17.03.2017 21:54

Վարդան Մալխասյան. Թրքատիպ հայերից, ավաղ, չկարողացանք մաքրել երկիրը (տեսանյութեր)

Արթուրը գնաց գիտակից մահվան, նա մահը գերադասեց, նա մահը գերադասեց անազատ ապրելուց: Այսօր Աշտարակում հանրահավաքի ժամանակ խոսելով «հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին՝ ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Մալխասյանը:

«Նա մոմի պես հալվեց մեռնող հավատի առաջ, նահատակվեց, որ մենք մարդ լինենք, միասնական լինենք, սիրենք այս հողը, սիրենք ազատությունը և հավերժացնենք մեր երկիրը և ոչ թե թողնենք, որ անազգ, անհայրենիք թափթփուկը երկիրն ուտի ներսից, քայքայի: Մենք արդեն ավելի քան մեկ քառորդ դար պայքարում ենք, որպեսզի հայն իր հայրենիքում կարողանա ազատ ապրել, ազատ խոսել, ազատ շնչել, իր ուժն ու զորությունը հայն առնի այս երկրից և երկրին տա նաև իր ուժն ու զորությունը»,- ասաց Վարդան Մալխասյանը:

Նաև հավելեց, որ այդ պայքարի ընթացքում մենք հազարավոր զոհեր տվեցինք ղարաբաղյան ճակատամարտում, զոհեր տվեցինք նաև մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյաին, այդ ընթացքում հազարավոր զոհեր եղան իբր թե ոչ պատերազմական պայմաններում, և այդ բոլոր զոհերը նահատակվեցին, որ մենք ավելի ամուր և ուժեղ լինենք և ունենանք ազատ, անկախ և ուժեղ Հայաստան:

«Եվ մեզ հաջողվեց երկիրը մաքրել թուրքերից: Թուրքերից մաքրեցինք, բայց թրքատիպ հայերից, ավաղ, չկարողացանք մաքրել երկիրը, և հետագայում կյանքը ցույց տվեց, որ թրքատիպ հայը հարյուրապատիկ, հազարապատիկ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան բուն թուրքը»,-ասաց Վարդան Մալխասյանը:

Հանրահավաքի ժամանակ խոսեց նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Արագածոտնի մարզում ռեյտինգային մեկ այլ թեկնածու՝ Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ ընտրություններից երկու շաբաթ առաջ Արթուր Սարգսյանի մահանալը մեծ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը սթափության կոչն է՝  ուղղված նրանց, ովքեր մի կտոր հաց մուրալով պատրաստ են ընտրակաշառք վերցնել, բոլոր նրանց, ովքեր մի կտոր հացի գնով, ընտրակաշառքով պատրաստվում են նորից իշխանության մնալ, որ Արթուր Սարգսյանի նման մարդկանց, այս երկրի համար պատերազմի մասնակցած, հաղթած տղաներին բանտերում և զնդաններում պահելով հասցնեն մահվան դուռը:

«Արթուր Սարգսյանի հիշատակը հարգելու լավագույն ձևը նրա պայքարի դրոշը բարձր պահելն է անգամ նրա մահվան օրվանից սկսած՝ ընդդեմ այս իշխանությունների, որը գոյանում է միայն ընտրակաշառքի միջոցով»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Լիլիթ Թադևոսյան