16.03.2017 15:54

Լիզա Ճաղարյան. «Արի մե վեդրո ծիրան քաղեմ տամ քեզ, տար էփա կամպոտ՝ պախա քեզ հիշատակ»

Լիզա Ճաղարյան. «Արի մե վեդրո ծիրան քաղեմ տամ քեզ, տար էփա կամպոտ՝ պախա քեզ հիշատակ»

Ժուկով ժամանակով լինում է չի լինում մի ծիրան է լինում։ Էս ծիրանը միրգ է լինում, համով է լինում, սիրուն է լինում։ Հայ է լինում։ Չէ, հայկական է լինում։ Չէ, հայու գեն է ունենում։ Էս ծիրանը հենց հասնում է՝ մարդիկ ուտում են։ Ուտում են ե՛ւ հայերը, ե՛ւ հայու գեն ունեցողները, ե՛ւ նույնիսկ այլ ազգերը, որոնք սկի հայ չեն ու նույնիսկ հայու գեն չունեն։

Ժուկով ժամանակով լինում է չի լինում՝ նաեւ մի Զարուհի է լինում։ Էս Զարուհին ծիրան չի լինում, բայց սիրում է ծիրան, ուտում է ծիրան, հայ է լինում ու հայու գեն է ունենում։ Էս Զարուհին միայն ծիրա՛ն չի սիրում, լիքը բաներ է սիրում, ու էդ լիքը բաների մեջ՝ ծիրանից հետո Հայաստանն է սիրում։

Հայաստանը հենց էն երկիրն է, որտեղ լիքը ծիրան կա։

Բայց քանի որ Զարուհին ծիրան շատ է սիրում ու շատ է սիրում նաեւ Հայաստանը, որտեղ աճում է իր սիրելի ծիրանը, ուզում է, շատ է ուզում, որ աշխարհի բոլոր ծիրաններն աճեն ու բարգավաճեն Հայաստանում, ու այդ բոլոր ծիրանները լինեն շատ-շատ, շատ-շատ ու շատ-շատ։ Բայց հակառակի պես՝ էս Հայաստանի տարածքը շատ փոքր է լինում, ու Զարուհու ցանկությունը՝ ունենալ ծիրան շատ-շատ, ուտել ծիրան շատ-շատ՝ համով-հոտով, անկապ-մանկապ, շաշ-մաշ տեսլականների շարքից է լինում։

Բայց դե՝ Զարուհին սովորական շարքային Զարուհի չի լինում, նա շատ համառ ու քաջարի հայուհի է լինում՝ հայու գենով, ավելին՝ քաղաքական գործիչ է լինում։ Իմաստուն։

Ու մի օր էս իմաստուն քաղաքական գործիչ ու համառ եւ քաջարի հայուհի Զարուհին արթնանում է ու գոչում՝ էվրիկա՛։

Չէ, արթնանում է ու ճչում՝ դեպի Արարա՛տ։

-Ի՞նչ, - վեր է թռչում ծիրանը։

-Դեպի Արարա՛տ, - աղեկեզ ճչում է Զարուհին, - ես հավատու՛մ եմ։

-Ինչի՞ն, մեռնեմ համառ ու քաջարի ջանիդ, ինչի՞ն ես հավատում, - կակազելով հարցնում է ծիրանը։

-Ես հավատու՛մ եմ, որ ծիրանը կարող է աճել նաեւ Արարատի կատարին եւ անդին, - ծառս է լինում քաջարի հայուհի Զարուհին եւ ձեռքը մեկնում դեպի լյառն Բիբլիական։

«Էս աղջիկն իմ գլուխն ուտելու է վերջը, «անդի՞նն» ինչ մեղքս էր»,- մտածում է ծիրանը ու վախից կապտում։

-Կցրտահարվեմ, ա՛յ ընկերուհի, - ահաբեկված ընդվզում է ծիրանը։

-Հանուն Հայաստանի ցրտահարվիր, չե՛ս սատկի, - ոտքը գետնին է խփում զայրույթից փրփրած Զարուհին։

Սովորաբար, երեւի գիտեք, բոլոր իմաստունների նյարդերը գերգրգռված են լինում, Զարուհունը, բնականաբար՝ նույնպես (բա էնքան բան գիտեն, ո՞վ էդքան բան իմանա, ու դրանից հետո նյարդերը դիմանան)։

Ու շատ նյարդայնացած հայուհի իմաստուն Զարուհին շուտափույթ համագումար է հրավիրում, հրատապ կուսակցություն է հիմնադրում, անունը՝ «ծիրան», չէ, ներողություն՝ «Երկիր ծիրանի», ու աղաղակում ահեղադղորդ՝ դեպի Արարա՛տ։

Բայց մտքինը հո միայն Արարատը չի՞. Արարատի շուրջն այնքա՜ն բերրի հողեր կան, եւ ի դեպ՝ պատմակա՛ն հողեր, լճեր էլ կան, ծովեր էլ կան, ինչ ասես՝ կա, ի՛նչ մտքներովդ անցնի։

Զարուհին հավատում է, որ այդ բոլոր հողերը, լճերն ու ծովերը, առուներն էլ՝ հետները, եւ ընդհանրապես՝ ինչ մտքներովդ անցնի, գրավելու է մի օր իր աշխարհասփյուռ զորքով, ու հայու գեն ծիրանն էնքան շատ է լինելու, որ ոտի հետ գնալու է։

-Արի ինձ կեր, պրծնեմ քեզանից, - հուսահատ հեծկլտում է ծիրանը։

Զարուհին չի լսում։ Արդեն մտովի Արարատի կատարին ծիրանենի է տնկում։

Հենց այն պահին, որ Զարուհին Արարատի կատարին ծիրանենին արդեն տնկել էր ու պատրաստվում էր սառցաջրել՝ մտովի, հենց այդ պահին Հայաստանի մայրաքաղաքի տներից մեկում մի մանչուկ թնկթնկում էր.

-Մա՜մ, ծիրան եմ ուզում։

Մայրը թաքուն արցունքներն էր մաքրում։ Հո չէ՞ր ասելու՝ հացի փող չունեմ, ո՞նց ծիրան առնեմ, ձագ ջան։ Հո չէ՞ր ասելու՝ եղբորիցդ երեկվանից լուր չունեմ, սահմանին կրակում են, սիրտս վախից կանգնում է։ Հո չէ՞ր ասելու՝ շենքում մենակ ենք մնացել, բոլորը գնացել են երկրից, տղա ջան, գիշերները վախենում եմ շուրջս պատած խավարից։

Հեքիաթն ավարտվեց։ Վերջում երկնքից երեք խնձոր չընկավ։ Ծիրան՝ առավել եւս։

Նույնիսկ երկինքն է մինչեւ կոկորդը կշտացել հայաստանյան փեշավոր ու անփեշ փանջունիներից։