18.03.2017 10:22

Հայոց ցեղասպանության փաստն ու հայ-թուրքական հարաբերությունների տեսլականը՝ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանի ներքո

Հայոց ցեղասպանության փաստն ու հայ-թուրքական հարաբերությունների տեսլականը՝ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանի ներքո

Հայաստանի թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության ռազմավարությունն ու մարտավարությունը մշակելիս, եթե ապագայում առաջնորդվենք «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով, ապա անխուսափելիորեն փոփոխության կենթարկվեն առօրյա կյանքի տարբեր ոլորտներում մինչ օրս ունեցած մեր բոլոր կարծրատիպերը, պատկերացումները, մոտեցումները, հայեցակարգերն ու դիրքորոշումները, իսկ արդյունքում կունենանք հիմնովին այլ աշխարհընկալում:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ձեւակերպված բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ, դրանց թվում նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ու Հայաստանի ապաշրջափակման կարեւորագույն խնդիրները, նույնպես իրենց նորովի լուծումը կգտնեն համապարփակ եւ իր ձեւակերպմամբ դիպուկ այս նշանաբանի կիրառման դեպքում:

«Հայ Ազգային Կոնգրես - Հայաստանի Ժողովրդական կուսակցություն» դաշինքի նախընտրական ծրագրում (հրապարակված iLur.am կայքում, 02.03.2017) նշվում է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության, անգամ նրանց գոյության հրամայականն է՝ դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր: Դրա համար առաջարկվում է հետեւողական ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թ.-ից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով Արցախի՝ որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացում: Ինչպես նաեւ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն՝ առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։ Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական գործընթացներին եւ նախագծերին։

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող խնդիրներն այս համատեքստում պատկերացնելու համար՝ սկզբից արձանագրենք առկա վիճակը, այնուհետեւ փորձենք ձեւակերպել դրանց բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի հիմնական սկզբունքները (սակայն դրանք, պարզ պատճառով, դեռեւս տարանջատելով արցախյան հիմնախնդրի լուծմանը միտված գործընթացներից):

Հայոց ցեղասպանության փաստը

Հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների ամենակնճռոտ եւ զգայուն խնդիրը՝Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ձգձգման հարցը: Համաշխարհային պատմությունն արձանագրել է Հայոց ցեղասպանության փաստը: Ավելի քան 1,5 միլիոն անմեղ մարդ ոչնչացվեց, եւ շուրջ կես միլիոն էլ սփռվեց աշխարհով մեկ: Դա տեղի ունեցավ 1894 -1923 թթ. Օսմանյան Թուրքիայի եւ նրա դաշնակից երկրների կողմից՝ Արեւելյան Անատոլիայի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա: Հայաբնակ նահանգների դեմոգրաֆիկ վիճակը քայլ առ քայլ փոխվեց պարբերական ջարդերի, բռնի տեղահանությունների եւ հավատափոխության միջոցով: Բնաջնջման այս հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացավ 1915թ. ապրիլի 24-ը:

Ամենեւին էլ պատահական չէ, որ աշխարհի բազմաթիվ պետություններ՝ ականատեսը լինելով այդ հանցագործության, պաշտոնապես դատապարտել եւ պահանջել են ներկայիս Թուրքիայից՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա արել են նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ: Իսկ 2015 թ.-ից սկսած՝ հարյուրամյա լռությունից հետո, այս հանցագործությունը ճանաչել եւ դատապարտել են նույնիսկ Թուրքիայի ավանդական դաշնակից որոշ պետություններ (Ավստրիան, Գերմանիան)՝ ընդունելով նաեւ իրենց ուղղակի կամ անուղղակի մեղսակցության մասնաբաժինը:

Այնպես որ, ներկայիս Թուրքիան  չի կարող հավերժ մերժել կամ խեղաթյուրել իր իսկ սեփական պատմության այդ դաժան էջերը:

Ընդ որում, ժխտողականության հարցում թուրք ժողովրդի ժամանակակից սերունդը մեղավոր չէ այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ նրան մատուցել են խեղաթյուրված պատմություն: Իսկ խեղաթյուրումը հետեւյալն է: Հայ խաղաղ ազգաբնակչության կոտորածների իրողութունը Թուրքիան տարիներ շարունակ տեղափոխում է մեկ այլ հարթություն՝ պնդելով, թե, իբր, իր երկրի ներսում հայերն անհնազանդության եւ անջատողականության փորձեր են արել՝ ապստամբությունների միջոցով, որոնք, իբրեւ թե, վերաճել են քաղաքացիական պատերազմի: Եվ իր երկրում կարգ ու կանոն հաստատելու նպատակով, Թուրքիան, իբր, ստիպված է եղել ճնշել այդ քաղաքացիական պատերազմը, իսկ դրա հետեւանքով՝ երկու կողմերից էլ եղել են զոհեր, որոնց թիվն անհամեմատ փոքր է եղել վերը նշվածից:

Այս վարկածն, իհարկե, հեշտությամբ հերքվում է, քանի որ, ինչպես նշվեց վերը, համաշխարհային պատմությունն արձանագրել է, որ իրականում՝ էթնիկ զտումների նպատակով, պարբերական ջարդերի, բռնի տեղահանությունների եւ հավատափոխության միջոցով, տեղի է ունեցել ազգային պատկանելության հատկանիշներով հայ խաղաղ ազգաբնակչության նպատակաուղղված, պետականորեն ծրագրված, կազմակերպված եւ դաժանաբար իրականացված փաստացի բնաջնջում՝ հենց հայերի պատմական տարածքների վրա: Այս հանցագործությունն՝ իր բնույթով եւ բոլոր հատկանիշներով, միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես՝ 1951 թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ համապատասխանում, գնահատվում եւ բնորոշվում է «Գենոցիդ» տերմինով (եզրույթով):

Ընդդիմախոսներից բազմիցս ենք լսել հետեւյալ հարցադրումը. «Ի՞նչ տարբերություն ձեզ համար (հայերի համար – հեղ.) կիրառվում է այս կամ այն բանաձեւում «Գենոցիդ» բառը, թե՛ ոչ»: Դե, եթե դուք իրոք չեք տեսնում այդ տարբերությունը եւ իրոք տարբերություն չկա, ապա ընդունեք եւ կիրառեք միջազգայնորեն սահմանված հենց «Գենոցիդ» տերմինը: Դրանից բացի, հնչում են նաեւ կարծիքներ, թե  իբր՝ ի համեմատ մեր օրերի արդի մարտահրավերների, Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը չի կարող կարեւոր նշանակության հարց դիտարկվել: Դե, եթե իրոք կարեւոր չէ, ապա պետք է մեկընդմիշտ ընդունել այն՝ միջազգային իրավունքի նորմերով սահմանված համապատասխան բանաձեւերով եւ հայտարարություններով, այլ ոչ թե իրավական գնահատականներ չպարունակող ինչ-որ անիմաստ բառախաղերով:

Այս երկու հարցադրումներից պարզ է դառնում, որ խնդիրն իրականում այն աստիճան կարեւոր է եւ արդիական, որ նույնիսկ ավելի քան 100 տարի անց՝ դեռ հանդիպում է այսօրինակ հուժկու դիմադրությունների:

Եվ ցավալին այն է, որ այսքանից հետո, այնուամենայնիվ, 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի ներկայիս իշխանությունների ստորագրած հայ-թուրքական հարաբերությունների մասին Արձանագրության կետերից մեկով նախատեսվում է ստեղծել Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողով:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման տեսլականը

