18.03.2017 22:00

Դեմիրճյան. Փոխանակ նորմալ ընտրություններ անցկացնեն, վերացրեցին նախագահական ընտրությունները (տեսանյութ)

Նախագահական ընտրությունները վերացրեցին, որովհետև մշտապես պարտվում էին, գտան լուծում՝ փոխանակ նորմալ ընտրություններ անցկացնեն, վերացրեցին այդ ընտրությունները: Այսօր Մարտունիում նախընտրական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Թողեցին միայն խորհրդարանական ընտրությունները՝ մտածելով, որ սա ավելի հեշտ ճանապարհ է վերարտադրվելու համար: Մենք պետք է սթափ գիտակցենք, եթե հաղթեց ընտրակեղծիքը, եթե հաղթեց ընտրակաշառքը, այս երկրում ոչ մի դրական փոփոխություն չի կարող լինել: Դա նպաստելու է արտագաղթի աճին, դա էլ ավելի է խորացնելու հուսալքությունը, դա վտանգելու է մեր երկրի, մեր երեխաների ապագան: Ուրեմն՝ ապրիլի 2-ին, պետք է մերժենք ընտրակեղծիքը, մերժենք ընտրակաշառքը, մերժենք այն ուժերին, որոնք այս երկիրը հասցրել են այս վիճակին»,- ասաց Դեմիրճյանը:

Ապա նշեց, որ երբ իրենք խոսում են խաղաղության մասին,  դա չի նշանակում խաղաղություն՝ ամեն գնով: Դեմիրճյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում պետք է ի վիճակի լինել  պարտադրել խաղաղություն, և Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով հարցին լուծում չկա:

«Խաղաղության հաստատումը կնպաստի մեր երկրի զարգացմանը, նոր հեռանկարներ կբացի մեր երկրի առաջ, բայց սա չի նշանակում, որ եթե չկա խաղաղություն, այս վիճակը կարող ենք արդարացնել ղարաբաղյան հակամարտությամբ կամ այլ արտաքին գործոններով: Դրանք, իհարկե, ազդում են, բայց արդարացնել այս վիճակը չի կարելի միայն արտաքին գործոններով: Այս վիճակին հասցրել են կոնկրետ քաղաքական ուժեր, կոնկրետ մարդիկ և սրա համար պետք է պատասխան տան»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան