15.03.2017 14:46

Վահան Թումանյան. Երազ իմ երկիր...

Վահան Թումանյան. Երազ իմ երկիր...

Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցություններին հաջորդած ասուլիսին Թուրքիայի նախագահն ասել է, որ առաջարկել է ստեղծել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան «եռյակ միություն»: Պուտինը, սակայն, իր խոսքում այդ թեման շրջանցել է: Դա չի նշանակում, թե Էրդողանի «անձնատվության» դիմաց Ռուսաստանը ոչինչ չի առաջարկել, ինչպես կարծում են հայրենական որոշ փորձագետներ եւ մեկնաբաններ: Կարելի է ճիշտ հակառակը ենթադրել՝ ինչ-որ բան, երեւի, ծրագրվում է, բայց Ռուսաստանը գերադասում է ժամանակից առաջ չընկնել. մոտ ժամանակներս սպասվում է ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հանդիպում, եւ Էրդողանը կարող է  «ավելի թանկ գնով վաճառվել» Դոնալդ Թրամփին: Բացի այդ, Թուրքիայում ապրիլի 16-ին նշանակված է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքները չափազանց դժվար կանխատեսելի են: Թուրքիան եւ Ռուսաստանը նաեւ դեռ շատ հեռու են Սիրիայի հարցով պայմանավորվածություններից:

Էրդողանի առաջարկի մասին չբարձրաձայնելու համար ՌԴ նախագահը կարող է բազմաթիվ այլ պատճառներ եւս ունենալ: Այնպես որ, չարժե միանշանակ եզրահանգել, թե Ռուսաստանը «լուռ մերժել է» Թուրքիայի նախաձեռնությունը: Բայց մենք հույզերի ժողովուրդ ենք, այնքան, որ նույնիսկ նրանք, ովքեր «հեկտարներով» գրել են «հայ ժողովրդի թիկունքում ռուս-թուրքական գործարքի» թեմայով, Պուտինի լռությունից այնպես են ոգեւորվել, որ սկսել են վարկածել, թե, հնարավոր է՝ Թուրքիան համաձայնի Կարսի դիմաց  «տալ Ղարաբաղը»: Եւ խփում են վերջին մեխը. «Իսկ Կարսը, ինչպես հայտնի է, Թուրքիային է անցել 1921թվականի ռուս-թուրքական պայմանագրով»: Որտեղի՞ց է այս կպչուն միտքը, երբ հայտնի է, որ Կարսի եւ, առհասարակ, ռուս-թուրքական սահմանների հարցը լուծվել է Բրեստի հաշտության պայմանագրով, երբ բոլշեւիկյան Ռուսաստանը Գերմանիային եւ նրա դաշնակից Թուրքիային տարածքային զիջումներ է արել: Եւ հենց այդ պայմանագրի ուժով է, որ Օսմանյան Թուրքիան 1918թ. ամռանը Հայաստանի անկախությունը ճանաչել է շուրջ 12 000 ք/կմ տարածքով: 1920թ. հայ-թուրքական պատերազմի արդյունքում Թուրքիան վերատիրացել է Կարսին:

Իսկ երբ 1921թ. մարտի 16-ին կնքվում էր բոլշեւիկա-քեմալական պայմանագիրը, ոչ միայն Կարսը, այլեւ Ալեքսանդրապոլը թուրքական օկուպացիայի տակ էր, Հայաստանում՝ անիշխանություն: Դա ցավալի պատմություն է, մենք գործ ունենք իրականության հետ: Եւ իմաստ չունի հույսեր փայփայել, որ Թուրքիան «Կարսի դիմաց կարող է տալ Ղարաբաղը»: Ինտրիգը տեսանելի է. Թուրքիան Ռուսաստանին «առաջարկում է Ադրբեջանը», եթե Մոսկվան երաշխավորի, որ գործի է դրվելու ԼՂ կարգավորման «Լավրովի պլանը»: Այս հարցում Ռուսաստանը «հետքայլ է կատարել»: Բայց՝ ոչ թե հանուն Հայաստանի, այլ՝ որովհետեւ վստահ չէ, որ չի խաբվելու: Նախապատրաստվում է Իլհամ Ալիեւի այցը Մոսկվա: Ավելի կանխատեսված եզրակացություններ հնարավոր կլինի միայն դրանից հետո, երբ կփակվի ԼՂ հարցով դիվանագիտական խորհրդատվությունների եւ լռելյայն մրցակցության հերթական փուլը:

Իսկ երբ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ասում է, որ ԼՂ հարցում պետք է ցուցաբերել խիստ պատասխանատու մոտեցում եւ ժամանակ չկորցնել, նկատի է ունենում, որ հնարավոր է  իրավիճակ, երբ լուծումը պարտադրվի: Ինչպես 1921թ. հոկտեմբերի 13-ին՝ Կարսի անփառունակ պայմանագիրը: Երազներով երկիր չի կառուցվում, որովհետեւ, ինչպես բանաստեղծն է ասել՝ երազախաբությունից զավակ չի ծնվում...