18.03.2017 22:07

Զոյա Թադևոսյան. Պատգամավորը ասֆալտապատող գործարար չէ, այլ ձեր շահերի մասին մտածողը (տեսանյութ)

Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի ուժեղ, իրականում վճռական, չվախեցած ժողովրդի առջև կանգնել և խոսք ասել: Այսօր Մարտունիում նախընտրական հանրահավաքի ժամանակ ունեցած իր ելույթում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Զոյա Թադևոսյանը:   

«Երևանում լուրեր են տարածվում, թե գյուղերում բոլորը վախեցած են: Վախենում են քաղաքապետից, վախենում են գյուղապետից, ես կարծում եմ, որ գյուղապետն ու քաղաքապետը վաղուց պետք է ձեզանից վախեցած լինեին, ուղղակի դուք ձեր ուժը չեք ցույց տվել: Այ, եթե հիմա ձեր ուժը ցույց տաք, արդեն նախագահն էլ ձեզանից կվախենա, որովհետև երկրի տերը դուք եք, ուրիշ տեր այս երկիրը չունի: Ժամանակն է, որ բոլորս հասկանանք, որ բոլոր նրանք, ովքեր պաշտոն են ուզում, ովքեր ուզում են գյուղապետ դառնալ, քաղաքապետ կամ թաղապետ, կամ երկրի նախագահ, գալիս են ձեր դուռը, գալիս են ձեզ խնդրելու, աղաչելու, համոզելու, որ իրենց ձայն տաք: Հիմա մենք էլ ենք եկել ձեզ խնդրում, որ մեզ ձայն տաք, բայց դա անում ենք բարոյական ճանապարհով: Մենք ուզում ենք՝ մեր գաղափարին ձայն տաք, խաղաղության ծրագրին ձայն տաք, այն  համոզմունքին ձայն տաք, որ մենք ձեզ ծառայելու ենք»,- ասաց  Զոյա Թադևոսյանը:

Նա նշեց, որ մնացածը խոսքով հմայում են  ժողովրդին ու խոստումներ տալիս, բայց դրանք սուտ, դատարկ խոսքեր են, գուցե ասֆալտեն, բայց արդյո՞ք ժողովրդին ասֆալտ է պետք, թե՞ կայուն աշխատանք:

Այնուհետև նա նկատեց, որ ԱԺ պատգամավորն ասֆալտապատող գործարար չէ, այլ պարտավոր է ժողովրդի շահերի մասին մտածել, թույլ չտալ, որ ժողովրդի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվեն, պատգամավորը պետք է հարգի իր ընտրողին, նրա իրավունքը և չպետք է ճնշի նրան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան