15.03.2017 14:38

Մենաշնորհատեր պաշտոնյա-«քաղաքացիական» գեներալները. Միհրան Պողոսյան եւ Սամվել Սանամյան

Մենաշնորհատեր պաշտոնյա-«քաղաքացիական» գեներալները. Միհրան Պողոսյան եւ Սամվել Սանամյան

Ամեն մի հերթական համապետական ընտրությունից առաջ ՀՀԿ-ն հայտարարում է, որ հենց ա՛յս մի ընտրությունները աննախադեպ մաքուր են լինելու. իբր՝ իշխող կուսակցության ցուցակները մաքրվելու են օդիոզ, ապաքաղաքական դեմքերից, քվեարկության օրը հանդարտ ու առանց խախտումների է անցնելու, իսկ մրցակից ուժերի դեմ պայքարն ընթանալու է առանց ավանդական «անցանկալի» մեթոդների:

Թե որքանով է այս վերջին կետն իրականանում, կարող ենք եզրակացնել՝ հետեւելով այս օրերին Արմավիրի Ջրառատում տեղի ունեցող իրադարձություններին: Թե որքանով ընտրատեղամասերում ընթացող գործընթացը կտարբերվի նախորդներից, պարզ կդառնա ապրիլի 2-ին:

Իսկ մինչ այդ վստահաբար կարելի է ասել, որ ՀՀԿ-ն ոչ միայն չի կարողացել (կամ չի ցանկացել) իր շարքերը մաքրել հանրությանն արդեն հայտնի ու մի քանի գումարման խորհրդարաններում «աչքի ընկած» դեմքերից, այլեւ համալրվել է համեմատաբար նոր դեմքերով: Համեմատաբար՝որովհետեւ ընդհանուր առմամբ դրանք հայտնի են, սակայն պառլամենտական հարթակում դրսեւորվելու առիթ են ստացել առաջին անգամ: Ամենահայտնի դեմքն այս շարքում, անշուշտ, Միհրան Պողոսյանն է՝ հարկադիր ծառայության գեներալ-մայորը, Հայաստան ներկրվող բանանի երկարամյա «բացառիկ ներկայացուցիչը», մարդ, որի ծառայության ընթացքում ԴԱՀԿ-ն սկսեց ընկալվել որպես միջնադարյան ոճի հարստահարման գործիք, որը ԴԱՀԿ համար օրհներգ պատվիրեց եւ մարդկանց ունեզրկող կատարածուների երդման արարողությունը կազմակերպեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Միհրան Պողոսյանի անունը միջազգային ու տեղական մամուլում հայտնվեց 2016-ի ապրիլի սկզբներին, այն ժամանակ, երբ ողջ Հայաստանն ու հայությունը կենտրոնացած էին սահմանին ընթացող արյունալի իրադարձությունների վրա: Այս քարոզարշավի ընթացքում արդեն Պողոսյանն աչքի ընկավ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հարազատներին իր քարոզի մասնակիցը դարձնելով ու իր արած «բարի գործերի» դիմաց նրանցից հրապարակային շնորհակալություն կորզելով:

Մեկ այլ «քաղաքացիական» գեներալ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի մանդատի համար կպայքարի Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքում: «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, երկար տարիներ զբաղեցրել է ՊԵԿ-ի մաքսանենգության եւ կրկնակի մաքսային հսկողության բաժնի ղեկավարի պաշտոնը, իսկ վերջերս հրաժարվել է պաշտոնից՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Ընդ որում, Սանամյանը բացեիբաց հայտարարում է, որ պատգամավորի մանդատն իրեն պետք չէ, իրականում՝ իշխանություններն իրեն խոսք են տվել՝ իր ընտրական տարածքում ՀՀԿ-ի համար  «լավ» արդյունքներ ապահովելու դեպքում ՊԵԿ-ի մաքսային ծառայության պետի պաշտոնը տալ: Ու թեեւ օրերս տված մի հարցազրույցում Սանամյանը հայտարարել է, թե իբր խորշում է ընտրակաշառք բաժանելուց, սակայն հրազդանցիները շատ լավ գիտեն, թե որքանով է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը:

Համակարգի տրամաբանությունից ելնելով՝ ինքնըստինքյան հասկանալի է, որ երկար տարիներ մաքսային համակարգում ծառայած գեներալը, մեղմ ասած, փողից չի նեղվում: Միհրան Պողոսյանի նման նա, չնայած որ պետական ծառայող է (իրականում՝ հենց դրա շնորհիվ), տնտեսական լուրջ լծակներ ունի, մասնավորապես՝  տիրապետում է Հայաստան ներկրվող հրավառության նյութերի մենաշնորհին, բացի դրանից՝ զգալի բաժին ունի ավտոպահեստամասերի ներկրման շուկայում: Փաստորեն, ըստ ամենայնի՝ պետական պաշտոնի չարաշահմամբ կուտակած իր միջոցները Սամվել Սանամյանն օգտագործում է՝ լրացուցիչ պետական լծակներ ձեռքը գցելու ու դրանց միջոցով է՛լ ավելի խոշոր գումարներ յուրացնելու նպատակով: Սա այն դեպքում, երբ վերջին կես տարում իշխանությունները թմբկահարում են այդ թվում՝ հարկային-մաքսային համակարգում «աննախադեպ» բարեփոխումների մասին, իսկ ՀՀԿ քարոզչության հիմնական դեմքը՝ Կարեն Կարապետյանը, հավաստիացնում է, որ որեւէ ոլորտում հովանավորյալներ ու «չարդարացված» մենաշնորհատերեր չեն լինելու: Հետաքրքիր է՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի օգտին աշխատող մենաշնորհները արդարացված համարու՞մ է:

Վինֆրիդ Արզումանյան