20.03.2017 11:47

Թրամփը Պուտինին «աշխարհ տեսած մարդ» է համարում

Թրամփը Պուտինին «աշխարհ տեսած մարդ» է համարում

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրած պահպանողական Fox News հեռուստաալիքի եթերում իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «աշխարհ տեսած մարդ»:

«Ես նրան չեմ ճանաչում, բայց ակնհայտ է, որ նա ընկած-ելած մարդ է: Ես չգիտեմ, թե նա ինչ է անում Ռուսաստանի համար, բայց ենթադրում եմ, որ երբևէ մենք դա կիմանանք»,- հայտարարել է նա:

Հաղորդավարը խնդրել է սեղմ բնութագրել մի քանի հայտնի անձանց: Պուտինի վերաբերյալ Թրամփը գործածել է tough cookie խոսակցական արտահայտությունը, որը կարելի է թարգմանել  ճարպիկ, կռվազան, «պինդ ընկույզ»:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամը խոստացել էր «շատ-շատ լավ հարաբերություններ Պուտինի հետ», բայց վերջին շրջանում՝ Կոնգրեսում և լրատվամիջոցներում հնչող քննադատությունից,  ռուսաստանցի պաշտոնյաների հետ անդրկուլիսյան շփումների մեջ մեղադրանքներից հետո ԱՄՆ նախագահը գերադասում է ավելի զգույշ արտահայտվել:

Փոխանցում է BBC-ն: