17.03.2017 14:38

Միլեր. Մենք համաձայնեցինք, որ Հայաստանը կնվազեցնի ներքին սակագները սպառողների համար

Միլեր. Մենք համաձայնեցինք, որ Հայաստանը կնվազեցնի ներքին սակագները սպառողների համար

«Գազպրոմը» մտադիր է Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազով:

«Հայկական շուկայում արդյունավետության բարձրացման ներուժ ենք տեսնում ի հաշիվ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան իրանական գազով փոխանակելու գործողության», - ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին հայտնել է «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլերը:

Պարբերականը նշում է, որ Հայաստանը մտադիր է հաջորդ տարի բարձրավոլտ էլեկտրափոխադրող գիծ կառուցել,  որն էլ թույլ կտա իրագործել նշված գործողությունը:

Ներկայումս Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 150 դոլարով՝ 1000 խմ դիմաց: «Մենք նախորդ դեկտեմբերին Հայաստանի կառավարության հետ բանակցություններ վարեցինք եւ հնարավոր համարեցինք 2017-ի համար պահպանել արտոնյալ մակարդակը: Ընդ որում, մենք նաեւ համաձայնեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը կնվազեցնի ներքին սակագները Հայաստանի սպառողների համար, բայց դա հնարավոր եղավ այդ թվում՝ մեր ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ», - ասել է Միլերը:

Ամփոփելով՝ պարբերականը նշում է, որ «Գազպրոմն» արդեն մշակել է Հայաստանի գազային ոլորտի զարգացման սխեման, եւ դրա քննարկումը ՀՀ կառավարության հետ կարող է սկսել արդեն այս տարի:

Օրերս, հղում անելով Միլերի՝ վերը նշված խոսքերին, մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իբր «Գազպրոմը» համաձայնել է Հայաստանի համար գազի գնի նվազմանը՝ պայմանով, որ նվազում տեղի ունենա նաեւ ներքին սպառողների համար: