18.03.2017 11:00

Սադյո Մանե. Կլոպը հրաժարվեց ինձ հրավիրել «Բորուսիա»

Սադյո Մանե. Կլոպը հրաժարվեց ինձ հրավիրել «Բորուսիա»

«Լիվերպուլի» պաշտպան Սադյո Մանեն պատմել է, որ կարող էր դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացողը։

«Շատ լավ եմ հիշում այդ հանդիպումը։ Մենք խոսում էինք ֆուտբոլի մասին։ Կլոպը պատմում էր, թե ինչ սխեմայով պետք է խաղա իր «Բորուսիան», և հասկացրեց, որ ես ընդգրկված չեմ իր ծրագրերում։ Բայց այդպիսի բաները նորմալ են։ Յուրաքանչյուր խաղացողի հետ կարող է պատահել։ Դրանից հետո ես շարունակեցի աշխատել, շատ ջանացի ու գնացի իմ նպատակներին ընդառաջ։ Հիմա մենք միասին ենք։ Մենք չենք հիշում այդ խոսակցությունը։ Կրկնեմ՝ այդ ամենը ֆուտբոլի մի մասն է։ Անիմաստ է մեղավոր փնտրել։

Անցած ամառ մարզիչը զանգեց ինձ ու խնդրեց տեղափոխվել «Լիվերպուլ»։ Դա հենց այն պահին էր, երբ ես պատրաստ էի տեղափոխության։ Հիմա ես «Լիվերպուլում» եմ և երջանիկ եմ հանդես գալ այսպիսի մեծ ակումբում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Կարմիրների պաշտոնական կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Մանեն բոլոր մրցաշարերում հանդես է եկել 27 հանդիպումներում, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Սենեգալի հավաքականի խաղացողը «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» տեղափոխվեց անցած ամառ 41 մլն եվրոյով։