18.03.2017 22:30

«Ատլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2. «արքայական ակումբ»-ը հաղթում է կարևոր խաղում (տեսանյութ)

«Ատլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2. «արքայական ակումբ»-ը հաղթում է կարևոր խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Նուեվո Սան Մամես» մարզադաշտում մրցում էր Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ:

Կարիմ Բենզեմայի և Կազեմիրոյի խփած գոլերը հերթական 3 միավորը պարգևեցին Զինեդին Զիդանի թիմին, ինչը նշանակում է, որ անկախ «Բարսելոնա»-ի գրանցած արդյունքից, «Ռեալ»-ը կշարունակի գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:

Դաշտի տերերը լավ սկսեցին հանդիպումը, սակայն աստիճանաբար սկսեցին սխալվել պաշտպանությունում, ինչից օգտվեցին «սերուցքայինները»։ 25-րդ րոպեին «Ատլետիկի» պաշտպանության անհամակարգված խաղի արդյունքում Կարիմ Բենզեման, փոխանցում ստանալով Կրիշտիանու Ռոնալդուից, բացեց հաշիվը։ 

Երկրորդ կեսի մեկնարկում ևս Էրնեսդե Վալվերդեի սաներն ունեին նկատելի առավելություն և պարբերաբար վտանգավոր պահեր ստեղծելով Կեյլոր Նավասի դարպասի մոտ՝ կարողացան վերականգնել հավասարությունը․ 65-րդ րոպեին աչքի ընկավ Արից Ադուրիսը։ Սակայն, «Ատլետիկի» ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտևեց․ ընդամենը 3 րոպե անց Կազեմիրոն խփեց մադրիդյան թիմի երկրորդ գոլը։ Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։ 

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 65 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» գերազանցում է 5 միավորով։ «Ատլետիկը» մնաց 44 միավորով՝ 7-րդ տեղում։ 

«Ատլետիկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2

0:1 Բենզեմա (25'), 1:1 Ադուրիս (65'), 1:2 Կազեմիրո (68')