20.03.2017 12:06

Գագիկ Քամալյան. Քաղաքական մոլորության մեջ գտնվողը չի կարող լուրջ քաղաքականություն իրականացնել

 Գագիկ Քամալյան. Քաղաքական մոլորության մեջ գտնվողը չի կարող լուրջ քաղաքականություն իրականացնել

Պատերազմի ուժերն այդպես էլ չհասկացան, թե ինչ է նշանակում պատասխանատվություն ստանձնել պետության առջև: Նրանք եկել են իշխանության արկածախնդրությամբ ու այդ արկածախնդրությամբ էլ շարունակում են իշխել, ու իրենց իշխանությանը զուգահեռ՝ ստեղծել են այնպիսի քաղաքական դաշտ, որ թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր՝ խոսում են նույն բանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ:

Այսօր ես կցանկանայի խոսել այն սուբյեկտներից, ովքեր անպատասխանտու հայտարարություններով խաղաղության պայմանագրի էությունը գիտակացաբար նույնականացնում են զինադադար կոչվածի հետ:
Ի՞նչ է նշանակում զինադադար. դա պատերազմի ժամանակ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցումն է, այսինքն՝ պատերազմը չի ավարտվել, ու այն ամեն օր կարող է մտնել ակտիվ գործողության մեջ: Այս պարագայում նշանակում է, որ մենք անկախության առաջին օրից մինչև այսօր գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես՝ մի տարբերությամբ. եթե սկզբնական շրջանում ակտիվ պատերազմական գործողությունների ու հազարավոր զոհերի գնով ունեցանք հաղթանակներ, տարածքային նվաճումներ, ապա 1994 թ. զինադարից հետո չենք ունենում ոչ մի ձեռքբերում, բայց կրկին ունենում ենք զոհեր:
Հիմա եկեք խոսենք, թե ի՞նչ է փոխվելու մեր կյանքում, եթե պատերազմի  դիրքերից հանդես եկող x քաղաքական ուժը կամ ուժերը  հաղթանակ տոնեն ընտրություններին։ Ոչինչ չի փոխվելու, որովհետև եթե նրանք, ըստ էության, շարունակելու են պատերազմի քաղաքականությունը, ապա նրանց ասածներն ընդամենը կլինեն բուտաֆորիա, իսկ  իրականում՝ նրանք կուլիսների հետևում շարժվելու են նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ գործել են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Զինադադարի ընթացքում շարունակելու են զոհվել մեր երեխաները, ու կզհովեն այնքան ժամանակ, քանի դեռ զինադադարի պայմանգիրը չի վերածվել խաղաղության պայմանագրի:

Ասում են՝ Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության պայմանգիր։ Իսկ ձեզ ի՞նչ է թվում՝ որ դիվանագիտությունը նրա համար է, որ նստեք ու սպասեք, թե ե՞րբ է Ադրբեջանը դադարեցնելու իր հայատյաց քաղաքականությունը, իսկ մենք դրա արդյունքում պետք է ստեղծենք խաղաղությու՞ն… Հարգելիներս, դիվանագիտության հիմքում ո՛չ միայն պետք է լինի արհեստավարժություն, այլ նաև պետք է պետական մակարդակով վարվի խնդիրներ հաղթահարելու   քաղաքականություն: Աշխարհում ո՛չ մի պատերազմական վիճակ չի հաղթահարվել բարի կամքի դրսևորման սպասումով, այլ հստակ ձևով պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, ինչի արդյունքում կողմերը եկել են կոմպրոմիսի: Բացատրելի է, երբ նման քաղաքական առումով դեստրուկտիվ հայտարարություններով հանդես են գալիս ֆիդայիներն ու ֆեյսբուքյան ստատուսագիրները, բայց երբ երկրի դիվանագիտական կորպուսը ներկայացնող անձինք են նման բաներից խոսում, արդեն պարզ է լինում, որ ևս մի քանի տարի, ու մենք ամբողջապես կմսխենք մեր հաղթանակները:

Հաջորդ մոլորեցնող քարոզն այն է, որ մշտապես պնդում են, թե իբր Ադրբեջանը երբեք չի հանգստանա, ու եթե այսօր գնանք փոխզիջման, ապա վաղը նա շատ ավելին կցանկանա… Առաջին հայացքից՝ այս ամենը սովորական զգուշավորություն կթվա, բայց իրականում հենց այստեղ է թաքնված այն ամբողջ պրովոկացիան, որի հետևանքով երկու հարևան ժողովուրդներին ստիպում են վարել հավերժ պատերազմողի քաղաքականություն: Այսօր  Ադրբեջանում և Հայաստանում այդ քարոզը իրականացնում են իշխանական ու, իմ բնորոշմամբ, գավառական ազգայնականության ընկալումներով  էլեմենտները, ու եթե առաջին կոնտինգենտը այդ քարոզն իրականացնում է հանուն գրպանային շահերի, ապա երկրորդն այդ ամենն անում է պարալոգիայի սկզբունքով, այսիքն՝ ոչ դիտավորյալ ձևով: Այս մարդիկ համոզում են բոլորիս, որ մենք և ադրբեջանցիները անհամատեղելի ժողովուրդներ ենք ու երբեք չենք կարող հաշտ ապրել, որովհետև եթե դու պնդում ես, որ Ադրբեջանը երբեք չի գնա խաղաղության, ապա դու անուղղակիորեն պնդում ես անհամատեղելիության մոտեցումը։ Ինչպես գիտենք, անհամատեղելի ժողովուրդներ չկան աշխարհում, որովհետև ցանկացած հակամարտության հիմքում կա քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ ցանկացած հակամարտություն, ճկուն քաղաքականություն իրականացնելու դեպքում, հնարավոր է կարգավորել:

Ադրբեջանին չհավատալու հաջորդ մոլորությունն այն է, որ բացի նրանից, որ խոսվում է անհամատեղելիության մասին, նաև այստեղ հստակ ձևով ՀՀ քաղաքացուն համոզում են, որ երբեք չի կարելի համարձակորեն հավատալ հայկական պետականությանը, այսինքն՝ այս դեպքում էլ անուղղակիորեն ՀՀ քաղաքացուն պահում են մշտական վախի գիտակցությամբ, իսկ վախի մեջ ապրող հասարակությունը  չի կարող ստեղծել մրցունակ պետականություն: Չի կարելի հայաստանցի մարդուն համոզել, որ ինքը մշտապես ապրելու է թշնամու հարևանությամբ, ընդհակառակը, այսօր պետք է բոլորս հասկանանք, որ շատ բնագավառներով ունիֆիկացվող աշխարհում պետք է քարոզել ինտեգրվելու գիտակցություն: Մենք շատ ավելի մարտունակ բանակ կունենանք այն ժամանակ, երբ թշնամանքի վրա կառուցվող հայրենասիրական ինքնադրսևորումները  փոխարինենք արհեստավարժությամբ կատարվող պաշտպանությամբ:

Հիմա խոսենք  միջազգային հանրությանը չհավատալու պատմական վախի առկայության մասին: Սա ևս մոլորություն է, որն արդեն ունի հարյուրամյա պատմություն: Հայաստանցի մարդուն համոզել են, որ միջազգային հանրությունը մշտապես հայկական հարցում չի դրսևորել ու չի դրսևորելու սկզբունքայնություն ու մեզ մշտապես  դնելու է զոհասեղանին: Բայց իրականությունը լրիվ այլ է, ու ողջ մեղքը ոչ թե միջազգային հանրության անուշադրությունը կամ անսկզբունքայնությունն են եղել, այլ հայկական քաղաքական ու մշակութային էլիտաների անհեռատես քաղաքականության արդյունքն է, որ միջազգային հանրությունը երբեմն-երբեմն  ցուցադրել է հայկական կողմի հանդեպ կոշտ դիրքորոշում: Հարյուր տարի առաջ իշխող էլիտան, երկակի խաղ խաղալով միջազգային հանրության հետ, վերջում հայտնվեց կոտրած տաշտակի առաջ ու դրանից հետո սկսեց մեղավորներ փնտրել արևմուտքից մինչև արևելք՝ չհասկանալով, որ աշխարհաքաղաքական գործընթացների հիմքում պետք է դնել ռեալ հաշվարկեր, այլ ոչ թե  զգացմունքներից եկող ցանկություններ: Այսօր էլ միջազգային հանրությունը պատրաստ է մեզ ձեռք մեկնել ու աջակցել, բայց մենք կրկին, ցանկությունը խառնելով իրական հնարավորությունների հետ, չենք ուզում հավատալ միջազգային հանրության խաղի կանոններին: Ի՞նչ է ուզում մեզանից աշխարհը. ոչինչ, բացառությամբ մեկ բանի՝ վերցնելու ու տալու մշակույթի  գործածում, ինչը մենք այդպես էլ չենք սովորել ու շարունակում ենք մեր պնդաճակատությունը։ Չկա աշխարհում այնպիսի զարգացած պետական միավոր, որ այդ սկզբունքը իրականցրած չլինի, որովհետև այլ հարաբերությունների մշակույթ չկա աշխարհում:

Վերջում եկեք խոսենք ամենակարևորի՝ խաղաղ գոյակցությամբ տարածաշրջանի մասին: Սա է հենց այն  կարևորագույն քաղաքական հանգույցը, որը մեզ կտա զարգացում: Սա է բոլոր տեսակի ինտեգրացիաների հիմքը, որովհետև պատերազմող երկիրն ու տարածաշրջանը երբեք չեն կարող լիարժեքորեն և ո՛չ մի տեսակ տնտեսական ու քաղաքական համակարգի ինտեգրվել, քանի դեռ շուկաներն իրար կապող ճանապարհները փակ են: Բաքուն, Երևանը ու Թբիլիսին պետք է կապվեն միմյանց հետ: Անդրկովկասը պետք է դառնա մեկ տնտեսական միավոր, քանզի այլ ճանապարհ չկա: Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլևս չպետք է լինեն մաքսային անցակետեր: Սահմանի վրա պետք է երիտասարդը առևտո՛ւր անի, այլ ոչ թե մշտապես զենքը ձեռքին ընդառաջ գնա մահվան: Ասում են՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց նաև պետք է իմանանք դրա գինը, ես էլ ասում եմ՝ դուք չեք ուզում խաղաղություն, որովհետև դուք իրականում գտնվում եք քաղաքական մոլորության մեջ, իսկ մոլորվածը երբեք լուրջ քաղաքականություն իրականցնել չի կարող:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