10.03.2017 16:08

Լիզա Ճաղարյան. Պահանջում եմ միհրան պողոսյանի ինքնաբացարկը

Լիզա Ճաղարյան. Պահանջում եմ միհրան պողոսյանի ինքնաբացարկը

Երեկվանից փորձում եմ խորը շունչ քաշել, ներշնչել-արտաշնչել, որ կարողանամ սարսռեցնող ծանր թեմայի մասին հնարավորինս չափած-ձեւած գրել։

Իսկ չգրել չեմ կարող։

Հանդուրժել, որ բոլորիս աչքի առաջ «ուկլադկա արած» մազերով մեծապատիվ մուրացկան ոմն կնիկ քծնանքից ու ստորաքարշությունից փսլնքոտած դեմքով խնդրի ոմն յոթ ճանապարհների ավազակի, որ սա «թույլ տա» զոհված զինվորի մորը՝ ելույթ ունենալ էս յոթ ճանապարհների ավազակի քարոզարշավի ժամանակ, ու սա էլ՝ էս յոթ ճանապարհների ավազակը «մեծահոգաբար», ձեռքի անփույթ շարժումով «թույլ տա» (իբր՝ տեղյակ չէր, իբր՝ անսպասելի էր իր համար, իբր՝ ի՛նքը չի հացկատակներին ուղարկել սգավոր մայրերի տուն, որ հիշեցնեն, թե ինքն ինչ «լավություններ» է արել նրանց, իսկ ամեն «լավություն» գին ունի, չէ՞), որ սգավոր մայրը՝ բացակա հայացքով (սգավոր մայրերի հայացքը երկնքին է ուղղված, նրանք օրուգիշեր այնտեղ փնտրում են իրենց որդիներին) շնորհակալություն հայտնի յոթ ճանապարհների ավազակին։

Մղձավանջային երազի է նման, բայց երազ չէ, մեր իրականությունն է, ներկա Հայաստանի՛ իրականությունը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են համազգեստավոր ենիչերիները քաշքշում, վիրավորում, նվաստացնում, գետնի վրա քարշ տալիս խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների մայրերին («դե՛, զզվեցրել են, էլի՛, ինչքա՞ն կարելի է սգալ, գնացեք ապրեք, էլի, վաաայ»)։ Մենք գիտենք, որ այդ ենիչերիները շարունակում են համազգեստ կրել եւ վաղն էլ կարող են ոչ միայն թքել սգավոր մոր վրա, այլեւ՝ սպանել։

Տեսնու՞մ եք՝ ինչ հանգիստ եմ գրում։

Մեզ զոմբիացրել են։ Մենք գիտենք, որ այս իշխանությունից ամե՛ն վատ բան սպասելի է, ու քանի որ սպասելի է՝ դե՛, սպասում ենք, էլի։

Սպասում ենք, որ մի օր մեր բնակարաններն էլ ներխուժեն միհրանպողոսյանների նմանները, սրանց «ուկլադկա արած» բոմժերը ու պահանջեն շնորհակալություն հայտնել հրապարակավ, որ մեծահոգաբար թույլ են տալիս մեզ... ապրել։ Ի վերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ եթե շատ ուզենան՝ դա՛ էլ թույլ չեն տա ու անպատիժ կմնան. ոչ առաջինն ենք, ոչ էլ՝ վերջինը։

Գույները խտացնու՞մ եմ։ Ամենեւի՛ն։

Եթե պնդում եք, որ խտացնում եմ գույները, ուրեմն մեռած ենք, բայց դեռ է՛դ աստիճանի մեռած չենք, որ թույլ տանք այս նախադեպը մարսվի։ Ուրեմն չպետք է թույլ տանք, որ միհրան պողոսյանը որպես պատգամավորության թեկնածու մնա ընտրացուցակում։ Պետք է պահանջենք ՀՀԿ կոչեցյալ իշխող կուսակցության պարագլուխներից, որ ստիպեն սրան՝ ինքնաբացարկ տա։ Բոլոր պատգամավորության թեկնածուներն իրենց քարոզարշավային ելույթներում պետք է բացատրեն, որ կատարվածն աններելի բան է, եւ ով կանտեսի՝ միհրան պողոսյանից ոչնչով չի տարբերվում։

Զոհված զինվորների մայրերն այս երկրին տվել են ամենաթանկը՝ իրենց զավակներին, է՞լ ինչ տան, որ էս արյունարբու բորենիները կշտանան։

Ամո՛թ է, որ ես ստիպված եմ գրել այս նախադասությունը։ Ամո՛թ է, որ ստիպված եմ գրել՝ ապրողներս մինչեւ մեր վերջին շունչը պարտական ենք զոհված զինվորների ծնողներին եւ եթե ամեն օր նրանց չենք ասում՝ շնորհակալ ենք, եթե ամեն օր չենք խոնարհվում ու համբուրում նրանց ձեռքերը, գոնե չպետք է թույլ տանք, որ մեր աչքի առաջ նվաստացնեն նրանց։

Ամո՛թ է, որ այսքան ցավագնորեն հայտնի ճշմարտության մասին գրում եմ։

Ամոթ է, բայց գրում եմ։

Մեր ապրած իրականությունն է պարտադրում ու թելադրում էս տողերը։