13.03.2017 15:21

Հարութ Ուլոյան. Բանակցությունները Տեր-Պետրոսյանի օրոք եւ հետո (մաս 3)

Հարութ Ուլոյան. Բանակցությունները Տեր-Պետրոսյանի օրոք եւ հետո (մաս 3)

մաս 2, մաս 1

Երբ Կոնգրեսի 2-րդ համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Արցախի հարցի լուծման «այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի», և որ «այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգա­վորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին» (1), ոմանք այդ հայտարարությունից «զայրացան» և մինչ օրս շարունակաբար պնդում են, թե, իբր, փուլային տարբերակը «վաղուց թաղված» և «մոռացված» է, թե, իբր, վերջին տարիներին բանակցվող տարբերակները «փուլային» չեն եղել, թե, իբր, Տեր-Պետրոսյանի «թեզով» մենք Ադրբեջանին «սկուտեղի վրա» տարածքներ ենք մատուցում` խաղաղապահների դիմաց:

1. Որքանո՞վ է «թաղված» Արցախի հարցի լուծման փուլային տարբերակը, և որքանո՞վ են վերջին տարիներին բանակցվող տարբերակները ոչ փուլային: Նախ` 1997 թվականի  «Փուլային» տարբերակի առանձնահատկությունն այն էր, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը նախատեսվում էր լուծել ապագայում (2):

Քանի որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, թե պետությունների նախագահները, թե Հայաստանը (3) պնդում են, որ բանակցությունները ընթանում են «Մադրիդյան» տարբերակի հիման վրա, ապա հարկ է նշել, որ թեև «Մադրիդյան» տարբերակում ամրագրված են «պետությունների տարածքային ամբողջականության» և «ազգերի ինքնորոշման» 1997 թվականի «Փաթեթային» սկզբունքները (4), այնուամենայնիվ, «Մադրիդյան» տարբերակում Արցախի վերջնական կարգավիճակի հարցը, ինչպես «Փուլայինում», թողնված է ապագային: Այսինքն` ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «Մադրիդյան» տարբերակը նույնպես  Արցախի հարցի փուլային լուծում է ենթադրում: Երկու ամիս առաջ այդ ենթադրությունը հաստատել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մասնավորապես նշելով, որ բանակցվող «Մադրիդյան» տարբերակը «ենթադրում է փուլային լուծում» (5): Ի դեպ, 2011 թվականին բանակցվող «Կազանյան» տարբերակում նույնպես Արցախի հարցի վերջնական կարգավիճակի հարցը թողնված էր ապագային, որը պետք է լուծվեր «բնակչության ազատ կամարտահայտության միջոցով» (6): Այսինքն, ըստ էության, «Կազանյան» տարբերակը նույնպես փուլային լուծում է ենթադրել:

2. Տեր-Պետրոսյանի «թեզի» համաձայն`Ադրբեջանին «սկուտեղի վրա» տարածքներ մատուցելու մասին: Ի՞նչ «թեզի» մասին է խոսքը, երբ այդ «թեզը», իրականում` փոխզիջման ծրագիրի դրույթը, իրականություն է` ընդունված միջազգային հանրության և Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից: Այդ «թեզը», Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու «թեզը», տարիներ շարունակ ընթացող բանակցություններում ընդունված դրույթ է, որն ամրագրված է բանակցային անխտիր բոլոր տարբերակներում: Դրա մասին բազմիցս են խոսել թե Արցախի հարցի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (7), թե պաշտոնատար այլ անձինք (8): Ավելին, Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու իր պատրաստակամության մասին բացահայտ խոսել է նաև Սերժ Սարգսյանը: Նույնը վերաբերում է նաև խաղաղապահների տեղակայման, փախստականների վերադարձի մասին դրույթներին, որոնք նույնպես ամրագրված են «Մադրիդյան» տարբերակում: Համանախագահներն այդ դրությների մասին նույնպես բազմիցս են խոսել (7):

Մի խոսքով, ինչպես փաստերն են ցույց տալիս, Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականը ոչ թե Արցախի հարցի լուծման «մոռացված» տարբերակի վերակենդանացման փորձ, ոչ թե «թեզ», այլ իրականության արձանագրում է: Սակայն, այնուամենայնիվ, ինչո՞ւ են ոմանք, իրենց «անհարմար» դրության մեջ դնելով, Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականը ներկայացնում որպես անընդունելի «թեզ», այն էլ` վաղուց մոռացված: Այդ հարցը ունի երկու պատասխան. կամ այդ մարդիկ ընդհանրապես չեն հետևում զարգացումներին , ուստի` կտրված են իրականությունից, կամ էլ, պարզապես, չեն ցանկանում ընդունել, որ հայկական կողմը, լրիվ անիմաստ, վատնել է 20 տարի, և կրկին «բախվել» է հարցի լուծման նույն առաջարկներին ու սկզբունքներին, ինչ 1997 թվականին:

 (1)   http://www.ilur.am/news/view/56849.html

(2)   http://www.aniarc.am/2016/04/21/step-by-step-1997-december-nk/

(3)   օրինակներ`

http://www.aravot.am/2016/02/15/657643/

https://news.am/arm/news/377580.html

https://news.am/arm/news/370675.html

(4)   http://www.aniarc.am/2016/04/21/nk-package-1997-july/

(5)   https://news.am/arm/news/370675.html

(6)   http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/

(7)   օրինակներ`

https://www.armenpress.am/arm/news/871123/.html

https://armeniasputnik.am/karabah/20160912/4865659/xarabax-adrbejan-uorlik.html

(8)   http://www.tert.am/am/news/2017/03/06/lavrov/2299711