17.03.2017 21:45

Աշտարակում Կոնգրես-ՀԺԿ-ի հավաքը վերածվեց բողոքի ու հիշատակի միջոցառման (տեսանյութ)

Աշտարակում նախատեսված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավային հանդիպումը վերածվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակի ու բողոքի միջոցառման: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Կոնգրես-ՀԺԿ շտաբի որոշմամբ,  այսօր քարոզարշավը չեղարկվել է:

Հավաքը մեկնարկեց լռության րոպեով:

«Սա բողոքի, և ըմբոստության ակցիա է, որն ուղղված է իշխանությունների դեմ: Իհարկե Արթուրի մահն անսպասելի էր, բոլորը շփոթված են, այդ թվում մենք, որ փորձեցինք ամեն ինչ անել՝ այս դեպքը չլինելու համար»,- ասաց Արամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով, իշխանությունների կողմից ամենաանմարդկային վերաբերմունքն այն էր, որ ծանր հիվանդությամբ Սարգսյանին կալանավորեցին երկրորդ անգամ:

«Մենք դեռ կպահանջենք բացահայտել մանրամասները, թե ինչ է տեղի ունեցել: Այս ամենն իսկապես համակարգի խղճին է, որ չունենալով որևէ հանցագործության հիմնավորում ազատամարտիկին, ծանր հիվանդություն ունեցող մարդուն, անմարդկայնորեն պահեցին էդքան»,- ասաց Արամ Մանուկյանը:

 Իր հերթին, պատգամավորության թեկնածու, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանն ասաց, որ Արթուր Սարգսյանը կատարել է մի արարք, որը պիտի իշխանություններն անեին:

«Անգամ տեռորիստներին են հաց տալիս են: Արթուր Սարգսյանն իր կյանքը վտանգելով, ինքը հացուջուր հասցրեց՝ փրկելով այս իշխանությունների դեմքը, բայց այս իշխանություններն այնքան նենգ էին ու դավադիր, որ իրենց  ճակատը պարզ պահող մարդուն անգամ դատապարտեցին մահվան»,- ասաց Մյասնիկ Մալխասյանը:

Մալխասյանը նշեց, որ իշխանությունների ճակատին դեռ կա Հոկտեմբերի 27-իու Մարտի 1-ի խարանը: Նրա խոսքով, քանի դեռ կա այս իշխանությունը, չի կարող մեր երկրում լինել արդարություն, արժանապատվություն:

«Մինչև ապրիլի երկուսը մենք ավելի խայտառակ բաների ենք հանդիպելու: Այսօր իրար փոր են թափում, իրար դանակահարում են, իրար վրա զենք են հանել իշխանություններն իրենց ներսում, գնալով ավելի է ահագնանում»,- ասաց Մյասնիկ Մալխասյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում

Լիլիթ Թադևոսյան