15.03.2017 14:14

Մհեր Արշակյան. Ողբ

Մհեր Արշակյան. Ողբ

                                    Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում...

                                                                             Պարույր Սեւակ

Միայն փողի առջեւ խոնարհվողներ, քաղքենիներ, որոնք կյանքի բովանդակությունը բանտարկել են ապրելու հարմարավետության մեջ, տառապանքի հետ յոլա չգնացող դեռապրուկներ, մեծ փորով եւ անփոր օլիգարխների արեւի հետ արթնացող սովյալ հուսացողներ, դուք քիչ եք, բայց ձեզ հայ են ասում:

Դուք, որ չգիտեք, թե ինչու եք դեռ Հայաստանում, դուք, որ հինգ տարին մի անգամ ռեգիստրով տեղեկանում եք, որ ունեք կեղծելու ենթակա քվե, դուք, որ միայն բեմական հիացմունքի մեջ եք բացահայտում, որ կաք, դուք էլ եք քիչ, բայց ձեզ էլ են հայ ասում: 

Նաեւ դուք, որ ամբողջ մարդուց դարձաք միջին վիճակագրական հայ, սոցիոլոգիայի հաց, որ թույլ տվեցիք ձեզ հաշվառեն ոչ որպես պետության հմայք, այլ՝ անձնագրի սերիա, դուք, որ փնտրելու համար ամենաքիչը ձեզ նայեցիք, դուք, որ հայ եք միայն, երբ պատերազմ են հայտարարում գենին, որի կոնկրետ տեղը չգիտեք, այո, դուք էլ եք հայ եւ դրանից չեք շատանա:

Որդիներ՝ ձեր հայրերի չապրածը ապրած, ուսուցիչներ՝ իմացությունից դուրս շպրտված, խրոխտ աշխատավորներ, որոնք նույնիսկ քայլ չեն կատարել դեպի անապատը, որտեղ անիմաստ է անգամ ստրուկ լինելը,  մարդեր, որոնք երբեք սեփական ոտքով չեն քայլել դեպի մոտակա խանութը՝ գնելու համար սեփական քմահաճույքի մաստակը, դուք էլ եք քիչ, ձեզ էլ են հայ ասում: 

Զինվորներ՝ սեփական կրակոցի մեջ անգամ քվե չդրած, մարտիկներ, որոնք հաղթանակի հետ ասես թոթափեցին Հայրենիքը, որպես վաղն ունենալիք ծանր գարնան անեծք, երջանիկ մայրեր, որոնք օրհնյալ էին արդեն այն մտքից, որ պտուղն աղջիկ չէ, ոստիկաններ, որ հենց այդ աղջիկ չդարձած պտուղն եք գուցե, դուք ամբողջը չեք, ու դուք էլ եք հայ:

Մարզիկներ ի Հայաստանս եւ ի սփյուռս աշխարհի, որ կաք միայն ձեզ վերաբերող նվաճումներում, երգիչներ, որ պատմում եք միայն օրվա երկրորդ կեսին միայն աչքերով տեսած սերը, քահանաներ, որ կաք միայն դուք, դուք էլ եք հայ, գրողը տանի, եւ շատ կոնկրետ քիչ եք:

Եվ դուք՝ ուսանողներ, որ ձեր եռացող արյան պոռթկումն եք մի քանի տարի, որ նաեւ ճկվել եք ուսանողական վարկերի եւ վարձերի բեռի տակ, դուք ամենուր եք, որտեղ քաղաքացիություն պետք չէ, դուք զարդարում եք տեսահոլովակները, դուք գեղեցիկ եք, խոսք չկա, եւ հայ եք առայժմ առանց առիթի: Բայց դուք կաք այնքան, որքան անհրաժեշտ է Հայաստան չունենալու համար:

Գործազուրկ այրեր, դուք կարող էիք լինել փոփոխությունների աղը, դուք կարող էիք դառնալ վճիռը այլ Հայաստանի, բայց թույլ տվեցիք, որ ձեզ մերժեն, որ ձեր վրայով բարձրանան օրվա հացի խոստումով, դուք ծեծեցիք բոլոր դռները, յուրաքանչյուր փոքրիկ պաշտոնյայի հայացքը ձեզ համար հույս էր օրը մթնեցնելու, եւ ամեն այդպիսի հայացքի մեջ պետության մահը ավելի մեծ տեղ էր բացում իր համար, դուք քիչ չեք, բայց ձեզ էլ կարող ենք դուրս թողնել ողբի մեր ինվենտարիզացիայից: Ձեզ էլ են հայ ասում, եւ դուք հաստատ շատ չեք:

Արհեստավոր մարդեր, որ սիրեցիք ձեր խաղաղ անկողինը, ձեր հաջորդ օրվա լուսաբացը որպես փաստացի անշառ: Որ սիրեցիք խաղաղ միտքը, թե ձեր քթից ոչ ոք  բռնած ման չի ածում: Բայց այսօր դուք հո գիտեք, որ երբեք չեք աշխատի այնքան, որ ձեր քիթը մնա անձեռնմխելի:  Դուք ձեզ գերադասել եք բոլորից մինչեւ այն օրը, երբ ծեծել են ձեր դուռը եւ հիշեցրել, որ դուք էլ եք անձնագրի սերիա:

Մեծ ու փոքր պաշտոնյաներ, կուսակցականներ միայն իշխանություն տեսած, դուք վերջն եք: Եվ դուք, այս երկրի համար միայն ժպիտ պահեստավորած հարգելի վարչապետ, եւ դուք՝ երբեք ընդդիմություն չեղած առաջին դեմք, դուք պատմության, մեր անցյալի եւ ապագայի, եւ նույնիսկ այս օրվա ամենակործանիչ փոքրամասնությունն եք, ձեր մասին էլ են ասում, որ հայ եք, ու ձեզանով են մյուսները շատ, ու ձեզանով են մյուսներն իրենց գերադասում, ու ձեզանով է, որ ոչ ոք իր մասին չի կարող ասել՝ մենք:

Ոչ ոք իր մասին չի կարող ասել՝ մենք, որ քիչ ենք արդեն բնությունից, մենք, որ հենց սովի մեջ ենք խնամում մեր ուժը, տեսիլքը այս պետության, մենք ավելի քիչ ենք, բայց մենք Հայաստան ունենք, որը չենք պատրաստվում կիսել կրկեսի հետ ու պետական դավաճանների հետ: Ու հենց նրանցից մեզ չենք գերադասում: