17.03.2017 10:37

Աշոտ Սարգսյան. «Հայաստանում կա մեկ հարց, մայր հարց, բանալի հարց...»

Աշոտ Սարգսյան. «Հայաստանում կա մեկ հարց, մայր հարց, բանալի հարց...»

Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում օրերս լույս տեսած՝ «Արցախյան հիմնահարց. արձագանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2016թ. դեկտեմբերի 17-ի ելույթի վերաբերյալ» գրքի խմբագրի ամփոփիչ վերջաբանը։

***

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» վերնագրով 2016թ. դեկտեմբերի 17-ի ելույթը Հայաստանի քաղաքական կյանքում որպես թիվ 1 օրակարգ սահմանեց պատերազմի եւ խաղաղության հարցը։ Ավելի ճիշտ՝ հիշեցրեց այդ իրողության մասին։ Այնպես չէ, որ այդ օրակարգը որպես առաջնային չկար։ Կար ամենուր՝ բոլորի մտքում, մտածումներում, կենցաղում, ամեն րոպե «շփման գծից» հրադադարի խախտման, դրա ցավալի հետեւանքների մասին սրտատրոփ պաշտոնական հաղորդագրությունների սպասող՝ զինվորների ծնողներից ու մերձավորներից սկսած, մինչեւ Հայաստանում ներդրում անել-չանելու՝ ներսի ու դրսի գործարարների ծրագրերում։ Ուղղակի թե միջնորդավորված՝ հակամարտության կարգավորման հիմնախնդրից են կախված եղել ու կախված մնում բոլոր՝ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության ապահովումից սկսած, մինչեւ վերջին գյուղի վերջին սոցիալական խնդիրները։ Պարզապես, քաղաքական հարթության վրա դրանից խոսել հնարավորինս խուսափել ու խուսափում են բոլորը, խուսափում են ոչ միայն ասպարեզում երեւացող ուժերն ու գործիչները, խուսափում է նույնիսկ իշխանությունը։ Քանզի դա պետական մտածողություն, քաղաքական պատասխանատվության ունակություն եւ քաղաքական համարձակություն է պահանջում։ Մինչդեռ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար չկա ավելի վտանգավոր բան, քան, ժողովրդական խոսքով ասած՝ այս «ջայլամային քաղաքականությունը»։

Անցել է շուրջ երկու ամիս, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հասարակական ամենալայն քննարկման արդյունքներն, այս պահի դրությամբ, կարելի է ամփոփել։ Նման մի ամփոփում իմաստավորելու, հիմնավոր ու ակնառու դարձնելու համար, սակայն, անհրաժեշտ է հարցի պատմության հետ կապված որոշակի փաստերի եւ իրողությունների համադիր մի ֆոն՝ նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ 90-ական թվականների պատմությունը հետեւողականորեն աղավաղվել ու նենգափոխվել է։

 

Պատմական իրողությունների ֆոնը

 

Իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում՝ 1990 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի առաջնային խնդիրն էր՝ հասնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ ինքնորոշման իրավունքի, իր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու ու ազատ զարգանալու հնարավորության իրականացման հարցի լուծմանը։ Վերջին հաշվով՝ դա էր 1988 թվականից ծայր առած Ղարաբաղյան շարժման հետապնդած խնդիրը։

Հակամարտության վերջնական կարգավորումը ենթադրում էր երկու պարագայի համատեղում.

առաջին՝ տեղավորվել միջազգային իրավունքի համապատասխան նորմերի շրջանակներում,

երկրորդ՝ ստիպել Ադրբեջանին ճանաչելու այդ լուծումը։

Դեռ որպես Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ երկրի ղեկն ստանձնելուց մեկ ամիս անց, 1990 թվականի սեպտեմբերի 3-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը օրենսդիր մարմնում հանդես եկավ «առճակատման ստրատեգիայից փոխզիջումների ստրատեգիայի» անցնելու միջոցով խնդրի խաղաղ կարգավորման մասին ծրագրային ելույթով (Տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», էջ 113-122)։ Հենց այդ պահից էլ դա է եղել նրա եւ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղեգիծը մինչեւ 1998 թվականը։ Դրան հասնելու համար գործադրվեցին հնարավոր բոլոր միջոցները՝ ամենաբազմազան բանակցություններից սկսած, մինչեւ պարտադրված պատերազմում ռազմական հաղթանակների ապահովումը։

Շահեկան պայմաններում, հաղթողի դիրքերից կնքված զինադադարը եւ հարցի միջազգայնացումը (Մինսկի խումբ) տալիս էին նման կարգավորման հնարավորությունը։ Պատերազմին հաջորդած շրջանում առաջացած այլազան խոչընդոտների հընթացս հաղթահարումից հետո, 1997 թվականին առաջին լուրջ հնարավորությունն էր խնդրի կարգավորման, խաղաղության հաստատման համար։ Արտաքին խոչընդոտները հաղթահարված կամ հաղթահարելի էին։ Ներսում հասարակական հակազդեցության խանգարիչ հանգամանք գոյություն չուներ (նման բան նվազագույն չափով անգամ չարտահայտվեց)։ Ժամանակի ընդդիմությունը որեւէ հրապարակային ակցիա չարեց, նրա հնարավոր դիմադրությունը նույնպես հաղթահարելի էր։ Հաղթահարելի էր նաեւ ցանկացած հասարակության մեջ առկա՝ «փեշակով հայրենասերների» եւ քաղաքական չիմացության կամ հիվանդագին ամբիցիաների հիմքով տառապող մի քանի տասնյակ մարդկանց բարձրացրած կեղծ հայրենասիրական «ղալմաղալը»։

Բնականաբար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նախագահի հարյուրավոր ելույթներից ու հարցազրույցներից բոլորը գիտեին փոխզիջումների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորման նրա քաղաքական ուղեգծի մասին։ Հասարակությունը գիտեր, իսկ իշխանության մաս կազմող պաշտոնյաներն, ամեն մեկն իր տեղում, նաեւ այդ ուղեգծի գործադրման իրականացման դերակատարներ էին։

Սակայն տեղի ունեցավ անակնկալ. կարգավորման ծրագրին ընդդիմացան դրան ի սկզբանե քաջատեղյակ ու երբեւէ նման լուծումը երազանք համարող մարդիկ։

Հօգուտ ստատուս-քվոյի պահպանման հանդես եկան Նախագահի քաղաքական թիմից առանցքային պաշտոնյաներ. ՀՀ վարչապետ Ռ. Քոչարյան, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյան, Լեռնային Ղարաբաղի ղեկավարներ։ Այդ պայմաններում ծրագրի իրականացումն անհնար էր։ Առաջացած ներիշխանական ճգնաժամի հաղթահարման համար Հանրապետության նախագահը, որպես պետական գործիչ, բացառեց Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը (համապատասխան մարդկանց պաշտոնանկ անելը)՝ իրավացիորեն համարելով, որ տվյալ իրավիճակում դա հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով (տե՛ս «Հայաստանի Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը,– «Ընտրանի», Երեւան, 2006, էջ 661)։ Դրանից հետո կար երկու տարբերակ. կա՛մ համաձայնել իր գործընկերների՝ ստատուս-քվոն պահելու ուղեգծին՝ մի կողմ դնելով սեփական համոզմունքները, կա՛մ՝ հրաժարական տալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անսովոր առաջինին, արեց պետական գործչին վայել երկրորդ քայլը. 1998 թ. փետրվարի 3-ին նա հրաժարական տվեց։

Հրաժարական տվեց՝ մինչ այդ արձանագրելով կամ հայտարարելով երկու բան.

ա) Իր համար ոչ մի խանգարիչ հանգամանք չկար պահել ստատուս-քվոն եւ պաշտոնավարել մինչեւ նախագահական ժամկետի ավարտը։ Ավելին՝ ընդունելով իր թիմակից ընդդիմախոսների առաջարկած ուղեգիծը, անձնապես կարող էր շահել առավելագույնը.

«Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3‑4 տարի, մինչեւ իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը» (Տե՛ս «Ընտրանի», էջ 660)։

«Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները։ Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն։

Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որեւէ մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում։ Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը» (Տե՛ս «Ընտրանի», էջ 631-632)։

Կարող է թվալ, թե հաջորդ նախագահը (Ռ. Քոչարյան), պահպանելով «ստատուս-քվոն», ամենեւին էլ անելանելի դրության մեջ չհայտնվեց։ Հայտնվեց։ Հայտնվեց ու դրանից «ելք գտավ» Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը ներառող Ստամբուլի խարտիան ստորագրելով, Մեղրին աճուրդի հանելով, Լեռնային Ղարաբաղին հակամարտության կողմի մանդատից զրկելով, Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին Հայաստանի անունից հայտարարություն անելով, «Պատմաբանների հանձնաժողովի» եւ Ցեղասպանության ուրացման ճամփան հարթելով, Հայաստանի միջազգային վարկը խաթարելով, անկախ պետականության կարեւոր ատրիբուտներ զոհաբերելով...

Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող նման բաներ անել, եւ չէր էլ ուզում իրենից հետո որեւէ մեկին եւ երկիրը դնել նման խնդիրների առջեւ։

բ) Նա մեկ առ մեկ հերքեց այն փաստարկները, որ բերում էին ստատուս-քվոն պահելու կողմնակիցները եւ արեց այն ցավալի հետեւանքների կանխատեսումները, որ կարող են լինել դրա արդյունքում։

Ի՞նչ էին ասում ընդդիմախոսները.

Ասում էին՝ շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա, այդ պայմաններում էլ հնարավոր է ունենալ Ադրբեջանի համեմատ զարգացման ու հզորացման ավելի բարձր տեմպեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդարձակ տնտեսական ու քաղաքական հիմնավորմամբ պնդում էր դրա անհնարինությունը։ Ու այդպես էլ եղավ. շրջափակումը շարունակեց մնալ տնտեսության զարգացման կաշկանդիչ հանգամանք, Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանային կարեւորագույն ծրագրերից, ուժերի հարաբերակցությունը բոլոր պարամետրերով հետեւողականորեն փոխվել ու փոխվում է հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանը, Ադրբեջանի հետ համեմատության մեջ, երբեւէ ավելի ուժեղ չեղավ, քան էր 1997-98 թվականներին։

Ասում էին՝ կառավարության աշխատանքի ավելի ճիշտ կազմակերպումով հնարավոր է ապահովել երկրի անհրաժեշտ զարգացումն ու հզորացումը երաշխավորող արդյունքներ՝ փոխհատուցելով շրջափակման հետեւանքները։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ կան տնտեսության զարգացման «ֆիզիկական լիմիտներ», որոնցից այն կողմ պարզապես անհնար է անցնել ամենաճիշտ աշխատանքով անգամ։ Իսկ թե կառավարությունը որքան ավելի «ճիշտ» աշխատեց հաջորդ տարիներին եւ առ այսօր, արդյունքներին բոլորս ենք ականատես արդեն շուրջ քսան տարի։

Ասում էին՝ հակամարտության լուծված չլինելու պայմաններում էլ, «ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականության» եւ «ինտերնետի հնարավորությունների մաքսիմալ օգտագործումով»՝ հնարավոր է ապահովել արտասահմանյան ներդրումների մեծ հոսք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարեւոր համարելով հանդերձ նման աշխատանքը, վստահ էր, որ՝ «դրա արդյունքն, այնուամենայնիվ, չնչին է լինելու»։ Որեւէ մեկը կարո՞ղ է պնդել, որ այդպես չի եղել։

Ասում էին՝ ժամանակի հետ միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցում ստիպված կլինի համակերպվել ստատուս-քվոյի հետ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա համար հիմքեր չէր տեսնում։ Անցել է 20 տարի, եւ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի համակերպվում ստատուս-քվոյի պահպանման հետ՝ կողմերին շարունակելով առաջարկել կամ պարտադրել կարգավորման միմիայն փոխզիջումային տարբերակ։

Ասում էին՝ Ռուսաստանում իշխանության կգան իսկական ազգայնական ուժեր, որոնք Հայաստանը դարձնելով Կովկասի Իսրայել, Ղարաբաղի հարցը մեր օգտին կլուծեն։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անհեթեթ համարելով նման պնդումները, սրան հակադարձում էր. «Ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ»։ Եւ քսան տարի անց էլ ոչ մի նշան չկա, թե Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Ասում էին՝ հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել, մեզ կօգնեն Ռուսաստանը եւ Իրանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, պնդում էր, որ «Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»։ Այն, ինչի ականատեսն ենք բոլորս։

Ասում էին՝ եթե ինչ‑ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի ամբողջ շարք փաստարկներով դա անհնար էր համարում։ Եւ իրոք, առ այսօր Իրանից զենք ստանալու մասին ոչ մի փաստ չկա արձանագրված։

Ասում էին՝ Իսրայելի օրինակով կարելի է զարգանալ նաեւ մեկուսացման պայմաններում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ համեմատելի չեն Հայաստանը եւ Իսրայելը. որ վերջինս ունի 100 կիլոմետրանոց ծովափ, հզոր նավահանգիստներ եւ չի կարող խոսք լինել նրա տնտեսական մեկուսացվածության մասին։ Որ՝ Իսրայելի բյուջեն հրեական սփյուռքից որպես նվեր ամեն տարի ստանում է շուրջ 4 միլիարդ դոլար եւ մի այդքան էլ, դարձյալ որպես նվեր, ԱՄՆ-ից։ Որ՝ հրեաները հզոր ներկայություն ունեն աշխարհի գերտերությունների քաղաքական կառույցներում, համաշխարհային ֆինանսական համակարգերում, զանգվածային լրատվության միջոցներում եւ այլն։ Հայաստանը եւ հայերը նման բաներ չունեն եւ չեն կարող ունենալ։ Ինչպես տեսնում ենք, քսան տարվա մեջ ո՛չ Հայաստանը Իսրայել դարձավ, ո՛չ էլ հայկական սփյուռքը՝ հրեական սփյուռք։

Ասում էին՝ Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմամբ եւ այլ քայլերով Սփյուռքին սիրաշահելով նրանից կարելի է ստանալ տարեկան կես միլիարդ դոլար։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մատնանշելով հայկական սփյուռքի կարողությունները, ավանդական հետաքրքրությունները եւ այլ յուրահատկությունները, Սփյուռքից ակնկալիքը լավագույն դեպքում գնահատում էր տարեկան ոչ ավելի, քան այդ թվի 4-5 %-ը։ Ցեղասպանության միջազգայնացումը բերեց դրա ուրացմանը՝ ի դեմս տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի», իսկ Սփյուռքից «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերած միջոցները դարձան ավելի խղճուկ։

Ասում էին՝ արտագաղթն այլեւս չի սպառնում Հայաստանին, եւ ընդհակառակը՝ արդեն դիտվում են ներգաղթի միտումներ։ Եւ որպես ապացույց մատնանշում էին նախորդ տարվա համեմատությամբ դպրոցներում առաջին դասարանցիների թվի կտրուկ ավելացման փաստը։ Ճիշտ էին ասում՝ զինադադարի հաստատումից հետո մարդկանց մոտ հույս ու վստահություն առաջացավ ապագայի նկատմամբ, երկրից գնացողների եւ վերադարձողների հաշվեկշիռը հետպատերազմյան տարիներին դարձավ դրական։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ շրջափակման ու հակամարտության չկարգավորման պայմաններում, անխուսափելիորեն բախվելով սոցիալական եւ այլ խնդիրների, արտագաղթը նորից ահագնանալու է։ Եւ այդպես էլ եղավ. 2010 թվականին աշակերտության հրապարակված թիվը մոտ կրկնակի պակաս էր 1999 թվականի համեմատությամբ։

Ասում էին՝ Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակադարձում էր. «Հարկադրված լուծում նշանակում է կապիտուլյացիա... Փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»։

Որքան էլ ցավալի, սակայն այս կանխատեսումները լիակատար իրականացան։ Ամբողջ 20 տարի Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ մի քննադատ չի ասել եւ չի կարող ասել, թե դրանցից որեւէ մեկում նա սխալվել է։

Հրաժարականի իր հայտարարության մեջ Նախագահը նաեւ զգուշացրեց, որ Ղարաբաղի հարցը պատրվակ է իշխանական ճգնաժամում, եւ իշխանության են գալիս ուժեր, որոնք բոլորովին այլ պատկերացումներ ունեն պետության եւ իշխանության մասին։ Եթե սա էլ համարենք կանխատեսում, ապա դրա «ամենաշքեղ» մարմնացումն էլ Հայաստանի վզին փաթաթված ավազակապետական այն ռեժիմն է, որին ականատես ենք, եւ որի պայմաններում ապրում ենք, որի «բարիքները» վայելում ենք բոլորս։

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 17-ի «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» վերնագրով ելույթի արձագանքները կոշտ բաժանմամբ դասդասենք դրականի եւ բացասականի։

 

Դրական արձագանքները

 

Դրական արձագանքների հիմքում երկու հանգամանք է.