Ակնհայտ է, որ հարյուրամյա վաղեմություն ունեցող Հայոց ցեղասպանության մինչ օրս շարունակվող ժխտողականությունն ու կեղծիքները Թուրքիայի կողմից, Հայաստանի շրջափակումը եւ միջազգային հանրության կողմից այդ ամենի նկատմամբ հանդուրժողականությունն ու, որպես դրա հետեւանք, անպատժելիությունը, ստիպում են Հայաստանին՝ թվարկված այդ գործընթացները դիտարկել եւ գնահատել որպես նույն այդ ցեղասպանության փաստացի շարունակություն եւ իր ազգային ու պետական անվտանգությանը սպառնացող շարունակական մարտահրավեր: Եվ Հայաստանը ստիպված է լինում, բնականաբար, քայլեր կատարել՝ իր պետական անվտանգությունն ապահովելու հույսով: Թվարկված այս բոլոր իրողություններն ու հանգամանքները վկայում են այն մասին, որ քանի դեռ Հայոց ցեղասպանության փաստը՝ չունենալով վաղեմության ժամկետ, լիովին չի ճանաչվել եւ չի դատապարտվել, այն մշտապես մնալու է արդիական եւ կարեւորագույն խնդիր ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի առաջադեմ մարդկության համար:

Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում, այսինքն՝ կոտորածի բարդույթից ձերբազատման դեպքում, ազգային եւ պետական անվտանգության ապահովման խնդիրը Հայաստանի համար լրջորեն վերաիմաստավորվում եւ տրամագծորեն փոխվում է: Այդ դեպքում, օրինակ, տարբեր քաղաքակրթությունների կիզակետում գտնվող եւ ցեղասպանություն վերապրած Հայաստանը, բնականաբար, մշտապես եւ առավել արդյունավետորեն ձգտելու է դիմակայել գերտերությունների անհարկի բեւեռացումներին, հարթել հակասությունները, չեզոքացնել տարբեր բացասական զարգացումներն ու հասունացող վտանգները մեր տարածաշրջանում եւ նրա շուրջը: Իրականացնելով զգուշավոր եւ հավասարակշռված քաղաքականություն՝ Հայաստանը կվերածվի այդ քաղաքակրթությունների միջեւ կարեւոր եւ վստահելի մի կապող օղակի,  նրանց միջեւ յուրօրինակ մի կամրջի: Եվ, ի թիվս այլոց, նաեւ սա կհանդիսանա տարածաշրջանային խաղաղության եւ կայունության երկարաժամկետ երաշխիքներից մեկը:

Այս պարագայում միջազգային հանրության կարեւորագույն խնդիրն է՝ ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, օգնել թուրք ժողովրդին, որպեսզի նա վերջապես իմանա ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, համաձայն որի՝ Թուրքիան պարտավոր է իրավական պատասխանատվություն կրել մարդկության դեմ կատարված հանցագործության համար: Ընդամենն այս պարզ մարդասիրական քայլն է պահանջվում ներկայումս միջազգային հանրությունից, որն արդեն ընկալելի է դարձել շատ-շատերի համար: Ավելին, Եվրամիությանն անդամակցելու հարցում, օրինակ, ի թիվս այլ պայմանների, Թուրքիային առաջադրված է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը, թեեւ ներկայումս այդ գործընթացը ժամանակավոր դժվարությունների է հանդիպում՝ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում ստեղծված արդի լարվածությունների հետեւանքով:

Այստեղ հարկ է հատուկ ընդգծել, որ Թուրքիայի Եվրաինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության համար անհրաժեշտ այլընտրանքային հնարավորությունների ընդլայնման առումով: Կասկած չկա, որ որպես տարանցիկ երկիր Հայաստանի տնտեսական զարգացման գրավականներից է նրա ներգրավվածությունը տարածաշրջանային բազմաբնույթ առեւտրա-տնտեսական, արդյունաբերական նախագծերում եւ ծրագրերում:

Այսպիսով, ամփոփելով եւ համադրելով վերը շարադրված բոլոր իրողությունները, գործոններն ու հանգամանքները, փորձենք ձեւակերպել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը միտված անհրաժեշտ քայլերի հիմնական սկզբունքները.

