13.03.2017 12:09

Արսեն Գրիգորյան. 800 հեկտարը կորցնում ենք նաեւ այսօր

Արսեն Գրիգորյան. 800 հեկտարը կորցնում ենք նաեւ այսօր

Ոչ մի քաղաքական ուժ (մեկից բացի) անվերապահ խաղաղության կողմնակից չէ, բայց բոլորն ուզում են, որ ապրիլյան քառօրյայի հերոսները կանգնեն իրենց կողքին։ Այսինքն, այս օրվա խաղաղության ստույգ հեղինակներին քաշքշում են իրենց ընտրական քարոզարշավների մեջ։ Նրանցով քվե են իմաստավորում։

Քառօրյայի հերոսները դարձել են տեխնոլոգիա։ «Խելոք» գլուխներն ասում են՝ բերեք այդ տղաներին ներգրավենք, թող սրտից թույլ մարդիկ իրենց ձայնը մեզ տան։ Իսկ այդ տղաներն ովքե՞ր են՝ դեռ պատերազմից ուշքի չեկած, դեռ քառօրյա հերոսության ու մեկամյա անտարբերության արանքում շփոթվածներ, որոնց դասագրքի հանձնարարված դասի նման այսօր բացել են կարդալու համար, ու իրենք չեն զգում, որ վաղը «փակվելու» են գուցե վերջնականապես, եւ ոչ ոք չի ասի, թե՝ այսինչ երիտասարդը այ էն սիրունաչյա փոքրիկի լիաթոք ժպիտի «պաշտոնական» հովանավորն է։

Օֆշորային հերոս Միհրան Պողոսյանն ավելի հեռու է գնացել՝ նա քառօրյայի զոհերի մայրերին է հավաքագրում իր միտինգների համար։ Նրանցով է մարդամեջ դուրս գալիս։ Եվ այդ մայրերը՝ արցունքի ամեն կաթիլի չափ մեծ եւ արցունքի ամեն կաթիլի չափ փոքր, այս Հայաստան աշխարհի պես ընդմիշտ ներկա եւ այս Հայաստան աշխարհի պես ընդմիշտ բացակա, հանկարծ հասկանում են, որ որդվոց հիշատակն ապրեցնելու իրենց անզորությանը դեղ կա՝ պարոն Օֆշորն է, Պանամայի սկանդալի ծաղիկը, մեր հարկադիր Աստվածը, որը վերեւից է նայում ամեն ինչին եւ դեռ խաղեր է տալիս իր բարձունքներից։

Սակայն «ամենահեռատեսները» նրանք են, որոնք քառօրյան թնդացնում են որպես անպարտելիության խորհրդանիշ։ Իբր մենք միշտ պատրաստ ենք։ Դիրքերից արվող հեռուստառեպորտաժներում զինվորներին խաղաղության օգտին ասվող խոսքի առիթ չի տրվում, նրանք պետք է վկայեն հերոսության առիթը, նրանք պիտի ասեն, որ ամեն հարձակում պատրաստ են ետ մղել։ Որպեսզի չմոռանանք, որ պատերազմն այնքան ստույգ ներկայություն է մեր կյանքում, որ խաղաղության հնարավորությունից խոսելը նույնն է, թե խոսես Իլհամ Ալիեւի մարդասիրությունից։  

Քառօրյան քվե է, իսկ խաղաղության խոսքը՝ ոչ։ Արյան հոտն այս ընտրություններում բոլորին հավաքել է «խնջույքի» մի սեղանի շուրջ։ Իրենց արեւին, եթե քառօրյան չլիներ, ընտրություններն իմաստավորելու ուրիշ պատճառ չկար։ Մինչդեռ ոչ մի ընտրություն իմաստ չունի, եթե ներկայացնելիքդ խաղաղությունը խորացնելը եւ քառօրյան բացառելը չէ։ Նայեք ՀՀԿ-ին։ Նրանք նույնիսկ պատերազմից չեն խոսում։ Որովհետեւ ինչպե՞ս խոսեն մի բանից, որն արդեն մեր մեջ է։ Իրենք դրանից իրենց քվեն են սարքում։ Վարչապետն ասում է՝ պետք է այնպիսի երկիր սարքենք, որ մեր երեխաները չփախչեն։ Չի ասում՝ մեզ խաղաղություն է պետք։ Նա այնքան է տարրալուծվել ժանտախտին, որ արդեն այն նվաճումների մեկնակետ էլ չէ, այլ՝ շարունակության ստույգ հող։ Որովհետեւ՝ եթե խաղաղությունից խոսի, պիտի միտք ասի, որը մտածելու առիթ կտա։

Իսկ երկիր սարքելը… Դե բոլոր ընտրություններից առաջ էլ էդ մասին խոսել են։ 20 տարի իշխանության մեջ են, ու երբեք երեխաները վաղվա ներկայացուցիչ չեն եղել, թեպետ իրենք երբեք վաղվանից բացի այլ ասելիք չեն ունեցել։ Վաղվա մասին խոսելը հեշտ է, երբ գիտես, որ, միեւնույն է, կեղծելու ես ընտրությունները։ Հիմա այդ կեղծիքն անում են արդեն երեխաների անունից։ Վարչապետը հո գիտի, որ կեղծելու են։ Երեխաները քառօրյայի նրա հերոսներն են, այսինքն, այն խմորը, որով նույնպես հունցելու են ընտրություններում «հաղթելու» հացը։ Այլ խոսքով, ցանկացած անբարոյականության մեջ քառօրյայի հերոսների ներգրավածության մղումը կա։ Այդ պատերազմը, որը մենք տանուլ տվեցինք 800 հեկտարի չափով, հիմա դարձրել են հաղթանակ, ինչպես ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները, ինչպես ՍԴ-ին ուղղված դիմումների մերժման վճիռները, ինչպես տնտեսական աճի մասին ԱՎԾ արդյունքները, ինչպես, ի դեպ, ամեն ընտրություններին ընտրողի մեծագույն եւ անփոփոխ նվաճումը՝ 5 հազար դրամը։ Մի խոսքով, երբ մենք 20 տարի քայլ առ քայլ հարյուրավոր 800 հեկտարներ էինք կորցնում Հայաստանի տարածքում, պատերազմում կորցրած 800 հեկտարի շորշոփն էլ չկար։

Այդ հեկտարները կորցնում ենք նաեւ այսօր։ Հայաստանի փողոցներն ու բնակավայրերը լցված են ոչ մեկին պետք չեկող 800 հեկտարներով։