14.03.2017 14:49

CHAR U NAXANDZ լրագրողները հիասթափեցրել են ադամաթզի մոնոպոլիստին

CHAR U NAXANDZ լրագրողները հիասթափեցրել են ադամաթզի մոնոպոլիստին

Միհրան Պողոսյանը հիասթափված է: Միհրան Պողոսյանը գիտեք  ով է: Նա, ով 17 տարի ժողովրդի հետ է եղել: Նա, ով բազմաթիվ պատմությունների կիզակետում էր, այդ թվում՝ օֆշորային սկանդալի, նա, ով բիզնես չուներ, բայց, մեկ է՝ բոլորը գիտեին, որ ինքն է Հայաստան ներկրում բանան, նա, ով Ծիծեռնակաբերդում ԴԱՀԿ աշխատակիցների երդման արարողություն էր կազմակերպել, նա, ով հրաժարական տվեց, ու հիմա էլ հավականում է դառնալ պատգամավոր, նա, ով այնքան մեծահոգի մարդ է, որ օգնել է ապրիլյան պատերազմում զոհված զինվորի մայրիկին, ու վերջինս էլ հետո՝ քարոզարշավի ժամանակ, հայտնվել էր իր նախընտրական հանդիպմանը ու շնորհակալական խոսքեր էր ասում գեներալին:

Եւ ուրեմն, Միհրան Պողոսյանը հիասթափված է: Չէ, ինքն իրենի՛ց չէ, իր քայլի՛ց չէ, մեզանից է հիասթափված՝ լրագրողներիցս: Հիասթափված է ոչ թե այն բանի համար, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորի մորը բերել կանգնեցրել է հարթակին, խոսափող է դեմ տվել, որ որդեկորույս մայրը իր գովքն անի: Հա, ինքը դրա համար չէ հիասթափված, այլ որ մենք՝ լրագրողներս, այդ մասին գրել ենք: Հիասթափված է, որովհետեւ ոչ թե գրել ենք, թե «տեսե՜ք, այս Միհրան Պողոսյանը մի հիանալի անձնավորություն է, տեսեք, թե ինչ մեծ բարեգործ է եւ բարեպաշտ, որքան է սիրում մարդկանց, հասարակ մարդկանց (դե, որովհետեւ ինքը յուրահատուկ մարդ է, հասարակ չէ), որ նրանց փողով օգնում է», այլ գրել ենք, որ դա անելու բան չէր, ամոթ էր: Ու ինքը հիասթափվել է, որովհետեւ ասում է՝ «եթե մարդը մոտենում է, վերցնում է խոսափողը եւ որոշակի բան է ասում, ես թույլ չտայի՞: Եթե մարդը, եթե մարդը, եթե մարդը՝ ինքը բարձրաձայնում է մի բան, եթե մարդը ուզում է խոսք ասի, է՜ն էլ՝ հերոսի մայրը (մատը երկինք է տնկում) գալիս ա՝ խոսք ա ասում, եւ էսօր դա էլի սարքվում ա սեւ PR Պողոսյան Միհրանի նկատմամբ, դա արդեն անբարոյականություն է»:

Հասկացաք, չէ՞, անբարոյականությունը որն է: Չէ, այն չէ, որ Պողոսյանը էսքան տարի պետական համակարգում է աշխատել,  բայց այնքան գումար է կուտակել, որ կարող է ոչ միայն դրանք օֆշորներում տեղավորել, այլեւ «բարեգործություն» անել:  Անբարոյականությունն այն էլ չէ, որ ինքը ի վերջո ասի՝ որտեղի՞ց իրեն այդ գումարները, եթե, ինչպես ասում է՝ բիզնես չունի, կարո՞ղ է այդ գումարները իրականում հենց պետական բյուջեից է թալանել, էն բյուջեից, որ մեր վճարած հարկերով է ձեւավորվում, եւ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս ծախսերի համար էլ նախատեսված է, ու եթե նա ու իր նմանները էդ բյուջեից հեռու մնային, զոհված զինվորի ծնողը «բարեգործների» լավության կարիքն էլ չէր ունենա, իր հասանելիքը բյուջեից կստանար, ու ստիպված չէր լինի բարձրանալ հարթակ ու քաղաքացիների բանկային հաշիվները գրաված (զավթած ու օկուպացրած) գեներալի համար քարզոչություն աներ:

Փաստորեն՝ անբարոյականությունն, այն է, որ մենք՝ լրագրողներս քաջարի գեներալի շնորհքները չենք տեսնում: Որովհետեւ ինքը լավն է, ինքը պուպուշ է, ինքը բարի է ու բարեգործ, բայց  քանի որ մենք չար ենք ու նախանձ (CHAR U NAXANDZ, Կառլ),  լավություն անելու համար շնորհակալություն հայտնելու, իրեն ձոներ ձոնելու ու քծնողական նյութեր գրելու փոխարեն, ասում ենք՝ ձեր արածն անբարոյական է, ավելի անբարոյական, քան անգամ Ծիծեռնակաբերդում ԴԱՀԿ աշխատակիցների երդում-շոու կազմակերպելը, ավելի անբարոյական, քան օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվելն ու ««ես անմեղ եմ» թոթովելը», ավելի անբարոյական, քան այն, որ աշխատավարձով ապրող մարդը դառնում է, իր ասելով՝ բարեգործ, միայն թե ում փողերով՝ չի ասում, ենթադրաբար՝ աշխատավարձն է նվիրաբերում «սովորական» մարդկանց, իսկ ինքը, փաստորեն, միայն օդ է տատանում, է՜, ասում եմ՝ տատանում, օդ է ուտում, օդ է խմում ու օդ հագնում:

Օդ ու միայն օդ:

Հա, միայն օդ է ուտում, նույնիսկ ադամաթուզ չի ուտում, դե էն ադամաթզերը, էլի, որոնք միայն մեկ հոգի էր Հայաստան ներկրում, ու «ոչ մեկը չգիտեր, թե՝ կոնկրետ ով»:

Պարգեւ Ապրեսյան