  1. Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանն ունի լուծելու ինչպես իր պետական անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ շփվելու համար անհրաժեշտ այլընտրանքային տարբերակների ստեղծման կարեւորագույն խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր կլինի կոտորածի բարդույթից ձերբազատման եւ խաղաղության հաստատման դեպքում:
  2. Անչափ կարեւոր է, որպեսզի Հայաստանն՝ աջակցելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնուամենայնիվ, դա չդարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքարը, այլ հակառակը՝ հաստատի հաշտությանն ու բարիդրացիությանը միտված պաշտոնական իր դիրքորոշումն ու հայեցակարգը:
  3. Հանուն հայ եւ թուրք ժողովուրդների համերաշխության եւ բարեկամության, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է նաեւ Թուրքիայի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերից, չպետք է թույլ տալ, որ ժխտողականությունն ու կեղծիքները վերաճեն հայ եւ թուրք ազգերի միջեւ հավերժ թշնամանքի կամ հայ-թուրքական միջպետական լուրջ հակամարտության:
  4. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացում չպետք է շեղվել պատմական իրականությունից, փոքրացնել, նվազեցնել մարդկության դեմ իրականացված այս հանցագործության նշանակությունը, թուլացնել դրա իրավական հիմքերն ու տեղիք տալ ստահոդ վարկածների:
  5. Խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության առաջարկված այս գործընթացում իր կարեւոր դերակատարությունն ունի, անկասկած, նաեւ միջազգային հանրությունը: Չէ որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելը հայերի խնդիրը լինելուց զատ՝ քաղաքակրթությանը զուգընթաց, վերաճել է նաեւ միջազգային հանրության խնդրի՝ բարոյականության եւ համամարդկային արժեքների մասին նրա ունեցած պատկերացումների շրջանակներում: Պետք չէ անչափ զգայուն այս հարցն առավել բարդացնել՝ այն  լռության մատնելով, նրանից խուսափելով կամ կեղծիքները շարունակելով ու պաշտպանելով: Ձգձգման պարագայում է, որ դրա բարոյական եւ այլ հետեւանքները շատ ավելի ծանր կլինի վերացնել, քան, եթե այն ընդունվի թեկուզեւ ուշացումով, բայց այսօր:
  6. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունների հարցը որոշ երկրների կողմից, ցավոք, շարունակում է վերածվել խաղաքարտի: Օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման զգայուն խնդրի հանգուցալուծումն այդ երկրները փորձում են կապել Թուրքիայի հետ ունեցած իրենց հարաբերությունների, իբր, վատթարացման վտանգով եւ Թուրքիայի զայրույթից, իբր, զգուշանալով: Սակայն այդ երկրների կողմից հետապնդվող իրական նպատակն, ակնհայտորեն, այլ է՝ հայերին վախեցնել, իբր, Թուրքիայից եկող մշտական սպառնալիքով: Այդպիսով, սակայն, այդ երկրները վիրավորում են, փաստորեն, հենց Թուրքիային եւ թուրք ժողովրդին՝ միջազգային հանրությանը ներկայացնելով նրանց, մեղմ ասած, ոչ լավագույն կողմից: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այսօրինակ արատավոր պրակտիկան եւ վիրավորական մոտեցումը թուրք ժողովրդի հանդեպ, ուստիեւ անհապաղ դադարեցնել նման սպառնալիքներ հնչեցնելը՝ դրանք գնահատելով եւ որակելով որպես այդ երկրների կողմից տարվող սադրիչ քաղաքականություն:
  7. Հակառակը՝քաղաքական կամք դրսեւորելով եւ վստահության մթնոլորտ ձեւավորելով, առանց որեւէ նախապայման առաջադրելու, կարելի է որպես լավագույն լուծում եւ առաջին քայլ դիտարկել երկու հարեւան երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ երկկողմ առեւտրա-տնտեսական, արդյունաբերական, մշակութային համագործակցության ծավալումը: Բարիդրացիության, փոխադարձ հարգանքի, երկխոսության այս մթնոլորտն էլ, թերեւս, թույլ տա, ի վերջո, երկուստեք պարզել, թե որքանով է հնարավոր Ցեղասպանության իրավական հետեւանքների վերացումը, դրա բարոյական ու նյութական վնասների հատուցումը:

Վարդան Մարկոսյան