13.03.2017 11:24

Պատասխաններ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեմ տարածվող առարկություններին ու հարցերին

Պատասխաններ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեմ տարածվող առարկություններին ու հարցերին

1.Առաջարկվող ծրագրով մենք հող ենք զիջում, իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը։

Մենք հող չենք զիջում։ Իրականում այս ծրագրով մենք ազատագրված հողը պահպանում ենք: Մենք Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ պարտադրաբար ստեղծած անվտանգության ժամանակավոր երաշխիքը փոխարինում ենք մշտականով եւ տասնապատիկ ավելի հուսալիով։ Այդ երաշխիքները տալիս է միջազգային հանրությունը՝ պատերազմական շրջանում մեր կողմից ստեղծված՝ ժամանակավոր երաշխիքի դիմաց։ Հող զիջողները նրանք են, ովքեր վարելով ստատուս քվոն պահպանելու անհեռատես եւ կործանարար քաղաքականություն, փխրուն զինադադարի պայմաններում ամեն օր մսխում են 1991-1994 թվականներին ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը: Մենք, հակառակը, առաջարկում ենք ամրագրել այդ հաղթանակը միջազգայնորեն երաշխավորված խաղաղության պայմանագրով, որը կապահովի Արցախի անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքի իրականացումը:

Ստորագրելով պայմանագիրը՝ դրան համաձայնում է նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանը կատարում է նաեւ հետեւյալ զիջումները: Նա պաշտոնապես հրաժարվում է ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից՝ որպես հակամարտությունը լուծելու միջոց: Նա համաձայնում է բաժանարար գոտու ստեղծմանը եւ խաղաղարար ուժերի տեղակայմանը այն տարածքներում, որ միջազգայնորեն ճանաչվում են Ադրբեջանի տարածք, ինչից հետո կլինեն մեր զինված ուժերը։ Ադրբեջանը համաձայնում է, որ Լեռնային Ղարաբաղին տրվի միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, որը թույլ կտա արցախցիներին պաշտոնական հարաբերությունների մեջ մտնել միջազգային հանրության հետ, իսկ Արցախում անցկացվող ընտրությունները կճանաչվեն ու կընդունվեն միջազգային հանրության կողմից: Արցախցիները հնարավորություն կունենան անկաշկանդ տնտեսական հարաբերությունների մեջ մտնել այլ երկրների հետ: Այս ամենը, ըստ էության, միջանկյալ քայլ է Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախության ճանապարհին: Ստորագրումից հետո սահմանի այն կողմից արձակված թեկուզ մեկ կրակոց նույնպիսի միջազգային հակազդեցության կարժանանա, ինչպես հայ-թուրքական, հայ-վրացական եւ ցանկացած այլ՝ միջազգայնորեն երաշխավորված սահմանում։ Այլ լուծում այսօրվա աշխարհում գոյություն չունի, իսկ մենք ապրում ենք այսօրվա աշխարհում։ Նրանք, ովքեր այլ բան են ասում, կա՛մ չեն հասկանում տարրական բաներ, կա՛մ էժան հեղինակություն ձեռք բերելու համար պարզապես խաբում են ժողովրդին ականջ շոյող կեղծ «հայրենասիրական» թոթովանքներով։ Նրանք են իրական հող տվողները, ինչն ապացուցվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ կորցրինք 800 հեկտար:

 

2.Հայաստանը կարող է զարգանալ եւ հզորանալ նաեւ շրջափակման պայմաններում եւ պահել ստատուս-քվոն։ Հաջորդ տասնամյակում մենք կարող ենք Ադրբեջանի համեմատ առաջանցիկ զարգացում ապահովել։

Այդ մասին խոսվում էր նաեւ 1997-ին, երբ նաեւ թվարկվում էր, թե՝ ինչ հիմքերի վրա, ինչ ռեսուրսներ օգտագործելով (հիմա դա էլ չեն անում)։ Դրանցից ոչ մեկը չաշխատեց։ Անցած քսան տարում, անգամ պաշտոնական ուռճացված վիճակագրությամբ, հակառակ արդյունքներն են։ 1997-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընդամենը 2,4 անգամ էր պակաս Ադրբեջանից, վերջին տարիներին՝ արդեն 7-8 անգամ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 1997-ին մենք նույնիսկ գերազանցում էինք Ադրբեջանին, հիմա, 2015-ին՝ մոտ 25%-ով զիջում ենք նրան։ Այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ծախսերը ընդամենը 25%-ով էին գերազանցում Հայաստանի ռազմական ծախսերին, հիմա գերազանցում են 8 անգամ։ Փաստն այն է, որ կիսապատերազմական վիճակի ու պատերազմի սպառնալիքի հետեւանքով արտագաղթը կիսել է Հայաստանի բնակչությունը։ Հայաստանն այն ժամանակ ուներ 3 միլիոն բնակչություն, Ադրբեջանը՝ 7, հիմա Հայաստանն ունի 2 միլիոն, Ադրբեջանը՝ 9 միլիոն։ Լաչինի բնակչությունը 1997 թվականին զրոյից հասցվել էր 15 հազարի, այսօր ընդամենը 2 հազար է:

