18.03.2017 13:54

Վախճանվել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դերեկ Ուոլքոթը

Վախճանվել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դերեկ Ուոլքոթը

Պոետ և դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դերեկ Ուոլքոթը վախճանվել է Սենտ-Լյուսիա կղզու իր տանը: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը: Գրողը 87 տարեկան էր: Նրա մահվան պատճառները չեն մանրամասնվում:

Ուոլքոթը Նոբելյան մրցանակ է ստացել 1992 թ.՝ «վառ բանաստեղծական ստեղծագործության համար, որը հագեցած է պատմականությամբ և առանձնանում է իր նվիրվածությամբ մշակույթին՝ վերջինիս ամբողջ բազմազանությամբ հանդերձ»:

Ուոլքոթն ավելի քան 40 ժողովածուների և թատերգական ներկայացումների հեղինակ է: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Օմերոս» էպիկական պոեմը:

Ուոլքոթը երկար տարիներ դասավանդել է Բոստոնի համալսարանում և Հարվարդում: Բացի Նոբելյան մրցանակից՝ նա նաև Թոմաս Սթերնզ Էլիոթի մրցանակի դափնեկիր է:

Փոխանցում է lenta.ru-ն: