16.03.2017 15:52

Առաքել Թավրիզյան. Ակնարկը զի՞նչ ցուցանե

Առաքել Թավրիզյան. Ակնարկը զի՞նչ ցուցանե

Քարոզչապայքարի շրջան է, ֆեյսբուքն էլ՝ միջոց: Եւ երբ կարդում ես, որ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ստորագրվեցին այն համաձայնագրերը, որոնցով հայ-թուրքական սահմանում մնացին ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում ձեւավորվեց ռուսական 102-րդ ռազմահանգրվանը, դա տեղի ունեցավ 1992-ի երկրորդ կեսին, բայց «դրանից մեկ տարի առաջ Հայաստանի ղեկավարությունն ու անձամբ Տեր-Պետրոսյանը դեռ հավատում էին, որ Անկարան Երեւանի հետ կհաստատի հարաբերություններ», ուզում ես անմիջապես հարցնել. «Ակնարկդ զի՞նչ ցուցանե»:

Ասել է թե՝ ի՞նչ նպատակով է սույնը դրվել ֆեյսբուքահայերի քննարկմանը: Որպեսզի մի քանի «հայրենասերներ» Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած դաշինքի հասցեին «գեղեցկախոսե՞ն»: Հեղինակը չի՞ նկատում, որ հայ-ռուսական համաձայնագրերի ստորագրման ժամանակը՝ 1992-ի երկրորդ կեսը մատնանշելով՝ ինքն էլ պատասխանում է հարցին:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1992-ի ամռանը Ադրբեջանի խոշորածավալ հարձակումը, որի հետեւանքով գրավվեց Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը, իրականացվել է Գյանջայում մնացած ռուսական դիվիզիայի ուժերով: Եւ Տեր-Պետրոսյանը կատարել է շատ ճիշտ քայլ, բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, ստորագրել համաձայնագրեր, որպեսզի չեզոքացնի ԼՂ-ն կորցնելու իրական սպառնալիքը: 1992-ի աշնանը ռազմաճակատում իրավիճակը կայունացել է, իսկ 93-ի փետրվարին՝ սկսվել ղարաբաղյան ուժերի հակահարձակումը: Արդյունքում՝ ազատագրվել է Մարտակերտի շրջանի մեծ մասը, իրականացվել է Քելբաջարի վնասազերծումը, եւ պատերազմում տեղի է ունեցել խոր բեկում՝ հօգուտ հայկական կողմի:
Իսկ նրանք, որ այդ օրերին Երեւանում շուրջօրյա ցույցեր եւ հանրահավաքներ էին անում եւ պահանջում Տեր-Պետրոսյանի հրաժարականը, Մոսկվայի 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի դենոնսացիան, կամ ոչինչ չէին հասկանում քաղաքականությունից եւ ռազմական գործից, կամ ուղղակի թշնամու գործակալ էին եւ փորձում էին ներսից կազմալուծել Ղարաբաղի պաշտպանության գործը:

Այդ մարդիկ այսօր հպարտանալու ոչինչ չունեն, քան մարտի 15-ին հավաքվել Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ եւ հայտարարել, որ կարողացել են պատժել Թալեաթ փաշային: Թալեաթին հարկ էր պատժել, երբ կոտորում էր արեւմտահայությանը: Տեր-Պետրոսյանը հայության դեմ հոխորտացող՝ Թուրքիայի նախագահ Օզալին պատժել է՝ ազատագրելով Ղարաբաղը: Բայց Տեր-Պետրոսյանը նաեւ ներկա է գտնվել Օզալի թաղմանը: Քաղաքականություն է...