Այսինքն՝ ստատուս-քվոյի պահպանման ռազմավարությունը լիովին ձախողվել է։

Տնտեսության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, մինչդեռ եղած կապիտալը դուրս է հոսում Հայաստանից։ Միայն ապօրինի դուրս հանված կապիտալն արդեն 10 միլիարդ դոլարից ավելի է։ Կապիտալը, ում էլ այն պատկանի, փախչում է պատերազմի վտանգից, իսկ զինադադարի ռեժիմը սառեցված պատերազմ է, վերջնական խաղաղություն չէ, ապահովություն չէ։ Ցանկացած գործարար դա շատ լավ հասկանում է։ Ներդրումային ռեյտինգների՝ աշխարհի հանրաճանաչ ընկերությունները Հայաստանին շատ ցածր ռեյտինգ են տալիս հենց Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, ինչը վանում է օտարերկրյա ներդրումները Հայաստանից:

Բայց խնդիրը միայն ներդրումները եւ շատ արտադրելը չէ, առանց արտահանման հնարավորության՝ անիմաստ է շատ արտադրանքը։ Շրջափակման պայմաններում տրանսպորտային ծախսերը արտահանվող արտադրանքի ինքնարժեքն ավելացնում են միջին հաշվով 35%-ով։ Դրանից հետո քիչ բան է փոխվել, ոչ մի երկաթուղի չի բացվել։ Այդ պայմաններում որեւէ արտադրանք չի կարող մրցունակ լինել արտաքին շուկայում։ Շատ ծանոթ մի օրինակ բերենք։ Ամեն տարի խաղողագործները ամիսներով բողոքում են, որ իրենց արտադրած խաղողը գործարանները չեն ընդունում կամ փողը չեն վճարում։ Գործարանների տերերն էլ արդարանում են, որ տեղ չունեն, բոլոր տարողությունները եւ պահեստները լիքն են։ Երկուսն էլ ճիշտ են ասում։ Պահեստներն ու տարողությունները լիքն են, որովհետեւ բարձր ինքնարժեքի պատճառով արտաքին շուկայում դանդաղ է իրացվում արտադրանքը։ Հիմա՝ որ ներդրումներ արվեն եւ խաղողագործության արտադրանքը տասնապատկվի, դրանից ի՞նչ դուրս կգա։ Այդպես էլ մնացած բոլոր բնագավառներում՝ յուրաքանչյուրն իր չափով։

3.Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտը կոռուպցիոն ռեժիմն է, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը։ 

Կոռուպցիոն համակարգը եւ կոռուպցիան երկրի զարգացման համար խոչընդոտ են ցանկացած դեպքում։ Պատերազմական, ինչպես նաեւ կիսապատերազմական (զինադադարի) վիճակում գտնվող երկիրը, ենթադրենք, կարող է ունենալ նաեւ կատարյալ եւ չկոռումպացված իշխանություն։ Բայց միայն դա բավարար չէ։ Լավ իշխանության պայմաններում անգամ երկրի հզորացման հիմքը հանդիսացող տնտեսությունը չի կարող արագ զարգանալ, երբ երկու կողմից շրջափակված է, չի գործում երկաթուղին, իսկ պաշտպանական ծախսերը հսկայական են՝ կազմում են ՀՆԱ-ի 5%-ը։ Միայն լավ իշխանությամբ շրջափակման պատճառով արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերը չեն նվազի։ Դրանով կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը ներդրումների համար լիակատար ապահով չի դառնա։ Իսկ առանց մեծ ներդրումների եւ արտահանման հնարավորության՝ չի կարող լինել էական տնտեսական զարգացում եւ երկրի հզորացում։

Իսկ եթե անգամ ենթադրենք, որ ինչ-որ հրաշքով Հայաստանում արագորեն եւ առանց ցնցումների իշխանություն է փոխվում, եւ հաստատվում է արդյունավետ կառավարում, որը, ինչպես խոստանում են,  թույլ կտա երկրի տնտեսության ՀՆԱ-ի 6 տոկոսի աճ, միեւնույն է, ստեղծված իրավիճակում ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը ոչ մի հեռանկար չունի: Բանն այն է, որ, այդ դեպքում անգամ Հայաստանը միայն 12 տարի հետո կկարողանա կրկնապատկել պաշտպանական ծախսերը, մինչդեռ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ինչպես արդեն ասվեց, հիմա արդեն 8 անգամ ավելի են, քան Հայաստանինը:

