14.03.2017 16:15

Լիզա Ճաղարյան. «SOS»-ի հաղորդավարը շատ մեղմ է արտահայտվում

Լիզա Ճաղարյան. «SOS»-ի հաղորդավարը շատ մեղմ է արտահայտվում

Հասկանալի է, խառը ժամանակներ են, շա՛տ խառը՝ քարոզարշավային ընտրակաշառամրրիկ է, «ոչմիթիզության» իններորդ ալիք է, հայրենիքի սիրուց գժոտած ցունամի է, անամոթ ստերի տորնադո է...

Էսպես էլի՝ անբնական աղետների կիզակետում փոթոթվում ենք, ու երեւի Հայաստանի ոստիկանության հույսն էլ այս խառը ժամանակներն են. դե՛, կկարդան ու էլի կգնան իրենց ընտրարշավային թոհուբոհի գիրկը, մենք էլ էդ միջակայքերում որոշ ըմբոստների հարցերը կլուծենք։

Կարդացի։ Կարդացի, որ ՀՀ ոստիկանության ինչ-որ աշխատակիցներ դատական հայց են ներկայացրել «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ ...իրենց «պատիվն ու արժանապատվությունն արատավորելու» եւ... «ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու» համար։ Եվ այսօր մեր դատարանը, չմոռանանք՝ աշխարհի ամենաարդա՛ր դատարանը, պարտավորեցրել է Գայֆեջյանին, որ ներողություն խնդրի... 

Դուք է՞լ կարդացիք։ Իսկ հիմա եկեք միասին ձեւացնենք, որ տեղյակ չենք, թե ինչպիսի «բարի համբավ» ունի Հայաստանի ոստիկանությունը, «պատվի ու արժանապատվության» ինչպիսի՜ լուսապայծառ ոտնա- եւ արնահետքեր են թողել ՀՀ ոստիկանները մեր հպարտ երկրի առավել հպա՛րտ քաղաքացիների շենշող հոգիներում եւ մարմինների վրա, ձեւացնենք ուրեմն եւ այս երեք վիրավորված ու անպատվված ոստիկանների ցուցումով «միամիտ-միամիտ» մտնենք Youtube ու դիտենք «SOS»-ի G7 տեսանյութը։

Ի դեպ, կարող եք նաեւ ձայնն անջատել, չլսել Վիլենին, պարզապես դիտեք տեսանյութը։ Այդ տեսանյութում պատվի մեռած եւ արժանապատվության գերածախս տված ոստիկանները վայրենու պես քաշքշում են խաղաղ պայմաններում սպանված զինվորների սգավոր մայրերին, Բաղրամյան պողոտայի ողջ լայնքով քարշ են տալիս այդ սեւազգեստ կանանց, որ հանկարծ նրանց սուգը նախագահականի «զաբոռներից» չարամտորեն ներս չսողոսկի եւ չխաթարի այնտեղ բազմածի հովվերգությունը։

Հիշեցնում եմ. դուք այլմոլորակայիններ եք, տեղյակ չեք, որ «բարի համբավ» ունեցող ոստիկանները նաեւ հարվածել են սգավոր մայրերին, տեղյակ չեք, որ նույնիսկ թքել են նրանց վրա, տեղյակ չեք, որ այս դժբախտ կանանց բողոքն օրինական է՝ նրանք աննահանջ հաստատակամությամբ ընդամենը պահանջում են դատել իրենց զավակներին սպանողներին։

Իսկ հիմա միացրեք Վիլենի ձայնը։ Տեսանյութը դիտելիս դուք ավելի կոշտ չէի՞ք արձագանքում ձեր տեսածին, չափից ավելի մեղմ չէ՞ SOS-ի հաղորդավարը։ Այդ համազգեստավորներից որեւէ մեկը պատժվե՞ց այս անմարդկային, գազանաբարո պահվածքի համար, օրենքի, այսպես կոչված, պաշտպաններն իրավունք ունե՞ն փակելու արդարություն պահանջող մարդկանց բերանները, որեւէ տեղ կարդացե՞լ եք, որ նախագահական նստավայրի առջեւ չի կարելի բողոցի ցույց անել։ Օրենք խախտող այս մարդու կերպարանքով արարածներն իրավունք ունե՞ն օրենքի անունից խոսելու։

Տեսե՞լ եք, թե այս «բարի համբավ» ունեցող ոստիկանները տարիներ շարունակ խաղաղ ցուցարարների դեմ «քուչի խուժանի» ինչ մեթոդներ են կիրառել եւ կիրառում ու խղճուկության, ողորմելիության, ստորաքարշության ինչ սեանսներ են տալիս իրական հանցագործ տեսնելիս։

Հաշվե՞լ եք, թե քանի-քանի պաշտոնյա մարդասպաններ, կաշառակերներ ու թալանչիներ են վխտում Հայաստանում եւ ամբիոններից ու հարթակներից բարոյականության, ազնվության, արդարության դասեր տալիս շարքային քաղաքացիներին։

«Բարի համբավ» ունեցող ոստիկանությունն էլ է տեսնում, ու ոչ միայն տեսնում է՝ ի՛նքն էլ դրանցից առատորեն ունի. հո իրենք իրենց չե՞ն դատելու։ Հո խաղաղ ցուցարարների դեմ նռնակ նետող ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանին չե՞ն դատելու։ Դե, նա էլ գիտի, որ հենց իրնմանների «շնորհիվ» է ՀՀ ոստիկանությունը «բարի համբավ» ձեռք բերել, եւ անպատժելիության «արժանապատիվ» զգացումով լեցուն՝ օրերս ատրճանակ թափ տվեց իր թանկագին ՀՀԿ-ին խեթ-խեթ նայողների վրա։ Ծեծ ուտելուց հետո կառողջանա, էսօր-էգուց էլ գնդացիր գործի կդնի, ումի՞ց պետք է վախենա։

Հայաստանի «բարի համբավ» ունեցող ոստիկանությունի՞ց...

Բա հո իզուր չեմ ասում, որ «SOS»-ի հաղորդավարը շատ մեղմ է արտահայտվում։