10.03.2017 15:43

Անվտանգություն և առաջընթաց, կամ ինչպես ձեռ առնել ողջ հասարակությանը

Անվտանգություն և առաջընթաց, կամ ինչպես ձեռ առնել ողջ հասարակությանը

«Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը շատերին նախընտրական նշանաբան կթվա միայն, բայց այն իրականում հասարակությանը  մոլորեցնող ծրագիր է, որի մասին կցանկանայի մանրամասն խոսել:

Անվտանգություն՝ նշանակում է անվտանգ լինել: Հիմա եկեք ղարաբաղյան կարգավորման հիմնահարցի իշխանական տեսակետները պրոյեկտենք անվտանգ լինելու հետ: Ի՞նչ է առաջարկել ու առաջարկում այս իշխանությունը 1998 թվականից սկսած. մի պարզ բան՝ անորոշություն, որը կոչվում է ստատուս-քվո: Ստատուս-քվոն ու «անվտանգությունը» երբեք չեն կարող համադրելի լինել, որովհետև անվտանգ լինելը հստակ գործողություններից կազմված ու նյութականացող քաղաքականություն է, իսկ ստատուս-քվոն մի վիճակ է,  երբ չես կարող հասկանալ հաջորդ քայլի տրամաբանական շարունակությունը, որովհետև նրա նյութականանալու հնարավորությունը նման է խաղադրույք անելու՝ երբ դու քո բոլոր միջոցները դնում ես խաղադրույքի՝ այն հույսով, թե կշահես դրա  կրկնապատիկը, բայց իրականում  գիտես, որ դա միայն քեզանից չէ կախված, այլ այդտեղ կան մի շարք այլ գործոններ…

Հիմա մեզ ասում են, որ մինչև չզարգանանք, հանարավոր չէ գնալ փոխզիջումային կարգավորման, այնուհետև այդ ամենին գումարում են անվտանգ ապրելու նշանաբանը: Եթե մենք չենք գնում փոխզիջման, այլ սպասելու ենք մեր զարգացմանը, ապա անվտանգության մասին խոսելն այլևս նշանակում է մոլորեցնել հասարկությանը: Երբ  ասում եք, որ մենք պետք է զարգանանք, դա դեռևս չի նշանակում, որ զարգացանք, դուք ընդամենը ցանկություն եք հայտնում: Իսկ ցանկություն հայտնելն ու իրական քաղաքականությունը լրիվ տարբեր բաներ են: Աշխարհաքաղաքական գործընթացները չեն սպասելու մեր ցանկությունների իրականացմանը, դրանք ամեն վայրկյան կարող են աշխատել մեր դեմ, ու այդ ժամանակ մեզ չեն գթալու այն պատճառով, որ մեզ ղեկավարողը ավազակ էր, այլ թելադրելու են իրենց խաղի կանոնները:

Երբեք պետք չէ պետականությունը նույնականացնել Սերժիկի կամ մեկ այլ չինովնիկի հետ: Եթե այդ պետականությունը կանգնած է լինում բախտորոշ ընտրության առջև, այդ ժամանակ անձերը դառնում են երկրորդական, իսկ հիմնական գործունեության ձևը լինում է պաշտպանել երկրիդ պետական շահերը: Իսկ սպասել նրան, որ Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ դու կստեղծես մրցունակ պետություն, նշանակում է՝  ներկայիս վիճակը դնել խաղադրույքի, որովհետև հարց է՝ դու այս պահին արդյոք կարո՞ղ ես հեռացնել այս իշխանությանը, և երկրորդ՝ ի՞նչ ժամկետներում կարող ես ստեղծել այնպիսի քաղաքական ու տնտեսական վիճակ, որ հնարավոր կլինի դիմակայել  պատերազմական մարտահրավերներին: Ինչո՞ ւ եմ ասում՝ դիմակայել: Որովհետև զարգացած լինելով՝ որոշակի  ժամանակ կարող ես դիմակայել, բայց դա երբեք չի կարող պատճառ հանդիսանալ հարցի վերջնական կարգավորման համար:

Իրականում իշխանության ասած անվտանգությունը հերթական սուտն է, որ փաթաթվում է հայաստանյան հասարակության վզին, բայց այս անգամ ցավալին այն է, որ այդ սուտը նաև իշխանության ընդդիմախոսների համար էլ դարձել է հիմնական ասելիք արցախյան հիմնահարցի հետ կապված: Եթե ժամանակին նման կերպ էին մտածում բանակայինները՝ ազգային պահպանողականների հետ միասին, այսօր այդ նույն դաշտում են հայտնվել նաև մի շարք լիբերալներ, ովքեր շատ դեպքերում ավելի դեստրուկտիվ են մոտենում այդ հարցին, քան նույն իշխանությունները, ովքեր 19 տարի շարունակ ամեն բան արել են հայկական կողմի թուլացաման համար:

Անվտանգության նշանաբանից հետո խոսվում է առաջընթացի մասին: Ի՞նչ է նշանակում առաջընթաց, երբ դու անվտանգություն ասածը լղոզում ես ուռա-հայրենասիրական պատկերացումներով: Մշտական պատերազմական վիճակի մեջ գտնվող երկիրը չի կարող  ունենալ առաջընթաց, դա նոնսենս է: Եթե դու պատերազմում ես, ապա բնական է, որ քո ռազմական ծախսերը ավելի շատ են լինելու, քան կառավարման մյուս ինստիտուտների ծախսերը, եթե ինչ-որ մեկը փորձի հակառակը համոզել, ապա նա սովորական ստախոս է, այսինքն՝ դա նշանակում է, որ եթե իշխանությունները չհիմնավորված անվտանգությունից հետո ասում են առաջընթաց, ապա նրանք ստում են բացահայտորեն: Մենք ապրում ենք ազատ շուկայական հարաբերությունների դարաշրջանում, ու բնական է, որ մեր պետականությունը պետք է իր զարգացման ելակետը համարի ազատ շուկայական հարաբերությունների մշակույթը, իսկ փակ սահմաններով  մրցունակ շուկա կառուցել անհնար է, որովհետև շատ կարճ ժամանակ հետո այդ շուկան կսպառի իրեն: Այսօր որոշ վերլուծաբաններ ակնհայտորեն չեն ուզում ընդունել այս ամենը ու այդպիսով իշխանության ջրաղացին ջուր են լցնում:

«Անվտանգություն, առաջընթաց» կարգախոսը ազգ- բանակ կոնցեպցիայի տրամաբանական շարունակությունն է: Իշխանությունը, այս մոտեցմամբ, ողջ պատասխանատվությունը հերթական անգամ իր վրայից փորձում է վերցնել ու դնել  ողջ հանրության վզին,  որովհետև նրանք այս քարոզչությամբ պատերազմը թողնում են ազգային զգացմունքների վրա: Այդ դեպքում ցանկացած տիպի ձախողում չի ունենալու հստակ հասցեատեր, իսկ դա նշանակում է վերջնականապես մոլորեցնել հայաստանյան հասարակությանը:

Մոլորեցնող ու խաբող իշխանությանը չի կարելի հավատալ: Չի կարելի հավատալ այդ իշխանության մոտեցումներով առաջնորդվող մյուս քաղաքական ուժերին ևս: Քանզի ազգային զգացմունքներն ու այդ զգացմունքներից ծնված ցանկությունները իրական քաղաքական հնարավորությունների հետ լղոզելու արդյունքում մենք մշտապես շատ ենք կորցրել ու հիմա էլ կշարունակենք կորցնել:

Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն:

Գագիկ Քամալյան