Իսկ ընդհանրապես, կիսապատերազմական իրավիճակը եւ կոռուպցիան փոխկապակցված են. հենց ոչ խաղաղ, կիսապատերազմական պայմաններն են նպաստում կոռուպցիային եւ քաղաքական համակարգի ոչ կատարյալ լինելուն։ Կիսապատերազմական պայմանները, մի կողմից՝ ազատ են արձակում իշխանության ձեռքերը, մյուս կողմից՝ կաշկանդում ընդդիմությանը։ Խաղաղության պայմաններում նման ռեժիմ հաստատելը կամ պահելը շատ դժվար է, եթե չասենք՝ անհնար։ Սա հանրահայտ իրողություն է եւ աշխարհի փորձը։

 

4. Ադրբեջանն առաջիկա տարիներին կթուլանա, եւ մենք բանակցություններում ավելին կստանանք։

Ոմանք, իրոք, հույսը դնում են Ադրբեջանի թուլացման վրա։ Քանի՜ անգամ են «ավետել», թե «վերջանում է» Ադրբեջանի նավթը, ու... չի վերջացել։ Քանի՜ անգամ են կանխատեսել, թե ապստամբելու են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները,  ու... այդպես էլ չեն ապստամբել։ Քանի՜ անգամ Կասպից ծովը պիտի բարձրանար ու ծածկեր Բաքուն, բայց... չի բարձրացել։ Ամենավտանգավոր բանը քաղաքական հաշվարկների հիմքում ֆանտազիաներ դնելն է։ Իրականում դա միայն ինքն իրեն կամ հասարակությանը խաբելու համար է։ Պատերազմ վարելու գլխավոր ռեսուրսներն են երկրի բնակչության չափը, տնտեսության հզորությունը եւ սպառազինությունների հզորությունը: Փաստն այն է, որ 19 տարիների ընթացքում Ադրբեջանը համեմատական առումով այնքան է առաջ անցել Հայաստանից, որ լավագույն դեպքում այդ առավելության հաղթահարումը կպահանջի երկար տարիներ, եւ այն էլ՝ միայն խաղաղության պայմաններում: 

5. Երաշխիք չկա, որ փոխզիջումներով խաղաղության հասնելուց հետո Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Հակառակը, տարածքային զիջումները ավելի կմեծացնեն նրա ծավալապաշտական ախորժակը:

Պետք է կարողանալ տարբերել զինադադարը եւ խաղաղության պայմանագիրը։ Զինադադարը ընդամենը ժամանակավորապես սառեցված պատերազմն է եւ հիմնված է բացառապես հակամարտող կողմերի կամքի վրա։ Այն կարող է փոքր ու մեծ չափերով խախտվել, եւ միջազգային հանրությունը դրան կա՛մ արձագանքում, կա՛մ չի արձագանքում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես մեղադրում է երկու կողմին հավասար։ Օրինակներն ամենօրյա են։ Այն կարող է նաեւ վերածվել պատերազմի (ինչպես Ապրիլյան պատերազմի դեպքում)։

Ցանկացած ագրեսիայի դեմ ամենամեծ կանխարգելիչ ուժն ունի միջազգայնորեն ճանաչված խաղաղության պայմանագիրը, հատկապես՝ երբ այն ամրապնդված է ուժային միջազգային երաշխիքներով։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ Թուրքիան անգամ մի կրակոց չհամարձակվեց արձակել Հայաստանի ուղղությամբ։ Որովհետեւ՝

ա) Հայաստանը համապատասխան միջազգային պայմանագրերով երաշխավորված էր նույն միջազգային օրենքների եւ կառույցների կողմից։

բ) Թուրքիային սաստեցին ա՛յն պետությունները, որոնց շահերից չի կարող բխել նրա այդօրինակ գործողությունը։

Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի համար կլինեն անվտանգության նույնպիսի երաշխիքներ եւ ավելին։ Թվենք կարեւորները.

1. Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնց ստորագրությունները կլինեն այդ պայմանագրի տակ,

2. ՄԱԿ-ը, որի Անվտանգության խորհուրդը եւ Գլխավոր Ասամբլեան բանաձեւեր են ընդունելու դրա մասին,

3. Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղակայված խաղաղապահ ուժերը,

4. Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտին,

5. Պայմանագրի խախտման դեպքում ռազմական միջամտության Հայաստանի իրավունքը։

 Այսինքն՝ անվտանգության եւ ապահովության այդ երաշխիքները կլինեն մի քանի տասնյակ անգամ ավելի, քան հիմա ունի Ղարաբաղը։ Ադրբեջանի ախորժակը զսպելու ավելի լավ միջոց ուղղակի գոյություն չունի: Այսօր աշխարհում այլ, ավելի բարձր երաշխիք որեւէ երկրի համար գոյություն չունի։ Դրան գումարվում է տվյալ երկրի ներքին հզորությունը։ Իսկ ներքին այդ հզորությունը, որպես երաշխիք, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են բազմապատկել միայն խաղաղության եւ ապաշրջափակման պայմաններում՝ տնտեսական արագ զարգացման հնարավորություն ստանալով։ Դա արդեն մեր գործն է։

Ի դեպ, Արցախից դուրս շրջանները, որոնք կապ չեն ստեղծում Հայաստանի եւ Արցախի միջեւ, գրավվել են միայն հետեւյալ երկու նպատակով. 1/ պարտադրել Ադրբեջանին խաղաղությունը եւ 2/ ստեղծել անվտանգության գոտի, որը կդժվարացնի Ադրբեջանի հարձակումը եւ կկանխի ավերիչ ռմբակոծությունները:  Խաղաղության վերոհիշյալ  պայմանագրի ստորագրումը շատ ավելի արդյունավետ եւ միջազգայնորեն երաշխավորված կերպով լուծում է նույն այդ երկու խնդիրները եւ ավելին:

6.Ազատագրված տարածքները չի կարելի հանձնել, որովհետեւ դրանք պատմական հայկական հողեր են:

Եթե աշխարհի բոլոր ժողովուրդներն իրենց պատմական հողերին տիրելու խնդիր դնեն՝ կպահանջվի չորս-հինգ անգամ ավելի մեծ տարածք, քան կա երկրագնդի վրա։ Կսկսվի, բառիս բուն իմաստով, համաշխարհային մի պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ, որը կարճ ժամանակ հետո կավարտվի ողջ մարդկության բնաջնջմամբ։ Հենց դրա համար էլ միջազգային իրավունքը վաղուց չի ճանաչում «պատմական հողեր», «հողեր ազատագրել» հասկացությունները։ Ավելին՝ այդ լեզվով խոսողների հետ նույն կերպ են վարվում, ինչպես մենք՝ ակնհայտ հոգեկան խնդիր ունեցողների։ Սա է իրողությունը, եւ մենք դա չենք կարող փոխել։

Պատահական չէ, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը պաշտոնապես երբեք «պատմական հողեր ազատագրելու» խնդիր չեն դրել։ Ավելին՝ 1988  թվականի փետրվարից սկսած եւ առ այսօր, ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղն այդ բառերը պաշտոնական որեւէ փաստաթղթում չեն օգտագործել։ Միջազգային ասպարեզում ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի շատ թե քիչ նշանակալի որեւէ պաշտոնյա իր խոսքում դրանք չի գործածել։ Միջազգային իրավունքը հասկանում եւ ընդունում է միմիայն ինքնորոշման իրավունքը։ Եթե ասեինք «պատմական հողեր», «ազատագրված տարածքներ», դրանով մենք ինքներս կոչնչացնեինք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Դա ամենամեծ նվերը կլիներ Ադրբեջանին, նա կստանար անհրաժեշտ հիմքերն ու միջազգային օժանդակություն՝ հարցն արագ իր օգտին լուծելու համար։ Ահա թե ինչու 1988 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ ոչ թե «պատմական հողերը», այլ «ինքնորոշման իրավունքն» է եղել դրված ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների ու փաստաթղթերի հիմքում։ Այդ հիմքով է հնարավոր եղել փրկել Ղարաբաղը։

7. Արյամբ ազատագրված հողերը չի կարելի հանձնել թղթով, այդ դեպքում անիմաստ կլինի թափված արյունը։

Ընդհակառակը. խաղաղության հաստատումը հենց նպատակ է հետապնդում մեկընդմիշտ  եւ վեջնականապես իմաստավորելու այդ թափված արյունը, ինչը փխրուն զինադադարի վիճակում մշտապես վտանգի տակ է:

2016թ.պաշտոնական տեղեկատվությամբ («Ռազմ-ինֆո»)՝ եղել է 165 զոհ (ներառյալ Ապրիլյան պատերազմը)։ «Ոչ պատերազմական»՝ 2015-ին՝ 76 զոհ։ Ստատուս-քվոյի ընթացքում շուրջ երկու հազար զոհերի արյունն ինչո՞վ է իմաստավորված, ի՞նչ խնդիր է լուծել. մեկ մետր առաջ գնացե՞լ ենք, ընդհակառակը՝ 800 հեկտար կորցրել ենք միայն Ապրիլյան պատերազմում։ Մի նոր դիրք գրավե՞լ ենք, ընդհակառակը՝ դիրքեր ենք կորցրել, եւ ոչ միայն Ապրիլյան պատերազմում։ Մեզ համար նպաստավոր միջազգային նոր մի փաստաթուղթ ստացե՞լ ենք։ Ընդհակառակը՝ Ադրբեջանի օգտին են եղել տասնյակ այդպիսի փաստաթղթեր։ Բանակցային սեղանին մի նոր բան շահե՞լ ենք, ընդհակառակը՝ շատ բաներ կորցրել ենք, այդ թվում՝ հակամարտության կողմ լինելու Ղարաբաղի մանդատը։ Ադրբեջանի համեմատ ուժերի հարաբերակցությունը մի քիչ հօգուտ մեզ փոխվե՞լ է, ընդհակառակը՝այդ հարաբերակցությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն աճե՞լ է, ընդհակառակը՝ կրկնակի նվազել է։ Ինչպե՞ս կգնահատվեր այն գործողությունը, որի հետեւանքով երկիրն ու ժողովուրդն այսքան վնաս են կրում. առնվազն՝ ծանրագույն դավաճանություն։ Սա է ստատուս-քվոն պահելու «հերոսության» գինն ու հետեւանքը եւ քաղաքական գնահատականը։ «Արյամբ ազատագրված հողերը չի կարելի հանձնել» կարգախոսը կրկնողները, գիտակցված թե ակամա, շարունակում են դավաճանական նույն ընթացքը, իրենց վրա են վերցնում նախորդ երկու տասնամյակում զոհված եւ հիմա էլ զոհվող երիտասարդների արյունը։ Այսպես շարունակելով է, որ մի օր կարող է իմաստազրկվել նաեւ Ղարաբաղյան պատերազմում թափված արյունը։

8. Եթե Ադրբեջանը համաձայն չէ, ի՞նչ իմաստ ունի խաղաղության գործընթաց նախաձեռնելը։

Դա արդեն Հայաստանի իշխանության գործն է։ Դրա համար կա դիվանագիտական աշխատանք, միջազգային եւ այլ բազմազան լծակների օգտագործման հնարավորություն։ Թող կարողանան գտնել ձեւը։ 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունը նույն դիվանագիտական աշխատանքի շնորհիվ կարողացավ 1994 թվականին Ադրբեջանին բերել զինադադարի ստորագրման, իսկ 1997 թվականին կարողացավ ստանալ Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունը խաղաղ կարգավորման պլանի վերաբերյալ։ Վերջնական խաղաղությունը հնարավոր չեղավ միայն Հայաստանում հայտնի ներքաղաղաքական ճգնաժամի հետեւանքով։ Իսկ եթե իշխանությունը չի կարողանում դա անել, ուրեմն խոստովանում է դիվանագիտության ասպարեզում իր անզորությունը, թող հեռանա, եւ դա կանեն ուրիշները, ովքեր կարող են։

Կա եւս մեկ հանգամանք: Եթե Հայաստանը անկեղծորեն շարժվի խաղաղություն գտնելու ճանապարհով (ինչին ձգտում են հասնել միջնորդ երկրները), կառուցողական ու նախաձեռնողական վարքագիծ դրսեւորի, իսկ Ադրբեջանը մերժի, ապա Հայաստանը կհայտնվի շահեկան, Ադրբեջանը՝ մեկուսացված վիճակում: Դրանով էապես կնվազի, եթե ոչ՝ ամբողջությամբ կբացառվի պատերազմի վերսկսման վտանգը, որովհետեւ աշխարհի ճնշումներն ու զայրույթը կուղղվեն դեպի Ադրբեջան: Կամ՝ նա ստիպված կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները, ճառասացությունն ու հերթապահ հայտարարությունները մի կողմ դրած` իսկապես գնան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով:

 

9.Չի կարող փոխզիջում լինել, երբ մի կողմը խոսում է խաղաղության հասնելու համար փոխզիջումների մասին, իսկ մյուս կողմն ասում է՝ երբեք չերազեք նույնիսկ, որՂարաբաղը կանկախանա:

Ուզում էիք, որ Ադրբեջանն ասի, թե Լեռնային Ղարաբաղին անկախությո՞ւն կտա։ Որ այդպես լիներ, հենց 1988 թվականին, կամ հաջորդ տարիներին հարցը լուծված կլիներ, եւ՝ ո՛չ նրանք կունենային «օկուպացված տարածքներ», ո՛չ մենք՝ «ազատագրված հողեր»։ Հենց այդ պատճառով է, որ տվյալ դեպքում անհնար է «փաթեթային լուծում», որտեղ կա՛մ պետք է գրված լինի, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, կա՛մ՝ որ անկախ է։ Այսպիսի դեպքերում (եթե միջազգային հանրությունը կողմերին ուժով չի պարտադրում իր կամքը) լուծումը լինում է միայն «փուլային». հաստատվում է վերջնական խաղաղություն, կարգավիճակի հարցը մնում է հետագա բանակցություններին։ Այդ բանակցությունները կարող են ձգվել ինչքան ուզեք, բայց այդ ընթացքում բացառված կլինի պատերազմը եւ ապահովված՝ Ղարաբաղի լիակատար անվտանգությունը։ Բոլոր խոսակցություններն այն մասին, որ տարածքները կարելի է վերադարձնել միայն Արցախի անկախության ճանաչման կամ փաթեթային այլ լուծման դեպքում, ընդամենը քողարկում են ստատուս-քվոն պահպանելու քաղաքականությունը: Ակնհայտ է, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ այսօրվա թշնամանքի եւ անվստահության պայմաններում չի կարող լինել Լեռնակին Ղարաբաղի կարգավիճակի այնպիսի լուծում, որը միաժամանակ ընդունելի լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար: Հետեւաբար, փաթեթային լուծում հնարավոր չէ, եւ այն պահանջողները իրականում չեն ցանկանում որեւէ լուծում, ինչը հավասարազոր է պատերազմի վերսկսմանը:

Եւ ընդհանրապես, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը ավելի շատ ուղղված է ներքին սպառմանը: Մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնք, շաքարը գրպանում՝ պատրաստվում են «Բաքվում չայ խմել», ոմանք անգամ պատրաստվում են բոլոր թուրքերին քշել իրենց հայրենիք՝ Միջին Ասիա։ Արտաքին քաղաքական լսարանի համար Ադրբեջանը լրիվ այլ բան է ասում՝ արտահայտելով իր պատրաստակամությունը խաղաղ կարգավորման համար: Այս ամենը միայն վկայում է այն մասին, որ մի բան է հռատորաբանությունը, եւ լրիվ այլ բան՝ իրական մտադրությունները եւ գործնական քաղաքականությունը: Դրանք շփոթել չի կարելի:

10.Փոխզիջման եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ է պատերազմի սերնդի սերնդափոխություն, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ կլինեն լուծմանը:

Հասարակությունն ինքն իրեն չի պատրաստվում փոխզիջմանը։ Նրան պետք է պատրաստել։ Իսկ ընդհանրապես, հասարակության մի մասը, լիարժեք տեղեկատվություն եւ քաղաքական պատրաստություն չունենալով (ինչը բնական է՝ այդպիսին են բոլոր հասարակությունները), կարող է նաեւ ընդդիմանալ։ Քաղաքական եւ պետական մտածողություն պետք է դրսեւորի խնդրի նրբություններին ամբողջ ծավալով տեղյակ եւ քաղաքական հաշվարկների ունակ իշխանությունը, ու անի անհրաժեշտ քայլը։ Իշխանությունը դրա համար է ընտրվում, հակառակ դեպքում անիմաստ է այն պահելը։ Թեկուզ հակազդեցություններ հաղթահարելու, թեկուզ իշխանությունը կորցնելու գնով իշխանությունը պետք է կարողանա գնալ ճիշտ քայլին։ Այդպես վարվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը ու նրա ղեկավարած քաղաքական ուժը 1997-98-ին։ Հիմա էլ նույնն է անում նաեւ որպես ընդդիմություն՝ 2007 թվականից ի վեր՝ չվարանելով կանգնել վարկանիշ կորցնելու վտանգի առջեւ։

Սերնդափոխության մասին. ինչքա՞ն ժամանակում է այն տեղի ունենում, 50 տարո՞ւմ։ Զինադադարին հաջորդած շուրջ 23 տարվա ընթացքում այդ սերնդափոխությունն արդեն կիսով չափ կատարվել է։ Դա կիսով չափ նվազեցրե՞լ է ազգային թշնամանքը, եւ կիսով չափ նախապատրաստե՞լ է երկու հասարակություններին։ Նույնիսկ, թվում է, հակառակն է եղել։

Ազգամիջյան թշնամանքը ժամանակի ընթացքում, սերնդափոխության հետ, այո, կարող է մաշվել եւ վերանալ, բայց ոչ երբեք զինադադարի՝ սառեցված պատերազմի պայմաններում։ Դա հնարավոր է հենց միջազգայնորեն երաշխավորված եւ խաղաղապահ զորքերի առկայությամբ խաղաղության, ամեն տեսակ պատերազմական գործողությունների, կրակոցների ու մանր դիվերսիաների բացառման, երկու ժողովուրդների՝ միմյանց հետ աստիճանաբար շփումների վերականգնման պայմաններում։ Դրա լավագույն օրինակը Կիպրոսն է, որի Հյուսիսային եւ Հարավային հակամարտող մասերն այլեւ չունեն միմյանց հետ նախկին թշնամանքը։ Մենք էլ այսօր նույն իրավիճակը կունենայինք, եթե 1997-98 թվականներին կնքված լիներ խաղաղության պայմանագիրը։ Կիպրոսի հույները եւ թուրքերը, որոնց թշնամանքը ավելի պակաս չի եղել, քան հայերինն ու ադրբեջանցիներինը, այդ ճանապարհն անցել են, վերականգնել են բոլոր կապերը եւ այսօր մոտ են խնդրի վերջնական լուծմանը:

11.Մեզ մորթողների հետ չենք կարող գնալ խաղաղության։

1915 թ. Թուրքիայում մեկուկես միլիոն մարդ էր մորթվել։ Բայց Արամ Մանուկյանը, Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունը, ճիշտ գնահատելով իրավիճակը,1918թ. գնաց Թուրքիայի հետ հաշտության եւ խաղաղության։ Չգնար՝ չէր լինի Առաջին հանրապետությունը։ Չլիներ Առաջին հանրապետությունը՝ չէր լինի Խորհրդային Հայաստանը, չլիներ Խորհրդային Հայաստանը՝ չէր լինի այսօրվա Հայաստանը։ Այս իրողությունները դեռ ոչ մեկը չի վիճարկել։ Ճի՞շտ վարվեց Արամ Մանուկյանը, թե՞ սխալ։ Երկու տարի անց՝ 1920 թվականին հակառակն արեցին. չգնացին հաշտության, գնացին պատերազմի։ Գնային հաշտության՝ այսօր մենք կունենայինք ոչ թե 30, այլ առնվազն 60 հազար քկմ Հայաստան։ Եւ դա մենք չենք ասում, դա, արդեն հետին թվով («հայի վերջին խելք»),ափսոսանքով խոստովանել են նույն՝ դաշնակցական իշխանության ամնաբարձր պաշտոնյաները՝ իրենց սխալը «հանցանք» կոչելով։

Իսկ ընդհանրապես, նման հաշտության գործընթաց անցել են երբեմնի թշնամի բազմաթիվ ժողովուրդներ։ Այսօր գերմանացիները եւ ֆրանսիացիները, թուրքերը եւ հույները, լեհերը եւ ռուսները քաղաքակիրթ, խաղաղ հարաբերություններ ունեն՝ ի շահ երկու կողմերի:

12. Խաղաղության գնալու պատրաստակամություն հայտնելով՝ չե՞նք թուլացնում Հայաստանը եւ լկտիացնում Ադրբեջանին:

Ռազմական անմիջական վտանգի դեպքում մեր քաղաքական ուժն անմիջապես կոչ է արել մի կողմ դնել քաղաքական հակասությունները եւ միասնաբար ետ մղել ադրբեջանական ագրեսիան: Այդպես ենք վարվել ապրիլի 2-ին՝ ամրապնդելով մեր բանակի ոգին եւ ազգի միասնականությունը, այդպես էլ կվարվենք ապագայում ռազմական գործողությունների դեպքում: Այսինքն՝ մեր դիրքորոշումը մշտապես ուղղված է եղել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը եւ արդյունավետ կերպով հասել է այդ նպատակի իրականացմանը:

Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չպետք է ռազմավարության վերաբերյալ բանավեճ լինի, պայմանականորեն ասած՝ «պատերազմի» եւ «խաղաղության» կուսակցությունների միջեւ, ինչպես դա, օրինակ, տեղի է ունենում Իսրայելում: Ադրբեջանը Հայաստանի վիճակի մասին պատկերացումներ է կազմում ոչ թե Հայաստանի ընդդիմության հայտարարությունների, այլ երկրի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական եւ այլ ռեսուրսների մասին այնպիսի տեղեկությունների հիման վրա, որ ազատորեն  հասանելի են բաց աղբյուրներից: Եթե Ադրբեջանին ինչ-որ բան լկտիացնում է, հենց Հայաստանի իշխանության կոռումպացվածությունն է եւ զանգվածային արտագաղթը:

13. Խաղաղապահ զորք լինի, որ գաղո՞ւթ դառնանք։

Շատ վաղուց զորքը չէ, որ գաղութ դարձնելու միջոց է։ Դա հարյուր տարի առաջ էր։ Խաղաղապահ զորքերը, որպես նմանօրինակ հակամարտությունները լուծելու ժամանակավոր միջոց, վաղուց կիրառվում են աշխարհում։ Տասնյակ երկրներում այլ պետությունների ռազմական բազաներ կան։ Դրա հետեւանքով ոչ մեկը գաղութ չի դարձել։ Հիմա «գաղութ դարձնելու» միջոցը ռազմականը չէ, տնտեսականն է։ Եթե որեւէ երկիր իր անկախությունից ինչ-որ բան է կորցնում, կորցնում է հենց խաղաղության բացակայության կամ այլ պատճառներով առաջացած տնտեսական դժվարությունների հետևանքով:

14.Պետք էր  94 թվականին կապիտուլյացիայի հարց դնել եւ վերջնականապես լուծել խնդիրը:

Նման բան ասում են նրանք, ովքեր նվազագույն պատկերացում չունեն ո՛չ զինադադարից, ո'չ էլ միջազգային կարգուկանոնից։ Զինադադարը Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից ստորագրեցին մարդիկ, ովքեր մեկ փամփուշտի ճշտությամբ գիտեին հնարավորությունները, ինչը եւ զեկուցել էին Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը։ Այն ժամանակ որեւէ տարակարծություն չի եղել այդ հարցում։ Եթե, իրոք, հնարավոր լիներ ավելին,նրանցից որեւէ մեկը կընդվզեր, հրապարակավ կաղմկեր, հրաժարական կտար։ Այնպես չէր, որ այդ մարդիկ կաշկանդված էին, «ռամկաների» մեջ էին, ինչպես հիմա։ 1998  թվականին նույն այդ մարդիկ էին,  որ համարեցին, թե «կարելի է ստանալ ավելին», եւ ազատորեն ոչ միայն ասացին իրենց կարծիքը, այլեւ ընդդիմացան, ինչն ավարտվեց Նախագահի հրաժարականով, եւ իրենք եկան իշխանության։

Ինչ վերաբերում է միջազգային կարգուկանոնին. Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կապիտուլյացիայից հետո աշխարհում եղել են բազմաթիվ հակամարտություններ եւ պատերազմներ։ Դրանցից  ոչ մեկը չի ավարտվել հակամարտող կողմերից մեկի կապիտուլյացիայով (չհաշված գերտերությունների պատժիչ գործողությունները ռեժիմների դեմ)։ Եթե Հայաստանը հարյուր անգամ ավելի հզոր էլ լիներ, չէր կարող եւ չի կարող գրավել Բաքուն։ Ճիշտ նույն կերպ՝ եթե Ադրբեջանը հարյուր անգամ ավելի հզոր էլ լիներ, չէր կարող եւ չի կարող գրավել Երեւանը։ Խաղաղության միջազգային պայմանագիրը նույն երաշխիքներն է ստեղծելու նաեւ Ղարաբաղի համար։ Միակ դեպքը, երբ կարող է անիմաստ դարձնել այդ երաշխիքները՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը բնակչությունից զրկելն է, ինչն արդեն 20 տարի եւ հիմա էլ արվում է «ոչմիթիզհող» կարգախոսով։

15. Սփյուռքում հիմա շատ են  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն ռեսուրսներ եւ երկրին օգնելու ցանկություն։ Դա կարծես սեղմված զսպանակ լինի, որը կարող է հիմա բացվել:

Եւ որո՞նք են այդ «սեղմված զսպանակի» եւ «օգնելու ցանկության» նշանները. 1997 թվականին բերվում էր նաեւ այդ փաստարկը՝ Սփյուռքից ակնկալելով տարեկան կես միլիարդ դոլար։ Այն ժամնակ էլ Սփյուռքում արդեն կային Հայաստանից գնացած մի քանի հարյուր հազար քաղաքացիներ։ «Սեղմված զսպանակը» այն կլիներ, որ այդ մարդիկ մինչեւ հիմա արդեն կազմակերպական պատկառելի ինչ-որ միավոր ստեղծեին, շատ պատկառելի մի գումարով (ասենք՝ Հայաստանի տարեկան բյուջեի կամ դրա կրկնապատիկի չափով) հիմնադրամ ստեղծեին։ Թող հայտարարեին, որ այս իշխանությանը չեն տա, բայց այսինչ իշխանությանը կտան այսինչ նպատակի համար։ Նման բաներ եղե՞լ են։ Այդ օրակարգով Սփյուռքում, չասենք 400 կամ 40, թեկուզ չորս հոգի միասին նստե՞լ են մի սեղանի շուրջ։ Դրա վրա հույս դնել՝ նույնն է, ինչ հուսալ, թե երկնքից ոսկեձույլ մի մեծ երկնաքար կընկնի Հայաստանի վրա, ու դրա վրա ծրագիր կառուցենք։ Եթե չի եղել, ուրեմն այդ բոլորն ընդամենը բարի հեքիաթներ են։ Հաճելի է նման հեքիաթները «բեսեդկաներում»՝ միմյանց, կամ քնելուց առաջ՝երեխաներին պատմել, բայց դրանք խիստ վտանգավոր են քաղաքականության հիմքում դնելու, հասարակությանն ապակողմնորոշելու համար։