Առաջին. հեղինակների՝ քաղաքական մտածողության կարողությունը։ Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն գործնական քաղաքականությամբ զբաղվող եւ խնդրի նրբություններին բավարար չափով տիրապետող՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա քաղաքական թիմակիցներին։ 1997–1998 թվականներին էլ նրա ղեկավարած քաղաքական ուժի մեծագույն մասն այդ համոզմունքին էր, ինչի վառ վկայությունը բարձր պաշտոններ զբաղեցնող շուրջ չորս տասնյակ մարդկանց հրաժարականն էր Նախագահի հետ միասին։ Խոսքը վերաբերում է հիվանդագին հավակնություններով չտառապող, առողջ մտածողություն ունեցող, եւ իրենց կարծիքը հրապարակավ անկաշկանդ ասելու քաջություն ունեցող բազմաթիվ մարդկանց՝ հասարակության ամենատարբեր շերտերից։ Սա առաջին կարեւորագույն որակական նորությունն էր։

Երկրորդ. շուրջ երկու տասնամյակի ընթացքում «ստատուս-քվոյի» պահպանման քաղաքական կուրսի առարկայացած հետեւանքները։

1997 թվականի համեմատությամբ տրամագծորեն այլ էին 2016 թվականի դեկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հանգամանքները։ Նա հիմա ոչ թե իշխանության առաջին դեմքն էր ու հարցը լուծողը, այլ միայն ամենաճանաչված ընդդիմադիր ուժի առաջնորդ։ Իսկ նոր առաջացած ամենակարեւոր հանգամանքը հետեւյալն է։ Եթե 1997–98-ին ստատուս-քվոյին կառչելու աղետալի հետեւանքների նրա մատնանշումները, որքան էլ փաստարկված ու տրամաբանական, բայց ենթադրություններ եւ կանխատեսումներ էին, այժմ արդեն առարկայացված իրողություններ են՝ շոշափելի ու տեսանելի բոլորին.

Դա ժողովրդագրական աղետն է՝ արտագաղթի պատճառով բնակչության ավելի քան մեկ երրորդի կորուստը։

Դա շրջափակման հետեւանքով տնտեսության անկումն ու Ադրբեջանի նկատմամբ ուժերի հարաբերակցության փոփոխությունն է։

Դա հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության վերաբերմունքի տեղաշարժն է հօգուտ Ադրբեջանի՝ ի դեմս կարեւոր երկրների ղեկավարների հայտարարությունների ու միջազգային կառույցների ընդունած բազմաթիվ փաստաթղթերի։

Դա չզարգացող տնտեսության հետեւանքով աղքատության ու թշվառության մատնված հասարակական շերտերի մեծացումն է։

Դա կարգավորման բանակցային փաստաթղթերում մեզ համար ոչ բարենպաստ փոփոխությունների միտումն է։

Եւ վերջապես՝ դա ստատուս-քվոյի տեւողության շրջանում արդեն հազարից ավելի եւ Ապրիլյան պատերազմի 160 զոհերն են, ամեն շաբաթ շփման գծից եկող զինվորների մահվան լուրերը։

Պետք չէ քաղաքագետ, քաղաքական գործիչ կամ հարցի փորձագետ լինել այս ամենը տեսնելու համար։ Ահա թե ինչու, այս հիմքի վրա, ի տարբերություն 1997-ի, աննախադեպ լայն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի դրական արձագանքների հասարակական հիմքը։ Այլ էր նաեւ արձագանքների բնույթը։ Դրանք ոչ միայն բազմաթիվ են, այլեւ ինքնաբուխ։ Արձագանքները ոչ միայն ֆունդամենտալ հոդվածներ ու հարցազրույցներ են, այլեւ սոցիալական ցանցերում հարյուրավոր գրառումներ։ Դրանց հեղինակների մեջ կան նաեւ մարդիկ, որոնք, իրենց խոստովանությամբ, «ժամանակին դեմ են եղել», «երբեք նրա երկրպագուն չեն եղել», «հիմա էլ այլ հարցերում համաձայն չեն» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց այս հարցում լիակատար կիսում են նրա պատկերացումները՝ պատրաստ պայքարելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն սպառնացող եւ զարգացումը խոչընդոտող խնդիրը լուծման համար։

Եւ պատահական չէ, որ այս հիմքի վրա, գեթ սոցիալական ցանցերում, էլեկտրոնային ու այլ լրատվամիջոցներում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի, նրա առաջ քաշած «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի դրական արձագանքներն իրենց ծավալով նկատելիորեն գերակշռեցին բացասականին։ Սա երկրորդ որակական նորությունն էր։

 

Բացասական արձագանքների հիմքերը

 

Ի տարբերություն դրականի, այլ են ու բազմազան  բացասական արձագանքների հիմքերը եւ շարժառիթները։ Թող տարօրինակ չթվա, սակայն 1997 թվականի համեմատությամբ այս ընթացքում առաջացել են նաեւ նոր շարժառիթներ։ Ընդհանուր առմամբ դրանք հետեւյալն են։

ա) Լեւոն Տեր-Պետրոսյանի ավանդական հակառակորդներ, որոնք միեւնույն է՝ պիտի հակադրվեին, անկախ նրանից, թե նա ինչի մասին է խոսում։

բ) Անձնական-շահադիտական. օրինակ՝ փոխզիջումների շրջանակներում վերադարձվելիք հողերում ոմանք խիստ եկամտաբեր բիզնես են հիմնել եւ չեն ուզում այն կորցնել։

գ) Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք «տուժած», իրենց կատարած հանցանքների համար պատժված ու դրա համար մշտապես վրեժխնդիր մարդիկ։

դ) Ոմանք ենթագիտակցորեն զգում, կամ գիտակցված հասկանում են, որ վերջնական խաղաղության հաստատումից հետո կարող է լինել բոլորովին այլ համակարգ, որում չեն կարող պահպանել այս ընթացքում իրենց ձեռքբերած դիրքը եւ ունեցած հնարավորությունները։

ե) Մարդիկ, ովքեր երբեք ճակատում չեն եղել ու չեն լինի, բայց նրանց անձնական ամբիցիաների եւ ձեռքբերած համարման հիմքում «հայդատական համոզմունքն» է եւ «հայրենասիրական» պոռոտախոսությունը. մեր հողերն են, ազատագրել ենք, էլի պիտի ազատագրենք, եւ թքած աշխարհի էլ, միջազգային հանրության էլ, նրա օրենքների վրա էլ։

զ) Ուժեր եւ անհատներ, որոնք չկարգավորված հակամարտության շահարկմամբ կարողացել են մի անգամ իշխանության հասնել, եւ եթե այդ հարցը լուծվի, վերջնականապես զրկվում են իշխանության գալու որեւէ հեռանկարից։

է) Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, իրենց «ընդդիմադիր» հռչակած քաղաքական ուժեր եւ անհատներ, որոնք երկրի թիվ մեկ օրակարգային հարցի մասին կա՛մ գաղափար չունեն, կա՛մ քաջություն չունեն այդ մասին խոսել. ոչ թե կարգախոսային բնույթի մի նախադասություն ասեն, այլ ընդարձակ ներկայացնեն խնդրի լուծման իրենց պատկերացումներն ու ծրագիրը։ Եւ ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթից հետո նրանք կա՛մ դա պետք է անեն, կա՛մ ցուցադրեն իրենց քաղաքական սնանկությունը։

ը) Եւ վերջապես մարդիկ, որոնք անկեղծ են, պարզապես՝ կա՛մ բավարար տեղյակ չեն խնդրի նրբություններին ու դրա լուծման միջազգային իրավական դաշտին, կա՛մ տեղյակ են, սակայն ավանդական պատկերացումների կարծրատիպերը եւ ազգային հուզական ամբիցիաները գերակայում են, խեղդում բանականության ձայնը։

Բացասական արձագանքների հիմքերի բազմազանությունն էլ պայմանավորել է դրանց «ժանրային» բազմազանությունը. անզոր հայհոյանքից մինչեւ ողորմելի հոխորտանքներ, անճար վերագրումներից մինչեւ արտաքուստ բանական բանավեճի, այլընտրանքի մատնանշման փորձեր։ Բացասական այս արձագանքների հիմքը, եթե կարելի է այս բառն օգտագործել, քաղաքական իմաստով՝ պահանջատիրությունն է։ Ամենահամեստը՝ «ոչ մի թիզն հողն է», միջինը՝ Բաքուն գրավելը, առավելագույնը՝ թուրքերին Փոքր Ասիայից Միջին Ասիա քշելը եւ Հայաստանի սահմանները Միջերկրական ծովից մինչեւ Կասպից ծով հասցնելը։

Եթե այդ ամենից մանրակրկիտ հաշվառմամբ դուրս ենք հանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի դեմ հնչած շատ թե քիչ առարկայական հակափաստարկները, ապա դրանք ճշգրիտ նույնանում են 1998 թվականի նրա ընդդիմախոսների՝ վերեւում 12 կետով բերված, սնանկ դուրս եկած փաստարկներին. կրկին՝ «ավելի լավ աշխատանք», «ավելի շատ ներդրումներ», «ազգային համախմբում», Սփյուռքի փողեր, Իսրայելի օրինակ եւ այլն։

Միակ նոր բանը, որ ասվում է, հետեւյալն է. «Սրանք վատն էին՝ չկարողացան, մենք լավն ենք, կգանք եւ կկարողանանք»։

Խնդրո առարկա ելույթի ու դրա բացասական արձագանքների ամենադիպուկ գնահատականը տվել է ոչ այլ ոք, քան Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսներից մեկը՝ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը.

«ՀԱԿ 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտեցի ծայրից ծայր։ Անկախ իմ վերաբերմունքից այդ կուսակցության քայլերի եւ առաջին նախագահի առանձին դիրքորոշումների հանդեպ՝ ազնվորեն գրում եմ զգացածս. ի դեմս նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստանն ունի խորքային պետական գործիչ, որպիսիք շատ չեն մեր երկրում, իսկ ավելի անկեղծ՝ շատ եւ շատ քիչ են» (www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155647075768378. 17.12.2016թ.)։ «Սովորել պե՞տք է, թե ինչպես է փաստարկում իր խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չեմ կիսում հենց Արցախյան հիմնախնդրի լուծման իրենց պատկերացումը, ԵՏՄ-ական կողմնորոշումը եւ շատ այլ հարցեր: Վերջակետ։ – Պե՞տք է հասկանալ, թե ինչպես մարդ կարող է մի ելույթով քաղաքականացնել եւ մանիպուլյացնել ամայացած ամբողջ դաշտը: Այո՛։ Վերջակետ։ – Խառնե՞ց բոլորիդ: Այո՛: Վերջակետ։ – Բա այդքան անիմաստ եք համարում ու այդքան էներգիա ծախսեցիք պիտակավորելու, հայհոյելու, դատավորի պես վերջնական վճիռը հայտարարելու համար... Այդքան էներգիա ու ջա՞նք տարավ անիմաստությունը ձեզանից: Այո՛։ Իսկ ասածս պարզ մի բան էր: Հրապարակային խոսք մշակել ու հրամցնել իմացող մարդ մեր երկրում շատ քիչ կա: Շատ շատ քիչ, ես միայն 2-3-ին գիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ մեկն է նրանցից։ Այս ելույթին էլ հարկավոր է առնվազն նույն մակարդակի, կամ մի բան էլ ավել մակարդակի, խոսք հակադրել, որ ամեն ինչ տեղն ընկնի։ Առայժմ տեսնում եմ միայն հակադարձ աղմուկ եւ ոչ մի հիմնարար խոսք...» (www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155650314988378. 18.12.2016թ.)։

«Նույն մակարդակի» խոսք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին այդպես էլ չհակադրվեց։ Եւ դրա պատճառը ոչ թե սուբյեկտիվ է՝ ընդդիմախոսների գիտելիքներն ու ունակությունները, այլ օբյեկտիվ՝ ԽՈՍՔԻ հիմքում դրվելիք իրողությունների, փաստերի եւ փաստարկների բացակայությունը։

 

Լուռ մեծամասնությունը

 

Արձագանք կարող է լինել նաեւ լռությունը, երբեմն՝ ավելի կարեւոր եւ վճռորոշ։

1997–98-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հակամարտության կարգավորման ռազմավարությանը եւ խաղաղության հաստատման ծրագրին ընդդիմացածները հրապարակ նետեցին «պարտվողական քաղաքականություն» պիտակը ու դրան հակադրեցին իրենց «հաղթողական» կարգախոսները եւ ծրագրերը, «ստատուս-քվոն» պահելու՝ «արյունով գրաված հողերը» հետ չտալու ռազմավարությունը։ Դա էլ իր հերթին առիթ դարձավ մի քանի տասնյակ մարդկանց հայդատական, էժան հայրենասիրական հիստերիայի՝ անհնար դարձնելով բանական, առարկայական որեւէ բանավեճ ու քննարկում։

Ճիշտ է՝ այդ ընդդիմացումն ու հիստերիան հասարակական արձագանք չգտավ, եւ զանգվածներ դուրս չեկան փողոց այն պաշտպանելու։ Զանգվածներ դուրս չեկան փողոց նաեւ պաշտպանելու Նախագահի խաղաղության ծրագիրը եւ թույլ չտալու նրա հրաժարականը։ Ավելին ունենալու գայթակղությունը խնդրի քաղաքական նրբություններին քիչ տեղյակ նույն հասարակությանը դարձրեց մի տեսակ լուռ-չեզոք-զգուշավոր «հաղթողական» դիտորդ։

Հիմա հասարակության մեծագույն մասը կրկին լուռ է։ Սակայն շուրջ երկու տասնամյակ ձախողումների ականատես, ստատուս-քվոյի պահպանման, «հաղթողական» քաղաքականության սնանկությունը, դրա ողբալի հետեւանքների առարկայացումը տեսած եւ իր կաշվի վրա զգացող հասարակության լռությունն այլեւս բոլորովին այլ որակ եւ ուղղվածություն ունի։ Այն ակնհայտորեն ընդդեմ արկածախնդրության շարունակման եւ հօգուտ խաղաղության է։

***

Դժվար է պատկերացնել, թե մեկ անգամ արդեն մի ճանապարհով գնալով անդառնալի կորուստներ կրած ամբողջ մի ժողովուրդ երկրոդ անգամ կգնա նույն ճանապարհով։ Գեթ կործանման եզրին՝ պետք է որ արթնանա ազգի ինքնապահպանման իմաստուն բնազդը։ Հայաստանի հիմնադիր-նախագահի ելույթի՝ սույն հատորում ամփոփված արձագանքների փունջը հուշում է, որ այն, իրոք, գոյություն ունի։ Այդ բնազդը վերջապես պետք է մերժի ամեն տեսակ արկածախնդրություն եւ դառնա գիտակցումն այն բանի, որ՝

Հայաստանում կա մեկ հարց, մայր հարց, բանալի հարց՝ Խաղաղության, Հաշտության, Բարիդրացիության հաստատման հարցը։ Մնացած բոլոր հարցերը, այդ թվում, առաջին հերթին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը ածանցյալ են դրանից։

Եւ այսպես՝ ղարաբաղյան կարգավորման հարցը լակմուսի թուղթ է՝ առաջնային օրակարգ դարձված ճիշտ ժամանակին՝ ոչ միայն խնդրի լուծման պատեհության, այլ նաեւ նախընտրական շրջան լինելու առումով։

Բոլոր այն ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին եւ հստակ տեսակետ ու ծրագիր չեն ներկայացնում հայաստանյան քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցի մասին, ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ, քաղաքական շառլատաններ են եւ բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Բոլոր նրանք, ովքեր շրջանցում են այս հարցը կամ դա «լուծում են» բարձրագոչ փուչ կարգախոսներով, իրենց վրա են վերցնում Ապրիլյան պատերազմում, դրանից առաջ եւ հետո սահմաններում զոհվածների արյունը եւ մտնում նրա՛նց արյան տակ, ովքեր հարցի չկարգավորման զոհ կդառնան այսուհետեւ։

Աշոտ Սարգսյան

պատմական գիտությունների թեկնածու