17.03.2017 18:20

Վահագն Խաչատրյան. «Տնտեսական բժիշկները» լավ չեն ուսումնասիրել Հայաստանի հիվանդությունը

Վահագն Խաչատրյան. «Տնտեսական բժիշկները» լավ չեն ուսումնասիրել Հայաստանի հիվանդությունը

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները խոստումներ տալու հետ կապված խնդիրներ չեն ունեցել, բայց դրանք իրականություն չեն դարձել, լրագրողների հետ զրույցում ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով պատգամավորթւայն թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը: նա հիշեցրեց Իրան-Հայաստան հարաբերությունների շրջանակում տված խոստումները՝ ՀԷԿ, երկաթգիծ, նոր ատոմակայան եւ այլ խոշոր օբյեկտներ կառուցելու մասին:

Խաչատրյանի խոսքով, տնտեսության զարգացումը կանգ է առել 2008-ի վրա եւ առաջ չի գնում:

«Կարծում եմ, որ բժիշկները լավ չեն ուսումնասիրել Հայաստանի տնտեսության հիվանդությունը, կամ ուսումնասիրել են, բայց ազնիվ չեն՝ մեզ ասելու, թե որն է խնդիրը: Հայաստանի տնտեսական խնդիրները տնտեսական դաշտում չեն գտնվում, այլ քաղաքական դաշտում: Եվ այդ քաղաքական խնդիրներից մեկն էլ այսօրվա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն է: Մյուս կոմպոնենտը երկրի կառավարման համակարգում առկա վիճակն է, որն արձանագրված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ծրագրում: Համակարգ, որին մենք տվել ենք «ավազակապետություն» անվանումը: Տարիներ շարունակ այդ ավազակապետական համակարգը հասարակակակն արդյունքի բաշխման այնպիսի սխեմա է ստեղծել, որ ապահով խավն ավելի  հարստանում, ավելի է ամրապնդում իր դիրքերը, իսկ անապահով խավը՝ հակառակը, ավելի ու ավելի աղքատ ու անապահով է դառնում: Արդյունքում երկրները դառնում են սնանկ, սնանկացնում են իրենց քաղաքացիներին, դարձնում նրանց անվճարունակ, անպատասխանատում, որեւիցե ակտիվության ու պատասխանատվության անընդունակ», - ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով, սա է պատճառը, որ այսօրվա կառավարությունն անընդհատ փորձում է ոգեւորել մարդկանց, բայց մարդիկ չեն ոգեւորվում, որովհետեւ խոսքերին չեն հավատում:

Տնտեսագետը համոզմունք հայտնեց, որ կառավարության խոստացած ներդրումները օգուտ չեն տա, որովհետեւ պետք էր նախ համակարգը փոխել, մինչդեռ հարցի քաղաքական լուծումից իշխանությունները խուսափում են: