18.03.2017 21:29

Ջհանգիրյան. Չի կարելի վաճառել պապու, հոր գերեզմանը, նույնը ձեր քվեն է (տեսանյութեր)

«Ես Մարտունիի տարածքը մի քիչ լավ եմ ճանաչում, ձեզանից շատերին էլ եմ ճանաչում և եթե համեմատում եմ,՝ թեկուզ 3-4 տարվա վիճակը, տեսնում եմ, որ Մարտունին էլ է հետ գնացել»: Այդ մասին այսօր Մարտունիում կայացած նախընտրական հավաքի ժամանակ ունեցած իր ելությում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ եթե առաջ մարտունեցին արտագաղթում էր, գնում էր փող աշխատելու, բայց աշնան վերջին գալիս էր տուն, հիմա գնում են՝ ընտանիքին էլ հետն են տանում:

«Եվ որպեսզի մեր ժողովուրդը չթողնի իր հայրական օջախը, իր պապերի ու ապուպապերի գերեզմաններն ու դառնա գաղթական, մենք այս ընթացքը, երկրի կործանումը պիտի կանգնեցնենք: Տեղը դուք եք: Նոր մի ընկեր ինձ ասում է, որ Ռուսաստանից դեպորտ են արել, չեմ կարողանում գնամ Ռուսաստան, օգնի, որ գնամ: Ասում եմ՝ ընկեր ջան, ես քեզ եկել եմ համոզեմ, որ մենք ստեղ, էս երկրում իշխանություն փոխենք, որ էդ գնացածները հետ գան: Ես քեզ ո՞նց օգնեմ, որ դու գնաս: Տեսեք, մենք ասում ենք, որ խաղաղություն պիտի պարտադրենք Ադրբեջանին, համամիտ եմ, որ 20-25 տարի չի կարող ոչ խաղաղություն, ոչ պատերազմը ձգվի, բայց մենք ո՞նց պիտի պարտադրենք, եթե մենք զորակոչիկ չունենք, եթե մեր պայմանագրայինները չեն բավարարում, եթե ժողովուրդն էս երկիրը թողնում գնում է»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Այնուհետև նա ասաց, որ իշխանությունները երկու համապետական ընտրությունից թողեցին մեկը, իբր՝ սա ամենաանվտանգն է, (քանի որ  նախագահականն իրենց համար միշտ գլխացավանք էր), բայց իրենք չեն հասկանում, որ այս իշխանության տերը, կրողը ժողովուրդն է: Ջհանգիրյանի խոսքով, եթե իշխանությունները ճար ունենային, այս ընտրությունն էլ կհանեին, բայց չեն կարող, քանի որ աշխարհում թագավորական դինաստիաներ հիմա չեն ստեղծվում:

«Հիմա դուք պետք է ձևավորեք էն պառլամենտը, էն օրենսդիր մարմինը, որն առաջիկա հինգ տարում պիտի պատասխանատու լինի, նաև գործադիրի հետ միասին, ձեր առաջ: Եթե դուք տրվելու եք ինչ-որ խոստումների, ինչ-որ ահաբեկումների, ինչ-որ ճնշումների, մեկին քվեարկելու եք, մի քաղաքական ուժի բերելու եք իշխանության, հինգ տարի դուք նրան չեք տեսնելու: Նա ձեր առաջ հաշվետու չի լինելու»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Այնուհետև նա նշեց, որ չի կարելի անգին ապրանքը վաճառել, օրինակ՝ պապու, հոր գերեզմանը, հայրական տունը, նույնը քվեն է, դա գին չունի, դա «ձեր երեխայի, ձեր թոռան» ապագան է:

Իսկ Վարդենիսում Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց քաղաքացիներին քվեարկել խղճով, քվեարկել ազատ և համոզմունքով՝ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերի դաշինքների օգտին, ում որ հավատում են և ում հետ հույս են կապում:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Լիլիթ Թադևոսյան