10.03.2017 14:58

Վարդան Հակոբյան. Այդ մարդը միայն մի հետաքրքրություն ունի՝ իշխանություն և փող

Վարդան Հակոբյան. Այդ մարդը միայն մի հետաքրքրություն ունի՝ իշխանություն և փող

Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը արդեն համարժեք արձագանքներ եղել են՝ «գաղափարական պայքարի», «իր ներքին պայքարի», «փողի քսակների» մասով։ Մեր կողմից միայն ավելացնենք Քոչարյանի սիրելի "чья бы корова мычала, а твоя бы молчала" արտահայտությունը: Բայց այս հայտարարության զավեշտն այլ տեղում է: Քոչարյանի միակ թիրախը նոր Սահմանադրությունն է՝ իր սահմանած նոր ընտրակարգով։

Ճիշտ է՝ դրան դեմ էր մեր հասարակության մեծագույն մասը, և այն մեծագույն կեղծիքների գնով փաթաթվել է մեր հասարակության վզին։ Բայց դա արդեն անցած է, այդ Սահմանադրությունն, ուզենք թե չուզենք, գործում է։ Կգա ժամանակ, հնարավոր կլինի այն դարձնել օրակարգային հարց՝ կդարձնենք ու կփոխենք (Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, օրինակ, իր ծրագրում ունի կառավարման նախկին մոդելը վերականգնելու խնդիր)։ Բացի այս հարցից՝ Քոչարյանի համար երկրում այլ հարց չկա:

Ո՛չ Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների, ո՛չ հնարավոր պատերազմի, ո՛չ համակարգային կոռուպցիայի, ո՛չ բանակի կամ ազգ- բանակի, ո՛չ տնտեսական կոլապսի: Մարդուն միայն հետաքրքրում է Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը վերացնելու հարցը: Որովհետև սրանով վերջնականապես փակվում է նրա` իշխանություն վերադառնալու հեռանկարը: Բացի իր այս երազանքից՝ մնացածն իր համար զրո արժեք ունեն:

Ինչ Հայաստան, ինչ Արցախ, ինչ արտագաղթ, ինչ պատերազմ: Այդ մարդը մեկ հետաքրքրություն ունի՝ իշխանություն և փող: Ու նման մարդը 10 տարի Հայաստանի ճակատագիրը որոշողն է եղել: Հետևանքներն այսօր տեսնում ենք: