17.03.2017 16:12

Ավետիս Ավագյան. Խաղաղությունը Բաքվի բարի կամքի վրա չի հիմնված, այլ՝ օբյեկտիվ հաշվարկների

Ավետիս Ավագյան. Խաղաղությունը Բաքվի բարի կամքի վրա չի հիմնված, այլ՝ օբյեկտիվ հաշվարկների

Խաղաղության ծրագրի իրագործումը հիմնված չէ Ադրբեջանի բարի կամքի վրա, այլ՝ օբյեկտիվ հաշվարկների, տարածաշրջանում միջնորդների շահերի, երկրների ռազմական եւ տնտեսական պոտենցիալներ վրա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ավետիս Ավագյանը:

Պատասխանելով հարցին՝ որքանով կարելի է վստահ լինել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Բաքուն չի հարձակվի Հայաստանի ու Արցախի վրա, Ավագյանը նկատեց, որ նման հարցադրում անողները ենթագիտակցական վախ ունեն:

«Նրանք համարում են, որ Ադրբեջանը անխոցելի ապառաժ է, որին ոչ մի բան չի կարելի հարկադրել, եւ որը կարող է միջազգային հանրության կարծիքին հակառակ գնալ: Մենք համարում ենք, որ Ադրբեջանը նման ռեսուրս եւ հնարավորություն չունի: Կարծում եմ, որքան վտանգավոր է հակառակորդին թերագնահատելը, այնքան էլ՝ գերագնահատելը»,- նշեց Ավագյանը:

Ըստ պատգամավորության թեկնածուի, փաստերը համադրելիս պարզ է դառնում, որ եթե Բաքվի իշխանությունը հակառակվի միջազգային հանրության կարծիքին, միջնորդների կողմից ներկայացված պլանին, նա կարող է լուրջ մարտահրավերների առաջ կանգնեցնել իր ժողովրդին ու իր երկիրը: Մյուս կողմից, նրա խոսքով, խաղաղության ծրագիրն ընդունելով, Հայաստանը շահեկան վիճակում կհայտնվի:

«Այս իշխանությունները եկել են ղեկավարման ծայրահեղական լոզունգներով, հայտարարել են, որ Հայաստանը ոչ մի զիջելու բան չունի, եւ ստատուս քվոն հավերժ ձգելու իրենց քաղաքականությամբ նրանք միջազգային հանրությանը սխալ ազդակներ են ուղարկել: Նրանք չեն ուղարկել այն կառուցողական ազդակները, որոնք հնարավորություն կտային ճնշումները եւ կշտամբանքները շեղել դեպի Ադրբեջան:

Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը բավարար կառուցողական կամք դրսեւորի եւ միջազգային հանրությանը ցույց տա, որ ուզում է խաղաղություն, այդ դեպքում Ադրբեջանը կհայտնվի բարդ վիճակում», - նշեց Ավագյանը:

Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրի կենսունակությանը, ապա, ըստ Ավագյանի, 90-ականների իշխանություններն ապացուցել են, որ ունակ են դիվանագիտական մեթոդներով Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին հաստատել մի փաստաթուղթ, որից, ըստ այսօրվա իշխանությունների իսկ վստահեցման, Ադրբեջանը հրաժարվում է: