բան, քան Ղարաբաղի հարցով բանակցությունների դադարն է, չի կարող լինել։ Եւ պետք է պարզ լինի, որ եթե բանակցություններ չկան, մեծանում է պատերազմի վերսկսման հավանականությունը։ Իսկ պատերազմը նոր զրկանք է, տառապանք, հիասթափություն եւ երկրի մարդկային կենսունակ վերջին ռեսուրսների փոշիացում զոհերի, վիրավորների եւ արտագաղթողների տեսքով։

Բանական էակը նման հեռանկարից պիտի միայն տագնապի եւ հնարավորինս անի, որ դա երբեք իրականություն չդառնա։ Իսկ Հայաստանում հրճվողներ կան։ Եւ այնքան «անկեղծ» են հրճվում, որ ակամայից կասկածում ես՝ իսկ նա իր սրտի՞ խոսքն է ասում, թե՞ նախընտրական այս շրջանում, մի կողմից՝ մարդկանց ահ է ներշնչում, ձեռի հետ էլ՝ իշխանությունների գովքն է անում, որ, պարզվում է՝ 20 տարում հասել են նրան, որ Ղարաբաղի հարցով բանակցություններից հրաժարվում են։

Ա՛յ, սա ցնցող «արդյունք» է. 8000 ք/կմ տարածքով Ղարաբաղի անկախությանը հասնելու կոչով գալ իշխանության, մի տասնամյակ բանակցել «փարիզյան սկզբունքների» շուրջ, բայց հաջորդին ժառանգություն թողնել «մադրիդյան սկզբունքները», իսկ եւս տասը տարի անց խզել բանակցությունները եւ իրավիճակը վերադարձնել քառորդ դար վաղեմության պատերազմականին՝ միայն Հայաստանում է հնարավոր, քանի դեռ երկրում կա բանակցությունների տապալումից ցնծացողների որոշակի խումբ... Պատերազմի հավանականության իշխանական քարոզչությունը բխում է ընտրապայքարի տրամաբանությունից։ Անհասկանալին կողքից «դամ պահողների» կեցվածքն է, իրենք ի՞նչ են ակնկալում։ Պատգամավորական մի քանի մանդա՞տ։ Իսկ արժե՞ այդ գնով մտնել պառլամենտ։

Չէ՞ որ, միեւնույն է, եթե անգամ եւս մի պատերազմ սկսվի եւ դարձյալ ավարտվի հայկական կողմի հաղթանակով, Ղարաբաղի խնդիրը լուծվելու է բանակցությունների միջոցով։ Ի՞նչ իմաստ կա խաբելու ժողովրդին։ Ընտրություններից հետո Ղարաբաղի հարցով բանակցությունները վերսկսվելու են, եւ ինչ իշխանություն էլ որ ձեւավորվի՝ վերադառնալու է սեղանին դրված փաթեթին։