17.03.2017 19:53

Մուսինյան. Իշխանությունն իրեն դուրս է դրել քաղաքական պատասխանատվության դաշտից (տեսանյութ)

Հայաստանյան գործընթացներում պետք է լինի քաղաքական պատասխանատվություն, ոչ թե խնդիրները լուծելու վերաբերյալ հայեցակարգեր, «Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը:

Նրա խոսքով, իշխող ուժը միշտ հղում է անում ինչ-որ ընթացակարգերի, բարեփոխումների, մինչդեռ խնդիրը քաղաքական պատասխանատվության չլինելու մեջ է:

«Կոռուպցիայի ոլորտում ներկայացնում են հայեցակարգեր, ընթացակարգեր, օրինագծեր եւ այլն, բայց ոչինչ չի փոխվում: Հարց ես բարձրացնում՝ ինչպես կարելի է թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանը, որը համարվում է կոռուպցիոն սխեմաների կնքահայրը, ուղղակի աշխատանքից ազատվի ու գնա: Եթե իշխանության ներսում կա գեթ 1 տոկոս կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ապա այդ հարցը պետք է քննվեր եւ այդ մարդը պատասխանատվության ենթարկվեր», - նշեց Մուսինյանը:

Նա նաեւ բերեց կրթության ոլորտի օրինակը. 1998 թվականին Հայաստանում եղել է 1-10 դասարաններում սովորող 602 հազար աշակերտ, այսօր այդ թիվը 300 հազարի մոտ է, բացի դրանից, բոլոր դպրոցները խորապես հանրապետականացված, կուսականացված են:

«Խոսում են կրթության ոլորտում բարեփոխումների մասին, բայց ժողովուրդը տեսնում է, որ աշակերտների թիվը պակասում է, դպրոցների կուսակցականացումը մոտենում է 100 տոկոսի, իսկ իշխող ուժը որեւէ պատասխանատվություն չի կրում դրա համար», - նշեց Մուսինյանը:

Նա նկատեց, որ իշխանության՝ պատասխանատվությունից դուրս լինելը չի կարող վատ ձեւով չանդրադառնալ երկրում տիրող գործընթացների վրա ցանկացած ոլորտում, մասնավորապես,  տնտեսական, սոցիալական, իրավական, անվտանգության, միգրացիոն եւ այլ ոլորտներում հետընթաց է արձանագրվել:

Ի դեպ, քննարկմանը մասնակից Դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Մուսինյանի խոսքին հայտարարեց, թե Հայաստանի խնդիրների արմատները դրվել են 1990 ականներին, մասնավորապես, ըստ դաշնակցական գործչի, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իբր առաջարկել էր «մեր անվտանգությունը մեր անպաշտպանության մեջ է» թեզը:

Ի պատասխան, Արման Մուսինյանը գրազ առաջարկեց՝ եթե Խաչատրյանը կարողանա հավաստի աղբյուր՝ տեսանյութ, տեքստ կամ ձայնագրություն բերել, որը կապացուցի, որ Տեր-Պետրոսյանը նման բան է ասել, ապա Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դուրս կգա ընտրապայքարից, եւ հակառակը, եթե չկարողանա ապացույցներ բերել ընտրապայքարից դուրս կգա Դաշնակցությունը: Խաչատրյանը խուսափեց գրազից՝ նշելով, որ իրավասու չէ ՀՅԴ անունից խոսել, բայց խոստացավ, որ «կփորձի ապացույցներ գտնել»: